top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՄԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՄՈՒՏՔ ԵՄ ԱՐԵԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ` ԴԵՌ ՄԱԿԱԳՐՎԱԾ ՉԷ, ԲԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՉԷ՞

  • Armen Sukiasyan
  • Oct 1, 2024
  • 2 min read

Նախօրեին մենք հրապարակում էինք արել այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի մեկ դահլիճի վերանորոգման եւ կահավորման համար 24 միլիոն է ծախսվել, եւ դահլիճի դիզայնի հեղինակը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է։ ԲԴԽ նախագահն անդրադարձել է մեր հրապարակմանը, փորձել է համոզել, որ այդ կլորիկ գումարի հատկացումն անտեղի չէ․ «Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորների», պետք է լինի դատական բարձունքին արժանի, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է, որտեղ նման բարձր ատյանների դահլիճները թանգարաններ են հիշեցնում: Խնդրում եմ չասել, որ նախ դատական համակարգը պետք է արդար լինի, նոր արժանանա նման միջավայրի: Գրեթե բոլոր զարգացած երկրներում եղել է հակառակ ուղին: Նախ՝ հանրությունն է գիտակցել դատարանի վեհությունը, հետո է դատավորը վեհ դարձել»։



Այս եւ այլ վիճելի մտքերը, այսպես ասած, քննադատության չեն դիմանում, բայց մենք նկատեցինք, որ ԲԴԽ նախագահի ստատուսի տակ օգտատերերը դա արդեն արել են մեր փոխարեն: Լուսյա Հակոբյանը գրել է․ «Դահլիճի վերանորոգումը կազդի՞ դատավորի արդար եւ գրագետ աշխատանքի վրա, թե՞ դատավորները ճնշման տակ են որոշումներ կայացնելու, ինչպես արեցին»։


Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2024-ին, բացի այս դահլիճից, վերանորոգվում են 30 դատարանների շենքեր, եւ ծախսվում է մոտ 400 միլիոն դրամ․ «Այդ գումարը դատական իշխանության խնայողությունների հաշվին է: Բյուջեից ոչ մի դրամ ավել գումար չենք ստացել դրա համար: Բոլոր դատական պաշտոնյաները հրաժարվել են բազմաթիվ գործուղումներից եւ այլ «հաճելի» ծախսերից, որ դատարաններն արժանապատիվ միջավայրում գործեն»։ Մի օգտատեր էլ անդրադարձել է այս պարբերությանը. «Հաճելի ծախսը ո՞րն է», սակայն պատասխան չի ստացել։ Մեզ համար էլ է մութ՝ ի՞նչ նկատի ունի պարոն Անդրեասյանը, երբ ասում է՝ դատական պաշտոնյաները հրաժարվել են «հաճելի ծախսերից»։ ԲԴԽ ղեկավարն առիթը բաց չի թողել նաեւ գլուխ գովելու համար՝ հայտարարելով, թե դատական համակարգը վերափոխված է 50-60 տոկոսով, ներքին շատ պրոցեսներ են արդեն փոխվել եւ այլն։


Նրա այս մտքերին էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ նախկին դատավոր, Կարեն Անդրեասյանի կողմից համակարգից հեռացված, այժմ որպես փաստաբան աշխատող Զարուհի Նախշքարյանը․ նրա լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր նախորդ տարի։ «ԲԴԽ-ն ու իր անդամներն առաջնահերթ պետք է անհանգստացած լինեն դատավարական փաստով եւ իրենց դատական ակտերի, իրենց նիստերի օրինականությամբ եւ ոչ թե պատրանք ստեղծեն՝ վերանորոգման, կահավորման եւ այլ միջոցով»։


 30 դատարանների շենքերը վերանորոգելու հետ կապված՝ նախկին դատավորն Անդրեասյանին խորհուրդ է տալիս անձրեւային մի օր այցելել Հակակոռուպցիոն դատարան․ «Ես՝ որպես փաստաբան, կարող եմ խորհուրդ տալ, որ այդ անձինք այցելեն Հակակոռուպցիոն դատարանի շենք՝ անձրեւոտ օր։ Ես խորհուրդ կտամ՝ այդպիսի մի փորձարկում անեն եւ տեսնեն։ Օրինակ, այդ դատարանի ներսում վերանորոգված է, բայց հնարավո՞ր է անցնել եւ հասնել դատարան, մի հատ թող փորձեն, էլի»։


Նախշքարյանը, ի պատասխան Անդրեասյանի խոսքի, թե դատական համակարգը 50-60 տոկոսով վերափոխված է, վերջինիս ուշադրությունը հրավիրում է առկա մեծ խնդիրների վրա․ «Ճիշտ է ասում Անդրեասյանը, վերափոխված է, դրա համար ո՛չ Դատալեքսն է աշխատում, ո՛չ իրենց էլեկտրոնային համակարգն է աշխատում, ո՛չ դատական ակտեր են տեղադրվում, ամբողջ համակարգը կազմալուծված է, ու բողոքները չեն մակագրվում, հայցերը չեն մակագրվում։ Դրա վերաբերյալ ես հարցում եմ ուղարկել Դատական դեպարտամենտին․․․ Ամեն ինչ արվում է, որպեսզի դատավորների գործունեությունը խափանվի, հնարավոր չլինի, որ մարդիկ հանգիստ աշխատեն, ամեն բան արվել է դրա համար, ճիշտ է։ Մի ամիս առաջ մուտք եմ արել հայցադիմում, մինչեւ այսօր մակագրված չէ, բա բարեփոխում չէ՞։ Նույնիսկ դատավորի հանձնված չէ գործը, նույնը` բողոքները։ Մարդկանց հեռացրել են, չէ՞, դատարաններից (նկատի ունի լիազորությունները դադարեցված դատավորներին` Ա. Պ.), որովհետեւ իրենք ուշացրել էին դատական ակտերը, բա ձեր արածն ի՞նչ է։ Ձեզ համար էլ կարգապահական հարուցեք` հեռացրեք աշխատանքից»։

 



bottom of page