ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
- Armen Sukiasyan
- Nov 26, 2024
- 2 min read

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր ժամեր շարունակ համոզում էր Սահմանադրական դատարանին, որ 102 միլիոն եվրո նոր վարկ վերցնելն անհրաժեշտ է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համար։ Հնչեցին տարբեր կարծիքներ, իր առարկությունները հայտնեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ գումարը վերցնում են մի ծրագրի համար, որը փաստացի չկա, ոչ ոք չգիտի, թե այդ գումարները որտեղ են ծախսվելու, ինչի համար են վերցնում, քանի որ օրենքը դեռ չի ընդունվել: Մինչդեռ միայն օրենքը կարող է որոշել, թե ապահովագրական համակարգ ներդնելը որքա՞ն գումար է պահանջելու, իսկ այդ օրենքը բացակայում է:
Խորհրդակցական սենյակ հեռանալուց ժամեր անց ՍԴ-ն հրապարակեց որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրական են: Այսինքն, թույլ տվեց նոր վարկ վերցնել մի գործընթացի համար, որը կարգավորող օրենքը խորհրդարանը դեռ չի ընդունել: Պարզ չէ, թե այդ փողն ով է տնօրինելու, երբ, ինչի համար: Իսկ գուցե Ազգային Ժողովն առհասարա՞կ նման օրենք չընդունի:
Մենք տեղեկացանք, որ Հրայր Թովմասյանը դեմ է քվեարկել այս որոշմանը, իսկ Երվանդ Խունդկարյանն ու Սեդա Սաֆարյանը Հատուկ կարծիք են գրել։ Մյուս դատավորները կողմ են քվեարկել եւ որոշումն անցել է` ինչպես նոր ՍԴ-ում անցնում են իշխանության բոլոր որոշումները:
ՍԴ նախորդ քննարկման ժամանակ մենք մի զարմանահրաշ երեւույթի մասին իմացանք, որ կողմ քվեարկող դատավորներն էլ են երբեմն Հատուկ կարծիք գրում, չնայած ենթադրվում է, որ Հատուկ կարծիք գրում են այն դատավորները, որոնք դեմ են ընդունված որոշմանը: Ուստի փորձեցինք ճշտել` ինչպես են քվեարկել Հատուկ կարծիք գրած դատավորները:
Սեդա Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է քվեարկել այդ որոշմանը, քանի որ իր համար առնվազն պարզ չէ, թե այդքան գումարն ի՞նչ նպատակով է պետությունը վարկ վերցնում։
«Առաջիկայում կհրապարակեմ իմ Հատուկ կարծիքը, որը կապված է գումարի չափի եւ ծրագրերի իրականացման, հիմնավորվածության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ ծրագրով ինչ նախատեսված է` պետք է հիմնավորվի, այդքան մեծ գումար են վերցնում` պետք է հիմնավորեն, թե ինչու»,- ասաց նա։
Ըստ Սաֆարյանի՝ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն, իհարկե, բավարար չափով հասկացրել է, թե ինչի վրա պետք է ծախսվի վարկը, բայց այդ հիմնավորումները, ՍԴ դատավորի խոսքով, պետք է ոչ թե բանավոր ասվեին, այլ գրավոր ներկայացված լինեին ծրագրում։ «Եթե ես առանձին կարծիքի եմ մնացել եւ զեկուցող է փոխվել, ուրեմն իմացեք, որ ես այլ կարծիքի եմ եղել»,- ասաց նա։



















