top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ, ՀԵՏՈ ՆՈՐ ՄՏԱԾՈՒՄ` ԻՆՉ ԱՆԵԼ

  • Armen Sukiasyan
  • Dec 14, 2024
  • 4 min read

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն է:



- Հայաստանյան հանրությունը չի հավատում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, բայց, միեւնույն ժամանակ, չունի նաեւ վստահություն եւ դրական կարծիք տիտղոսակիր ընդդիմության մասին: Երբ նայում ենք, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ակնհայտ է, որ այն նոր ուժերը, կուսակցությունները, որոնք ձեւավորվում են, առավել եւս վստահություն չեն ներշնչում, չունեն առանձնապես բարձր վարկանիշ, ծանրակշիռ չեն, քաղաքականապես խիստ անփորձ են: Հայկ Մարության, Վարդան Ղուկասյան, Արշակ Կարապետյան, Արթուր Ասատրյան` Դոն Պիպո, Միհրան Պողոսյան… ոչ իշխանական ճամբարի դերակատարները նրանք են: Նրանք ներկայանում են որպես նոր ընդդիմություն, որոնց հետ հասարակությունը իբրեւ թե պետք է հույսեր կապի: Ինչո՞ւ է պատկերն այսպիսին:


- Մինչեւ 2018 թվականը ես մի միտք եմ արտահայտել, որ մենք մեր խելքից ընկել ենք մի խոր փոսի մեջ, որից դուրս գալու համար մեր խելքը չի հերիքում: «Մենք» ասելով նկատի ունեմ քաղաքական ուժերին: Դա փաստ է: 2018 թվականից հետո արդեն մենք հայտնվել ենք շատ ավելի խոր փոսի մեջ, որտեղից դուրս գալու համար ընդհանրապես մեր խելքը չի հերիքում: Եթե համեմատաբար ավելի հեշտ իրավիճակներում չէինք կարողանում ճիշտ աշխատել, բնական է, որ այս իրավիճակում առավել եւս չենք կարողանալու: Մեր քաղաքական խելքն այսօր ի վիճակի չէ ինչ-որ բան անելու: Ուզում է 100 հատ առանձին էլ նոր կուսակցություն հիմնադրեն, ուզում է այդ հարյուրին մի այլ հարյուրն էլ ավելացնեն, այս պահի դրությամբ չկա անհրաժեշտ քաղաքական միտքը, որ Հայաստանը կարողանա այս իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Ես չեմ ասում, թե հրապարակում պայքարող ընդդիմությունը մտահոգ չէ երկրում տեղի ունեցող իրավիճակով, անհանգիստ են, հավատում եմ նրանց, բայց միայն անհանգիստ լինելը բավարար չէ: Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ունենան պայքարողները, եւ միայն դրանից հետո ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ ինչ-որ ելքեր կարող են լինել:


- Մի այսպիսի նարատիվ կա` նոր, թարմ ուժեր են պետք, որոնք ուղիղ կապ չեն ունենա նախկին իշխանությունների հետ: Ձեւավորվում են նոր ուժեր, բայց մարդիկ նրանց նախկիններից առավել չեն վստահում, նրանց կողքին չեն կանգնում: Անցած տարի, օրինակ, Սուրեն Սահակյանը` որպես նոր, թարմ ուժ, որը կապ չունի նախկին իշխանությունների հետ, դուրս եկավ պայքարի, բայց ընդամենը 10, 20, 30 հոգի էր գնում նրա հավաքներին….


- Ինչ-որ յուրահատուկ խելքեր են պետք` նախ իրականությունը հասկանալու համար, եթե մարդիկ չեն կարողանում պարզ իրականությունը հասկանալ, ապա պարզ է, որ ոչ մի արդյունքի էլ չեն կարող հասնել: Ես մի թեստ ունեմ, երբ մի նախաձեռնություն է կյանքի կոչվում, ես տալիս եմ այդ թեստը եւ ասում` պատասխանեք այդ հարցերին: Այն առաջին անգամ հրապարակվել է 1926 թվականին` Նժդեհի կողմից: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր իրական դժբախտությունների պատճառները, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, նոր միայն դրանից հետո կարող է խոսք լինել բուժման մասին: Մինչեւ մարդու ախտորոշումը բժիշկը չհասկանա, չի կարող բուժել նրան: Այդ թեստն ախտորոշման նման է, տալիս եմ քաղաքական ուժերին եւ պատասխաններին սպասում: 1926 թվականի մասին էր խոսքը, ոչ ոք չի կարող ասել` Լեւոնն արեց, Ռոբերտն արեց, Սերժն արեց…. Եթե չգիտեն, թե 100 տարի առաջ էլ մեր ժողովուրդն ինչ վիճակի մեջ էր գտնվում, ինչ ախտերով էր հիվանդացել: Եթե այդ ամենը չգիտեն, նշանակում է, որ մեր ժողովրդին չեն ճանաչում, հետեւաբար՝ ոչինչ չեն կարող անել: Արդյունքում ունենք այն, որ մարդիկ գալիս են, սրտացավորեն երթեր են անում, մտահոգված ելույթներ են ունենում, բայց ոչինչ տեղի չի ունենում արդյունքում:


- Ի՞նչ թեստ է դա: Ի՞նչ հարցեր եք տալիս, ի՞նչ պատասխաններ եք ստանում:


- Ես՝ ինքս էլ փորձել եմ դրա պատասխանները գտնել: Գնացել եմ 1926 թիվ, հետազոտել, հասել եմ առաջին հանրապետության շրջան, ժողովրդի վիճակը պարզել, դրանից հետո էլ պետք է հասկանալ` ինչո՞ւ ամեն ինչ այդ կետին հասավ: Այդ բոլոր հետազոտություններից հետո եկել եմ շատ տխուր հետեւության, 1997 թվականին մի գիրք գրեցի անգամ այն մասին, որ հայրենիքը հարկավոր է փրկել մեր ժողովրդի ուծացած հատվածից: Նշել եմ, որ եթե ապաքինման չգնանք, մեր վերջը լավ չէ: Ինչպես Նժդեհն է ասում` մեզ բուժվել է պետք, բայց քաղաքական դաշտում այդ ամենը խոր չեն ընկալում, եւ հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Մինչեւ 2018 թվականը, կարելի է ասել, մենք թողնված էինք մեզ համար, այն իրականությունը, որը կար, մեր էությունից էր գալիս, մեր ժողովրդի տեսակից, եւ այդտեղ լուծումներ գտնելը գոնե ավելի հեշտ էր: 2018 թվականից հետո մեր ժողովրդի հիվանդությունները սկսեցին ավելի խորացնել` նպատակային կերպով, եւ բուժումը բարդացավ: Իմ ասածներն այդ քաղաքական ուժերի խելքի բանը չէ, երբ կարդան այս հարցազրույցը, կասեն` ի՞նչ է խոսում այդ մարդը: Ժամանակին ինձ քարկոծել են այս մտքերիս համար:


- Վերջին շարժման առաջնորդը Բագրատ սրբազանն էր: Նրա հետ փորձե՞լ եք այս հարցերի մասին զրուցել: Նրա մասին ի՞նչ կարծիք ունեք:


- Բագրատ սրբազանը մայիսի 18-ին մշակութային գործիչների հետ հանդիպում ունեցավ, որին ներկա էի նաեւ ես: Ես խոսք վերցրի եւ ասացի, որ օրվա իշխանություններն ունեն ուժեղ թիկունք, եւ նրանց հեռացնելը հեշտ չի լինելու` կարճ ժամանակահատվածում դա չի ստացվելու, ունե՞ք պլան Բ, որ շարժումը չմարի: Նշեցի, որ ուսումնասիրել եմ համաշխարհային փորձը եւ գտել եմ այն շարժման ձեւը, որով նույն այս իշխանությունները տասը տարի պայքարի մեջ էին, բայց իրենց շարժումը ոչ թե մարեց, այլ ընդլայնվեց եւ հասավ իշխանափոխության: Նշեցի, որ եթե այդ պլան Բ-ն չլինի, շարժումը լավ ճակատագրի չի արժանանա: Դրանից հետո էլ ոչ մի հանդիպում չեղավ:


- Ինչի՞ մասին է այդ պլան Բ-ն:


- Շատ երկար զրուցելու թեմա է: Ես մի թողարկում ունեցա եւ նշեցի, որ Սրբազանը պետք փոխի իր քաղաքական թիմը: Այն մարդիկ, ովքեր նրա շուրջը հավաքված էին, ունակ չէին պլան Բ կազմելու: Ծրագիր էր պետք, որ շարժումը չմարեր ժամանակի ընթացքում: Սովորաբար առաջնորդները պետք է հրավիրեն խելացի մարդկանց եւ լսեն խորհուրդներ: Ի դեպ, մինչեւ շարժում սկսելն են դա անում, Հայաստանում շարժումներ են սկսում, կուսակցություններ ստեղծում, հետո նոր վերջում մտածում` ինչ անել: Պետք է նախապես մտածել, նոր սկսել մի բան: Տեսեք, թե հակառակ կողմն ինչ արեց: 20 տարի աշխատեց ու հասավ իր նպատակին:


- Այսինքն` քաղաքական դաշտում այս առումով ամենախելացին Նիկոլ Փաշինյա՞նն է:


- Այդ խելքը Նիկոլ Փաշինյանի խելքը չէ, դա արտաքին ուժերի խելքն է, որոնց ես շատ լավ ուսումնասիրել եմ: 2007 թվականից առաջարկում եմ` ինչ անել: Կարող ես այդ գործիքների միջոցով այնպես անել, որ ժողովուրդը հզորանա, դառնա ազգայնական, ինչպես եղավ Ուկրաինայում, եւ հակառակը` Հայաստանի նման կարող ես դարձնել, այնպես անել, որ ժողովուրդը թուլանա, նվաստանա:


- Այստեղ ժողովուրդն անելիք չունի՞, միայն կատարողի՞ դերում է:


- Ժողովրդին պետք է կառուցվածքայնացնել, կարողանալ տանել որոշ գործողությունների: Մեր աչքի առաջ արտաքին ուժերը բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ստեղծեցին, որոնց շուրջ լիքը մարդ հավաքվեց, ֆոնդեր ստեղծվեցին, կուսակցություններ եւ ունեցան իրենց ժողովուրդը, որը պրոցեսների մեջ կլիներ: Այ, սա պետք է հասկանալ, այլ ոչ թե ժողովրդին անվերջ ամոթանք տալ, թե` ժողովուրդ, դու ոչինչ չես անում:



1/1950
bottom of page