Նրանք բոլորն իմ երեխաներն են՝ իմ նախկին խաղացողները․ Արբելոան իմ սիրելիներից է․ Ժոզե Մոուրինյուն՝ Ալվարո Արբելոայի մասին
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 1 min read

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ջերմ խոսքեր է ուղղել «Ռեալը» գլխավորող Ալվարո Արբելոայի հասցեին՝ նրան անվանելով իր ամենասիրելի սաներից մեկը։
Վաղը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի եզրափակիչ տուրում միմյանց դեմ կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «արքայական ակումբի» նախկին մարզիչը զարմանք էր հայտնել, որ աշխարհի լավագույն ակումբները ղեկավարում են «առանց պատմության» մարզիչներ՝ որպես օրինակ բերելով Ալեգրիին («Միլան»), Գասպերինիին («Ռոմա») և Սպալետիին («Յուվենտուս»)։
Արբելոան զուսպ էր արձագանքել՝ նշելով․
«Երբ խոսում է նման մարզիչը, ես լսում եմ և վերլուծում։ Բոլորդ գիտեք, թե Մոուն ինձ համար ինչ նշանակություն ունի»։
Այսօր պորտուգալացի մասնագետը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ խոսելով իսպանացու մասին.
«Նրանք բոլորն իմ երեխաներն են՝ իմ նախկին խաղացողները։ Արբելոան իմ սիրելիներից է թե՛ մարդկային, թե՛ անձնական համակրանքի տեսանկյունից։
Ալվարոն «Ռեալում» երբևէ հանդես եկած լավագույն մարդկանցից է։ Նա վերջինն էր, ում վրա կարելի էր ճնշում գործադրել։
Դուք՝ լրագրողներդ, շատ խորամանկ եք ձեր աշխատանքում։ Ես պարզապես հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, և նա ֆանտաստիկ կարիերա կունենա։
Արբելոան կարող է մարզել աշխարհի ցանկացած թիմ, և ես նրան հաջողություն եմ մաղթում… բացի վաղվա խաղից (ծիծաղում է), դրանից հետո նա կարող է միշտ հաղթել։
Մարզիչ լինելը շատ բարդ է, հիմնականում այն պատճառով, որ միշտ կգտնվի մեկը, ով կարծում է, թե քեզնից ավելին գիտի։ Ալվարոն, ով դեռ նոր է սկսում կարիերան, պետք է իսկապես սիրի այս աշխատանքը»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել A Bola-ն։



















