top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՈՒ Է ԲԱՅԴԵՆԻ ՆԱՄԱԿՆ ԱՆՀԵՏԵՒԱՆՔ ՄՆԱԼՈՒ

  • Armen Sukiasyan
  • Oct 24, 2024
  • 3 min read

Ամերիկյան կողմը հերթական հուսահատ քայլն է անում՝ Ալիեւին փաստաթղթի ստորագրման դաշտ բերելու համար։ ԱՄՆ նախագահ Բայդենն իր երկրում ընտրություններից ու Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ նամակ էր հղել Ալիեւին ու Փաշինյանին՝ տարբեր ձեւակերպումներով, բայց նույն ասելիքով․ շուտափույթ՝ մինչեւ տարեվերջ կնքել, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը։ Թե՛ Ալիեւին, թե՛ Փաշինյանին նամակը հանձնել է ԱՄՆ անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով տնօրեն Մայք Քարպենտերը, որը հանդիպել է երկու երկրների ղեկավարների հետ։ Բաքվում Ալիեւը նրա հետ խոսել է այն մասին, ուր Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, ու պնդել նախապայմանը, իսկ Երեւանում Փաշինյանը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ստորագրելու պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով։



Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ուզում է հասկանալ՝ ինչ փոխզիջման մասին է խոսում ԱՄՆ վարչակարգը հայկական կողմի համար, երբ Ալիեւը պարտադրում է նոր սահմանադրության ընդունում, երբ այդ համաձայնագրից դուրս է մնում հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, եւ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, փախստականների վերադարձի հարցը։


«Նախընտրական այս շրջանում ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթուղթ կնքվի, անունը՝ խաղաղության պայմանագիր կամ դրա նախաբան, որը քարոզարշավի վերջին երկու շաբաթների ընթացքում կարող են ներկայացնել որպես դիվանագիտական մեծ նվաճում, որ ԱՄՆ միջնորդությամբ, ահա, կնքվել է խաղաղության պայմանագիր երկու երկրների միջեւ, որոնք 1980-ականներից հակամարտության մեջ էին»,- «Հրապարակ»-ին ասում է Հայկ Նահապետյանը՝ շեշտելով, որ իշխանական ու մերձիշխանական քարոզիչների պնդումները, թե դա ճնշում էր Ալիեւի վրա, ուղղակի ծիծաղելի են։


«Դա ինձ հիշեցնում է Ջերմուկում հայտնի դեպքերը, երբ  Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց, այդ գործողությունները կասեցվեցին այդ վայրերում ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշ ստորաբաժանումների շատ արագ հայտնվելուց հետո։ Ի դեպ, Զախարովան ասաց, որ ռազմական գործողություններն իրենց միջամտությամբ կասեցվեցին, բայց օրվա իշխանությունները, առանց որեւէ պաշտոնական հաղորդագրության գոյության, հայտարարեցին, թե կասեցվել է, երբ Բայդենն Ալիեւի հետ է խոսել, մինչդեռ նման հեռախոսազրույցի մասին ո՛չ ամերիկյան կողմը, ո՛չ էլ ադրբեջանական կողմը տեղեկություն չհաղորդեց։ Ինձ հետաքրիքր է՝  իշխանական քարոզիչները բանալու անցքի՞ց էին նայել, այդ ինչպե՞ս էին իմացել այդ մասին։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է Ալիեւին զսպվածության սահմաններում պահել, մեկ գործիքակազմ կա, որի անունը ոչ թե հայտարարություն է, այլ՝ պատժամիջոց»,- ասում է Նահապետյանը՝ շեշտելով, որ գործնականում որեւէ  պետության վրա ճնշում գործադրելու համար հավաքական Արեւմուտքը լավ գիտի՝ ինչ գործիքակազմ պետք է  կիրառել, մինչդեռ Ադրբեջանի նկատմամբ որեւէ պատժամիջոց չկա, չկա էներգակիրների արտահանման սահմանափակում, չկան տնտեսական արգելքներ։

Մեր զրուցակիցը համոզված է՝ օրվա իշխանությունն ինքն է կերակրվում նմանատիպ հայտարարություններով ու փորձում է կերակրել նաեւ ժողովրդին։ Նահապետյանը հիշում է ի զորակցություն Արցախի՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայտնի հայտարարությունը, որը երկրի գործադիրի համար որեւէ նշանակություն չունեցավ։ «Իշխանությունները փրփուրներից են կախվում, փորձում են ներկայացնել, որ, այ, եթե իրենք սա չանեին, Բայդենը նման հայտարարություն չէր անի, կեղծիքների ու ստերի մի ամբողջ հոսք կարող են բաց թողնել, բայց զրո արդյունքով»,- նշում է մեր զրուցակիցը։


Ինչ վերաբերում է ԱՄՆ անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով տնօրեն Մայք Քարպենտերի միջոցով նամակը կողմերին փոխանցելուն եւ Ալիեւի ու Փաշինյանի հետ նրա ունեցած հանդիպումներին, պահեստազորի գնդապետը վստահ է՝ ուժային կառույցների որեւէ ներկայացուցչի այցը եւ այդ այցերի պարբերականությունը վկայում են ոչ թե միջնորդական առաքելության մասին, ինչպես ներկայացվում է, այլ տարածաշրջանում ծրագրվող գործողությունների կամ հանձնարարականների մասին։ «Նման բարձր կարգավիճակ ունեցող ուժային կառույցների ներկայացուցիչները սովորաբար գալիս են կոնկրետ հանձնարարություններ ու խնդիրներ կատարելու կամ դնելու այն կառույցների առջեւ, որոնք պետք է ինչ-որ բան կատարեն։ Մասնավորապես, ԱՄՆ-ի համար կարեւոր են երկու թիրախ պետությունների՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ կապված զարգացումները։ Այն, որ ՀՀ իշխանություններն  իրենց ամբողջ ռեսուրսները դրել են հավաքական Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կառավարման ներքո, որեւէ մեկի մոտ այլեւս կասկած չի թողնում՝ հաշվի առնելով այն, որ անգամ ՊՆ խորհրդականի կամ օգնականի կարգավիճակ ունեցող անձն իրականում կառավարելու է ՊՆ-ն, էլ չեմ ասում, որ բանակը բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին, հարց է առաջանում՝ ինչի՞ համար, էլ չեմ ասում, որ հարեւան Վրաստանում վիճակը հոկտեմբերի 26-ին եւ դրանից հետո ծայրահեղ լարված կլինի»,- ասում է Նահապետյանը՝ ակնհայտ համարելով, որ այսօր Վրաստանին ու Հայաստանին սպառնում է Ուկրաինայի կարգավիճակը։


Նահապետյանի խոսքով՝ եթե իսրայելաիրանական հակամարտությունը հանկարծ պատերազմի վերաճի, տարածաշրջանը վառոդի տակառ է դառնալու, իսկ եթե օրվա իշխանությունը երկիրը որպես հարթակ տրամադրի հավաքական Արեւմուտքին՝ ընդդեմ Իրանի, բացառված չէ, որ Հայաստանը հարված ստանա նույն Իրանից։ Օրինակ, ըստ Նահապետյանի, Իրանը կարող է թիրախավորել ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնները եւ հրթիռային հարվածներ հասցնել՝ որպես հետախուզական կառույցի։ Այնպես որ, տարածաշրջանային տերությունների միջեւ կռվախնձորի կարգավիճակում դրված լինելու ռիսկերը, ըստ մեր զրուցակցի, չափազանց մեծ են, որի հետեւանքները շատ ծանր են լինելու։


«Հայաստանի ամբողջ տարածքը, ոչ միայն Սյունիքը, ուղղակի կարող է ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալ»,- ահազանգում է Նահապետյանը։



1/1952
bottom of page