Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել նաև Արման Սարոյանի դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ արված Արման Սարոյանի դեմ։ Հիշեցնենք, որ մինչ կարգալույծ հռչակվելը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Մասնոտյաց թեմի առաջնորդն էր։
Դիմումը դատարանը ստացել է հոկտեմբերի 28-ին, 29-ին այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանին։
Սրբազանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանող Արման Սարոյանին հրապարակայնորեն հերքել հայցվոր Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ 30.09.2026.-ին «FreeNews Armenia» առցանց հարթակում հեռարձակված հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «30.09.2026.-ին «FreeNews Armenia» առցանց հարթակում հեռարձակված հարցազրույցի ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում պատասխանող Արման Վոլոդյայի Սարոյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։
Սրբազանը պահանջում է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:



















