«ՀՐԱՊԱՐԱԿ». ՏԱՐՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ ԵՆ, ԲԱՑԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՑ
- Arnold Gevorgyan
- 2h
- 2 min read

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրն է` Ելիզավետա Օհանջանյանը:
- Իշխանությունները հինգ տարուց ավելի երգեցին-պարեցին-ուրախացան, ֆեստիվառներ ու փառատոներ կազմակերպեցին, պատերազմից երկար ժամանակ չանցած՝ Ազգային ժողովում ծափահարեցին պարտության համար, իսկ այժմ, ընտրություններին ընդառաջ, որոշել են հարգել պատերազմում նահատակված տղաների հիշատակը, Հայկական բանակի տոնից մեկ օր առաջ` Հոլոքոստի օրը: Հունվարի 27-ը սգո օր դարձնելը պատգամավոր Գեղամ Նազարյանի նախաձեռնությունն է: Որպես զոհվածի մայր` ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
- Շատ սխալ օր են ընտրել, այն էլ՝ պատերազմից հինգ տարի անց, իսկ գուցե եւս մի հինգ տարի՞ էլ սպասեին, ինչի՞ն էին սպասում այս հինգ տարիների ընթացքում, գուցե կարծում էին, որ տղաները վե՞ր են կենալու…. ինչի՞ն էին սպասում, լավ:
- Սպասում էին, որ Գեղամ Նազարյանը նման նախագիծ ներկայացնի:
- Ես անձամբ ճանաչում էի Գեղամին, հիմա էլ չեմ ճանաչում: Իմ ճանաչած Գեղամն այն Գեղամը չէ, որին ես ճանաչել եմ: Իսկ ինչ վերաբերում է զոհվածների հիշատակը հարգելուն, ապա դրա համար պետք չէր հինգ տարի մտածել: Բոլոր զոհերի ծնողների համար ամեն օրը հիշատակի օր է, այդպես եղել է ու կլինի: Մենք ամեն վայրկյան մեր տղաների հետ ենք, նրանց հիշում ենք: Բայց եթե շատ էին ուզում հարգել մեր տղաների հիշատակը, դրա համար կային այլ օրեր: Ծնողների գրեթե մեծ մասն իմ կարծիքը կիսում է: Եթե անգամ սեպտեմբերի 27-ը չեն համարում հիշատակի օր՝ մտածելով, որ այդ օրը բոլոր տղաները չէ, որ զոհվել էին, ապա նոյեմբերի 9-ը կարող էին հիշատակի օր սահմանել, երբ փակեցին Արցախի վերջին էջը՝ ստորագրելով կապիտուլյացիա: Անգամ թուրքը դարեր առաջ չի կարողացել Արցախի վերջին էջը փակել, հետո եկավ այս ոմն մեկը, նա հիմա իրեն շատ լավ է զգում եւ ճիշտ է անում, քանի որ իրեն հանդուրժողները միայն ազգանունով են հայ: Եթե այս իշխանությունը հարգել իմանար, այսօր ամեն մեկս մեր տղաների կորստի համար սգալով կսահմանափակվեինք, չէինք ունենա հայրենիքի կորուստ, չէինք ունենա այսքան մահեր, անգամ՝ ոչ պատերազմական պայմաններում: Եթե այդ մարդն ինքն իրեն հարգեր, պատերազմից հետո պետք է ինքն իրեն կախաղան բարձրացներ: Եթե այդպես վարվեր, գուցե սերունդներն իրեն միայն որպես անխելք ղեկավար հիշեին, սակայն նրան հիշելու են որպես դավաճան, հայատյաց թշնամի, թրքասեր, ու ամեն ինչ կարող են իրեն ասել…. նա հասցրեց նրան, որ բոլոր ժամանակների հերոսների անձնազոհությունը հավասարվեց հողին, ու այսօր խոսում են բոլոր ժամանակների հերոսների մասին: Ինչի՞ համար: Դու հերոս հարգել գիտե՞ս, որ հիշատակի օր ես նշում, այ անամոթ: Ոչ մի տոն, ոչ մի ուրախություն չես թողել, ինչո՞ւ են բանակի տոնի նախորդ օրը սգո օր հայտարարում: Այսինքն` մեզ զրկում են մեր հաղթանակների համար ուրախանալուց: Հնարավոր չէ մի օր սգալ, մի օր` ուրախանալ:
- Հունվարի 27-ը երբեւէ կհամարե՞ք հիշատակի օր:
- Երբեք, տարվա բոլոր օրերն ինձ համար հիշատակի օրեր են, բացի այս մեկ օրից: Ես այսօր չեմ այցելել իմ որդուն, ոչ մի հունվարի 27-ի չեմ այցելելու: Փաշինյանի օրակարգը միայն իրենն է ու իր նմաններինը: Չորս գերի է ազատագրվել, ուրախ եմ նրանց համար, ուրախ կլինեի, որ մեր բոլոր գերիներն ազատ արձակվեին: Վստահ եմ, որ նրանք իրականում շատ-շատ են, սակայն իրական թիվը ոչ ոք չի ասում մեզ: Անհետ կորածների մասին ընդհանրապես մոռացել են…. ես չեմ ուզում քննադատել ոմանց, բայց մի բան կասեմ` գերությունից վերադառնալուց հետո, անգամ եթե դու պատանդ ես եղել, պետք չէ աշխարհով մեկ բղավել, որ շնորհակալ ես նրան, ում պատճառով գերության մեջ ես հայտնվել: Ամոթ է, ինչի՞ համար ես շնորհակալ, նրա համար, որ բազում տղաներ զոհվեցի՞ն, թե՞ որ Արցախը հանձնվեց:



















