top of page

«Ուժեղ ղեկավարը չի կարող փրկել թույլ պետությունը, ՀՀ-ին պետք են ուժեղ ինստիտուտներ»․ Արման Բաբաջանյան

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 2 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում են՝ Հայաստանին «ուժեղ ղեկավար» է պետք։ Բայց պատմությունը ցույց է տվել՝ ուժեղ ղեկավարը չի կարող փրկել թույլ պետությունը։


Սադամ Հուսեյնը ուներ հսկայական բանակ, լիակատար վերահսկողություն, «ուժեղ ձեռք»։ Արդյունքը հիշո՞ւմ եք: Մի քանի շաբաթում Իրաքը կորցրեց պետության ողնաշարը, որովհետև ամեն ինչ հոնված էր մեկ մարդու վրա։


Քադաֆին 40 տարվա «ուժեղ առաջնորդ» էր։ Երբ նա ընկավ, Լիբիան ընկավ նրա հետ միասին՝ այն վաղուց պետություն չէր․ ինստիտուտներ չկային, միայն անձնական իշխանություն էր։


Վենեսուելայում Մադուրոն պահեց իշխանությունը «ուժով», բայց երկիրը կորցրեց տնտեսությունը, արժույթը, մարդկանց ապագան․ միլիոնավոր մարդիկ փախան։ Սա՞ է ուժը։ Որտե՞ղ է Մադուրոն հիմա:


Հիմա նայեք հակառակ օրինակները․ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ղեկավարները գուցե ուժեղ չեն, շատ հաճախ փոխվում են, բայց պետությունը չի ցնցվում։ Ոչ ոք չի հարցնում՝ «ուժեղ է արդյոք վարչապետը կամ նախագահը»։ Հարցը մեկն է՝ աշխատո՞ւմ են ինստիտուտները, դատարանը անկախ է՞, բանակը համակարգ ունի՞, կա՞ վերահսկողություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն։


Սա է իրական տարբերությունը․


Ուժեղ ղեկավարը փոխարինում է պետությանը։


Ուժեղ ինստիտուտները պաշտպանում են պետությունը ցանկացած ուժեղ կամ թույլ ղեկավարից։


Ցանկացած «ուժեղի» նկատմամբ միշտ կգտնվի ավելի ուժեղը թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։


Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ, բայց ավելի շատ պետք են ուժեղ ինստիտուտներ, Հայաստանին պետք է ուժեղ պետություն։ Իսկ ուժեղ պետությունը կառուցվում է օրենքով, համակարգված աշխատանքով և ինստիտուտներով։


Հետևաբար «ուժեղ ղեկավարը» այն մարդը չէ, ով ամեն ինչ իր ձեռքում է պահում, այլ նա, ով կառուցում է ուժեղ ինստիտուտներ․ օրենքի իշխանություն, անկախ դատարան, պրոֆեսիոնալ բանակ, հաշվետու կառավարում, վերահսկողություն ու հակակշիռներ։


Նա է ուժեղը, ով իր անձնական ուժը չի դարձնում պետության հենարան, այլ ծառայեցնում է պետությանը՝ այնպես, որ երկիրը կանգուն մնա նաև իրենից հետո։ Ուժեղը նա է, ով չի կերտում անձի պաշտամունք, այլ ստեղծում է համակարգ, որտեղ ոչ ոք անպատիժ չէ, որտեղ պետությունը կախված չի մեկ մարդու վախերից, տրամադրությունից, կամքից կամ սխալից։


Ուժեղ ղեկավարը նա է, ով իր ուժը չափում է ոչ թե վախեցնելու, այլ կայունացնելու կարողությամբ»։

 
 
1/1957
bottom of page