«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳԵՒՈՐԳ ՍՈՒՋՅԱՆԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 2 min read

«Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ: Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար` 2025-ի դեկտեմբերի 26-ին եկավ, ասաց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասաց՝ որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջույններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա ու ողջույններ եմ հղում իրեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ադրբեջանական գերությունից օրեր առաջ վերադարձած Գեւորգ Սուջյանը։
Սուջյանը պատմել է նաեւ Ադրբեջանում կոպիտ խախտումներով տեղի ունեցած իր դատավարության, խոսել անհնարին եւ հնարավոր ձեւերով պայքարի մասին: Նա անուղղակիորեն քննադատում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ անգամ իր սիրելի Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի եւ ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է»: Այսպես է գրել նա իր ֆեյսբուքյան էջում։ Գեւորգ Սուջյանին հարցրինք՝ երբվանի՞ց եք պատրաստվում մյուս գերիների ազատության հետ կապված ակցիաներ իրականացնել, պայքարել։ «Ինձ մի քիչ ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար, այնուհետեւ կապ կհաստատեմ գերիների հարազատների հետ, որպեսզի պայքարենք մեր բռնադատված հայրենակիցների համար, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ համայն սփյուռքով»։ Ձեր ուղիղ եթերում նշել եք, որ խոսել եք, ապա հանդիպելու եք վարչապետի հետ: Մենք նաեւ տեղեկություն ունենք, որ Ձեզ առաջարկվել է առաջիկա ընտրություններին մասնակցել ՔՊ կուսակցության ցուցակով: Նման առաջարկ ստացե՞լ եք վարչապետից կամ ՔՊ կուսակցությունից։ «Ես վարչապետի հետ չեմ հանդիպել, այլ հեռախոսազրույց եմ ունեցել, կարող եք լսել նորից հայտարարությունս, բայց նշել եմ, որ հանդիպում լինելու է, վարչապետի հետ խոսելու ժամանակ որեւէ քաղաքական հարց չի քննարկվել, ոչ մի առաջարկ չի եղել վարչապետից։ Վարչապետն ուղղակի հետաքրքրվել է իմ որպիսությունից: ՔՊ գրասենյակից ոչ մեկի հետ ոչ մի զրույց առհասարակ չի եղել»:
Հիշեցնենք, որ Սուջյանը գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղեւորվելիս: Նա մեղադրվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծել եւ պետական սահմանն ապօրինի հատել։ Գեւորգ Սուջյանը դատվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ 2021 թ. հուլիսի 14-28-ը եւ 2021 թ. հուլիսի 28-ին դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայում Բաքվում կա 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչ։



















