top of page

«Պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները կայացվել են «այլընտրանք չկա» բառերի ուղեկցությամբ». Դավիթ Անանյան

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար։ Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի։


Դավոսից քաղվող գլխավոր դասն այն է, որ


աշխարհում որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կա ուժ, կանխատեսելիություն և վերահսկողություն։ Մնացածը՝ կոչվում է ձևակերպում, կամ մեկնաբանություն։


Եվ հենց այստեղ են սկսվում Հայաստանի իրական մտահոգությունները։


Մեր իրական մտահոգությունը երբեք չպիտի լինի տոկոսների շուրջ` 24%, 25% թե 26%։ Թվերը միշտ էլ փոփոխական են եղել պատմության մեջ, իսկ իշխանությունները՝ միշտ անցողիկ։


Մեր իրական մտահոգությունն այն է, թե ով է որոշում, ով է սահմանում խաղի կանոնները, և ամենակարևորը՝ ո՞ւմ հաշվին է ձևավորվում այդ «կապակցվածությունը», որի անունով այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ «անխուսափելի» է։


Պետության ինքնիշխանությունը չի կորչում մեկ օրում և մեկ ստորագրությամբ։ Այն քայքայվում է աստիճանաբար՝ երբ որոշումները կայացվում են քո փոխարեն, երբ քո մասնակցությունը ձևական է, իսկ քո լռությունը ներկայացվում է որպես համաձայնություն։


Երբ հասարակությանը սկսում են զբաղեցնել սցենարներով ու ենթադրություններով, իսկ իրական քննարկումը՝ կապված պետական շահի, վերահսկողության մեխանիզմների, անվտանգության և արժանապատվության հետ, մնում է ստվերում` դա արդեն ազդանշան է։


Ոչ մի նախագիծ ինքնին ո՛չ փրկիչ է, ո՛չ կործանարար։ Այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ պետությունը ներսից թույլ է, իսկ հանրությունը՝ անտարբեր ու անվստահ։


Եվ եթե այսօր մեզ հուշում են, որ «այլընտրանք չկա», ապա հենց դա է այն պահը, երբ պարտավոր ենք հիշել՝ պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են հենց այդ բառերի ուղեկցությամբ»:

 
 
bottom of page