«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԴԱՏԱՎՈՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ ԼԱՎ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱԿԱՍՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԱՎԱՆԱՆՔԻՆ, ԻՆՉԸ՝ ՈՉ
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 3 min read

Իրավապահները, դատարանը ամուր կանգնած են կարգալույծ հռչակվածների մեջքին, նրանց շահերը պաշտպանում են նրբանկատորեն ու ջանասիրաբար, իրենց որոշումներում գրում են նրանց պատճառած հոգեկան տառապանքի, նրանց կրած ոչ նյութական վնասների, կրոնի ազատության ոտնահարված իրավունքի մասին: Երբեք, ոչ ոք այսպիսի երկաթյա պաշտպանություն չի ունեցել հայաստանյան դատարաններում, ինչպես նիկոլական կարգալույծ քահանաները:
Հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Մայր Աթոռի դեմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու դեպքով: Այն վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը, ինչպես հայտնի է, դատի էր տվել Մայր Աթոռին իրեն կարգալույծ հռչակելու համար: Հունվարի 16-ին դատարանը ժամանակավորապես վերականգնել է Գևորգ եպիսկոպոսին՝ իր պաշտոնում, համարելով, որ նա տառապանքներ է կրել, իսկ հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռի դիվանատանը: Անցել է ընդամենը 10 օր, եւ ԴԱՀԿ-ն որոշել է, որ Մայր Աթոռը չի կատարել դատարանի որոշումը:
Արդյո՞ք այդ 10 օրը կարելի էր ուշացում համարել եւ վարույթ հարուցել, անգամ եթե ենթադրենք, որ վարույթն օրինական է եւ Մայր աթոռը չարամտորեն չի կատարել դատարանի որոշումը: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը համարում է, որ շատ վաղ է համարել, թե Եկեղեցին չի կատարում դատական ակտը: «Նախ՝ կարգալույծ անելը դատարանով անվավեր ճանաչելն է աբսուրդ: Ապա նաեւ կարող եմ ասել, որ ԴԱՀԿ-ի խնդիրն է կատարումն ապահովելը: ԴԱՀԿ-ն հազար գործիք ունի, որոնք չի կիրառել, հասկանալի չի, թե ինչ են նկատի ունեցել, ինչից է ԴԱՀԿ-ն հետեւություն արել, որ ակտը չի կատարվում»: Ըստ նրա, իշխանության բուն նպատակը Վեհափառ Հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ, եւ մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին: Այն կայանալու է փետրվարի 16-19-ին Ավստրիայում:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը ներգրավված է «Բագրատ Սրբազանը եւ մյուսները» քրեական գործով, եւս տպավորություն ունի, որ սա արվում է արտերկրում կայանալիք ժողովը խոչընդոտելու համար, «որպեսզի բացակայելու արգելքով թույլ չտան, որ կաթողիկոսը Հայաստանից դուրս գա»:
«Կան բազմաթիվ դեպքեր, երբ դատական ակտերը չեն կատարվում, բայց հարկադիրն այսպես ինտենսիվ այդ հարցերով չի զբաղվում, երբ որ դրանք վերաբերում են իշխանության ներկայացուցիչներին, կամ իրենց սատելիտներին, որոնք վիրավորանքի, զրպարտության գործերով ներողություն չեն խնդրում: Մինչեւ դրանցով քրեական գործեր են հարուցվում, տարիներ են անցնում: Այս պարագայում հասկանալի է, որ սա լավ կազմակերպված ու մեկ տեղից կառավարվող օպերացիայի մաս է, ու երբ որ դատարանի այդ աննորմալ որոշումը եղավ, կանխատեսելի էր, որ նաեւ այսպիսի մի բան է սպասվելու», - համոզված է փաստաբանը:
«Աննորմալ որոշումը» կարգալույծ եպիսկոպոսին պաշտոնում ժամանակավորապես վերականգնելու վերաբերյալ կայացրել է դատավոր Էդգար Հովհաննիսանը: «Հանճարեղ» է հիմնավորումը՝ Արման Սարոյանի հոգևոր ծառայության ընդհատումը հակասում է Եկեղեցու դավանանքին, նման ընդհատումը «խախտում է հայցվորի կրոնի ազատության իրավունքը», նրան պատճառում է ոչ նյութական վնաս՝ որոշել է դատարանը, ուստի եպիսկոպոսը պետք է շարունակի իր վարդապետությունը, իսկ եթե Եկեղեցին չի կատարում այս որոշումը՝ ենթակա է քրեական պատասխանատվության:
Դատարանը կարո՞ղ է որոշել, հակասում է տվյալ գործողությունը Եկեղեցու դավանանքին: Խուդոյանն ասում է. «Որևէ ադեկվատ իրավաբան չի կիսի այն կարծիքը, թե դատարանը կարող էր նման բան անել: Անգամ եթե ինչ-ինչ պայմաններում սա դիտվեր որպես աշխատանքային վեճ, աշխատողին պաշտոնին վերականգնելու, այդպիսի նախադեպ չկա ու չի կարող լինել, որ քանի դեռ վեճը լուծված չի՝ աշխատողին վերականգնել պաշտոնում: Եվրոպական դատարանի հստակ պրակտիկա կա, որ պետությունը չի կարող մասնակցել նման բնույթի հարցերի քննարկմանը՝ դավանաբանական, կամ որևէ կրոնական կազմակերպության անդամակցության, կամ անդամությունը դադարեցնելուն: Կան դեպքեր, երբ տարբեր հոգեւորականներ կրոնական կազմակերպությունից դուրս են դրվել, բողոքարկել են պետական դատարաններին, դատարանները չեն քննել այդ գործերը, եւ այդ անձինք պետությունների դեմ դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ն էլ ասել է, որ այդ գործերը քննության ենթակա չեն, եւ որ ճիշտ են վարվել դատարանները, որ չեն քննել դրանք»:
Իրավաբանական տերմիններով խոսել այս դեպքում իմաստ չունի, ըստ փաստաբանի, քանի որ սա «հանցավոր խուլիգանական վարքագիծ է իրավապահ մարմինների, դատարանների, հարկադիր կատարողների կողմից»: «Նրանք այս գործերում թաթախված են եւ բացարձակ անարխիստական մոտեցում են ցուցաբերում պրոցեսներին»:
Հ. Գ. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն», - կաթողիկոսի մասին ասել էր Գառնու գյուղապետարանի աշխատողը: Բայց իրավապահները նրան բերման չեն ենթարկում բռնության կոչ հնչեցնելու համար, երկար ժամանակ չեն էլ հարցաքննում: Մի ձեւական գործ են հարուցել եւ նա հանգիստ գնում, գալիս է աշխատանքի, ինչը ապացուցում է, որ հարուցված վարույթը ձեւական է: Ոսկետափի եկեղեցին կառուցած Համլետ Գորոյանը իրեն իրավունք է վերապահում դուրս անել քահանային եկեղեցուց ու պահանջել, որ հանձնի եկեղեցու բանալիները, բայց նրա դեմ անգամ քրեական վարույթ չեն նախաձեռնում՝ Եկեղեցու սեփականության իրավունքը խախտելու եւ քահանայի դեմ ճնշումներ իրականացնելու հիմքով: Իրավապահները ուղղակի «չեն նկատում» այս միջադեպը: Բայց եթե հարցը վերաբերում է հականիկոլական եկեղեցականներին, անմիջապես «արձանագրումներ» են անում, ինչպես ասում է Նիկոլը: Ի դեպ, երկուշաբթի, փետրվարի 2-ին Կենտրոնի դատավոր Կարեն Ֆարխոյանը քննելու է Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու միջնորդությունը: Սրբազանը մեղադրվում է 2018 թվականին թմրամիջոց ապօրինի իրացնելու գործով: Կարեն Ֆարխոյանը իշխանության «սրտիկի» դատավորներից է, եւ նրա որոշումը միանգամայն կանխատեսելի է, չնայած արդեն «Հրապարակը» գրել է, որ այս գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը, կորել է:



















