top of page

Այնտեղ, որտեղ քաղաքացին պարող է, իշխանությունը վաղուց դադարում է լսող ու կատարող լինել

  • Arnold Gevorgyan
  • 1 hour ago
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղորդակցման ձևաչափը վերջին շրջանում ձևավորվել է որպես դիտավորյալ «շոուիզացիա»։ Երգելը, պարելը, նվագելը և ժեստային «թեթև» վարքը ներկայացվում են ոչ թե որպես պատահական դրսևորումներ, այլ որպես քաղաքական տեխնոլոգիա՝ ուղղված զանգվածների հետ հուզական կապի ձևավորմանը։ Այս մոդելի առանցքային ենթադրությունն այն է, որ քաղաքական առաջնորդը կարող է կառավարել ոչ այնքան գաղափարների, որքան ռիթմի միջոցով։

Ստեղծվում է պարզ, բայց վտանգավոր բանաձև՝ իշխանությունը նվագում է, հասարակությունը պարում։ Այստեղ «նվագել»-ը այլևս ժամանցի կամ մշակույթի մաս չէ, այլ օրակարգ թելադրելու գործիք։ Իսկ «պարել»-ը քաղաքական մասնակցության փոխարինումն է հնազանդությամբ, հետևողականությամբ, երբեմն՝ անգամ ինքնակամ ենթարկմամբ։

Այս մոտեցումը հատկապես խնդրահարույց է, քանի որ փաթեթավորվում է ժողովրդավարական իմիտացիայի մեջ։ Հանրային շփման այս ձևը ստեղծում է պատրանք, թե իշխանությունն ու ժողովուրդը նույն հարթության վրա են, մինչդեռ իրականում պահպանվում է խիստ հիերարխիա։ Առաջնորդը ընտրում է երաժշտությունը, տեմպը և շարժման ուղղությունը, իսկ հանրությունը սահմանափակվում է արձագանքողի դերով։

Քաղաքական շոուն այս դեպքում փոխարինում է քաղաքական պատասխանատվությանը։ Քննադատական հարցադրումները խեղդվում են էմոցիոնալ դաշտում, իսկ հակառակ կարծիքը հեշտությամբ ներկայացվում է որպես «ռիթմը խանգարող» տարր։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ քաղաքացիական մասնակցությունը վերածվում է դիտողի մասնակցության, իսկ համաձայնությունը՝ լուռ պարտադրանքի։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի «երգող ու պարող» առաջնորդի կերպարը ոչ թե ժողովրդավարության խորացում է, այլ քաղաքական հաղորդակցության պարզեցում՝ մինչև ենթարկման մոդել։ Ժողովրդավար առաջնորդը հասարակությանը սովորեցնում է մտածել և քննարկել, ոչ թե շարժվել իր նվագած երաժշտության տակ։ Իսկ այնտեղ, որտեղ քաղաքացին պարող է, իշխանությունը վաղուց դադարել է լսող լինել։

Նարե Գնունի

 
 
1/1960
bottom of page