ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՄԱ ՀՐԱԶԴԱ՞ՆՆ Է ՈՒԶՈՒՄ
- Armen Sukiasyan
- Feb 3, 2024
- 3 min read

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի՝ ՀՀ- Ադրբեջանսահմանին հունվարի 31-ի հանդիպումից հետո ադրբեջանական տելեգրամ ալիքները տեղեկություն տարածեցին, թե Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հանձնվելիք, այսպես կոչված, ութ անկլավների քարտեզները։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը շտապեց հերքել այդ լուրերը՝ նշելով, որ ոչ մի նման քարտեզ չի փոխանցվել ադրբեջանական կողմին։
Ցավալի պրակտիկա է դարձել, որ թշնամական լրատվամիջոցները հակահայկական քարոզչությանը, որպես կանոն, նաեւ ավելի տեղեկացված են լինում, քան հայկականը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի 6-րդ հանդիպման մասին Baku TV-ն կարճ ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ քաղաքական մեկնաբան Էլհան Շահինօղլին հայտարարում է, որ այդ 8 գյուղերն անկլավներ չեն, այլ իրենց պատկանող տարածքներ են ու անմիջապես պետք է վերադարձվեն Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն ամեն րոպե կարող է իր զորքը մտցնել այնտեղ։ Շեշտում է, որ միջազգային իրավունքն իրենց կողմն է, ու ոչ մի միջազգային հանրույթ չի կարող իրենց հետ պահել իրենց հողերը հետ բերելուց։ Իսկ ինչ վերաբերում է դելիմիտացիային, ապա այն երկար կարող է տեւել, եւ օրինակ է բերում Վրաստանի հետ դելիմիտացիայի հարցը։ Նաեւ նշում է, որ խաղաղության պայմանագիրը մոտ ժամանակներում դեռեւս դժվար թե ստորագրվի։
Baku TV-ի մեկ այլ շարք կոչվում է «Արեւմտյան Ադրբեջանի խրոնիկա», որտեղ ադրբեջանական զառանցանքով լի տեսանյութի հանդիպեցինք։ Ներկայացվում էր, թե Իրանից գաղթած հայերը Հրազդանի տարածքում ոչնչացրել են տարածքի «բնիկ» ժողովրդին` օղուզ թուրքերին։ Այսինքն՝ ադրբեջանցիներն արդեն նկրտումներ են ցուցաբերում սահմանից շատ հեռու գտնվող Հրազդանի նկատմամբ։ Մինչդեռ Հրազդանում ապրողները կարծում են, թե իրենք պատերազմական գոտուց հեռու են՝ Հայաստանի ամենաապահով վայրերից մեկում են ապրում։
Հետաքրքիր է, հրազդանցի Սասուն Միքայելյանը շարունակո՞ւմ է մտածել, որ 2018 թվականի հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտում մեր գրանցած հաղթանակը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը ցուլ է, իսկ ՀՀ Սահմանադրությունը կարմիր զգեստի էֆեկտ է թողնում այդ «ցլի» վրա, իսկ «ցլերը», փաստորեն, իրենց հասարակության հետ կանոնակարգված ու ակտիվ աշխատանք են տանում, ադրբեջանցիներին պատրաստում են այն զարգացումներին, որ նրանք «վերադառնալու» են Արեւմտյան Ադրբեջանի իրենց «հարազատ ծննդավայրեր՝ պատմական հայրենիք», իսկ Փաշինյանը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունը։ Մինչդսեռ ադրբեջանցիները չեն թաքցնում, որ Փաշինյանը նոր սահմանադրություն է գրում Ալիեւի հրահանգով, որպեսզի հայերը հրաժարվեն պահանջատիրությունից:
Բնականաբար, այս ամենի ֆոնին հասկանալի է, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպումները զուտ ձեւական բնույթ են կրում։ Ինչ սահմանազատման ու սահմանագծման մասին է խոսքը, երբ հայկական կողմը հայտարարում է, որ դեռ որոշված չէ, թե ինչ քարտեզով է անցկացվելու սահմանազատումը, իսկ ադրբեջանական սահմաններին ծառայություն են իրականացնում արցախյան վերջին երկու պատերազմներում գազանություններով աչքի ընկած ադրբեջանցի հատուկջոկատայինները։ Եվ մինչ Փաշինյանը խոսում է ՀՀ բանակի «բարեփոխումների» մասին, փորձառու զինվորականները հեռանում են բանակից, իսկ ՀՀ բանակում ոչ պատերազմական պայմաններում զոհերի պակաս չկա, բանակում մոլեգնում են խաղամոլությունը, ոչ կանոնադրային հարաբերությունները:
Վերադառնալով Ադրբեջանում տարվող քարոզչական աշխատանքին՝ այնտեղ մարդկանց պատրաստում են «հայրենադարձության դեպի Արեւմտյան Ադրբեջան», ընդ որում հետաքրքիր է, որ «Հայաստան» կամ «Հայաստանի Հանրապետություն» եզրույթն ադրբեջանական մամուլում միայն հաղորդագրությունների կամ լուրերի մեջ է օգտագործվում, մյուս պարագաներում կիրառում են «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ, զավթողական եզրույթը։ Բնականաբար, դա նշանակում է, որ հարեւան պետությունը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, մեր գոյությունը ու հայտարարում է, որ պատրաստվում է «Հայաստանը դենացիֆիկացնել»՝ այն, ինչ անում է Ռուսաստանն Ուկրաինայում: Ու հնարավոր չէ զուգահեռներ չտանել Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականության եւ հանրային բոլոր ոլորտներում կատարած աշխատանքի միջեւ։
Դպրոցական ծրագրից դուրս բերել Հայ եկեղեցու պատմությունը, չհիշատակել ազատության համար մարտնչած հայ հերոսներին, Ցեղասպանությունը բնորոշել «ցավալի դեպքեր» արտահայտությամբ եւ այլն։ Ի դեպ, Բաքվում գոհ են Փաշինյանի աշխատանքից, նույնիսկ ադրբեջանական տեքստերը կարդալուց այնպիսի տպավորություն է ստացվում, կարծես Ալիեւը գովաբանում է իր աշխատակիցներից մեկին, ով լավ արդյունք է ցույց տվել` արդարացրել է իր սպասումները։ Դե իսկ փետրվարի 7-ից հետո էլ, երբ Ալիեւը վերընտրվի Ադրբեջանի նախագահ, ավելի կբարդանա իրավիճակը, քանի որ մենք ամենանվիրված ու ամենականխատեսելի թշնամին ենք, որը չունի իր թշնամուն հակազդելու անգամ փոքրիկ ցանկություն։



















