Հայաստանի լավագույն ռազմավարությունը չեզոքությունն է, ոչ թե նոր միությունները. Modern Diplomacy
- Apr 17
- 2 min read

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ֆոնին, որը վերաձեւում է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի ռազմավարական լանդշաֆտը, Հայաստանը հայտնվել է բարձր խոցելիության գոտում։ Այս մասին գրել է Modern Diplomacy պարբերականը։
Երեւանի համար օպտիմալ պատասխանը ո՛չ Ռուսաստանից կախվածության վերականգնումն է, ո՛չ էլ Արեւմուտքի հետ լիակատար մերձեցումը, այլ զինված չեզոքության դոկտրինը։
Հեղինակներն ընդգծել են, որ չեզոքությունը չի նշանակում պասիվություն կամ թուլություն։ Դա ռազմավարություն է, որը հիմնված է չորս սկզբունքների վրա՝ արտաքին ռազմական գերիշխանության բացակայություն, հուսալի ինքնապաշտպանություն, բոլոր ոլորտներում հավասարակշռված դիվանագիտություն եւ բազմաթիվ կողմերի համար տնտեսական օգտակարություն։ Դասական օրինակը Շվեյցարիան է։
Պարբերականի կարծիքով՝ այս մոտեցումը արմատական խզում չէ Երեւանի ներկա կուրսից։ Հայաստանն արդեն իսկ դիվերսիֆիկացնում է իր արտաքին հարաբերությունները, զարգացնում է պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ եւ պահպանում է հարաբերություններն Իրանի հետ՝ որպես միակ ոչ թշնամական հարավային միջանցք։ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ. դա կապվածության նախագիծ է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական պատկանելության։
Չեզոքությունը, նշել է Modern Diplomacy-ն, նաեւ ծառայում է ամերիկյան շահերին: Հայաստանը աշխարհաքաղաքական լարված դիմակայության մեջ եւս մեկ հենակետի վերածելը միայն կբարձրացնի նրա խոցելիությունը եւ կհրահրի Ռուսաստանի եւ Իրանի ճնշումը: Չեզոք Հայաստանն ավելի կայուն սահմանային հանգույց է, կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, որը քիչ հավանական է, որ վերադառնա Մոսկվայի ուղեծիր։
Գլխավոր նախապայմանը Ադրբեջանի հետ երկարատեւ խաղաղությունն է: Առանց դրա Հայաստանը մնում է ճակատամերձ պետություն՝ բարձր ներդրումային ռիսկերով: Սակայն եթե խաղաղություն հաստատվի, երկիրը կարող է մշտական անվտանգության սպառողից վերածվել տարածաշրջանային միջնորդի: Հայաստանն ունի իրական առավելություններ՝ միջազգային ցանցեր, սփյուռք, արտաքին ցնցումներին հարմարվելու փորձ եւ տնտեսություն, որը 2021-2025թթ․ ցույց է տվել տարեկան մոտ 8 տոկոս աճ: Հեղինակները եզրակացնում են. Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե չեզոքության ռոմանտիկ առասպելաբանություն, այլ գործնական օրակարգ՝ հետեւողական, զսպման ուժով ամրացված եւ բարեփոխումների հետ կապված: ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար նման ուղու աջակցությունը կարող է ավելի իմաստուն լինել, քան խոցելի պետությանը բինար ընտրության մղելը, որը չի կարող պահպանել այն անվտանգ ձեւով:



















