ՎԻԳԵՆ ԷՈՒԼՋԵՔՉՅԱՆՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՐԱՌՄԱՆԸ․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 2 min read

Բաքվում ապօրինի 5 տարի կալանքից հետո ազատված և Մայր հայրենիք վերադարձած Վիգեն Էուլջեկչյանի կինը՝ Լինդան և Վիգենի ու մյուս հայ բանտարկյալների և գերիների շահերի պաշտապանությամբ զբաղվող արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը հրապարակային հայտարարություն են արել՝ կապված քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի աղմկահարույց հրապարակման հետ։ Ներկայացնում ենք նրանց համատեղ հայտարարությունը․
«Լինդա Էուլջեկջյանը և Լուսիանա Մինասյանը ցանկանում են պաշտոնապես և վճռականորեն արտահայտել իրենց խոր մտահոգությունը պարոն Էդգար Ղազարյանի կողմից տարածվող անպատասխանատու և մոլորեցնող հրապարակման վերաբերյալ։
Հինգ տարվա գերությունից և ավելի քան երեք տարվա ինտենսիվ իրավական, մարդասիրական և հոգեբանական պայքարից հետո խորապես ցավալի և անընդունելի է տեսնել, թե ինչպես են նախկին պատանդների և նրանց ընտանիքների տառապանքներն օգտագործվում շահարկումների, քաղաքական պատմությունների կամ հանրային ծաղրի համար։
Նման հրապարակումները ոչ միայն աղավաղում են փաստերը, այլև վնասում են իրական մարդկանց, ովքեր դեռևս գտնվում են տրավմայից, կորստից և երկարատև անարդարությունից ապաքինվելու գործընթացում։
Մենք կտրականապես մերժում ենք գրառման մեջ պարունակվող տոնը, ենթատեքստերը և անհարգալից վերաբերմունքը։ Գերության փորձը քաղաքական մեկնաբանությունների կամ սոցիալական ցանցերում զվարճանքի նյութ չէ։ Պետք է հարգվի փրկվածների և նրանց ընտանիքների արժանապատվությունը։
Ավելին, մինչդեռ ևս 19 հայ ռազմագերիներ մնում են գերության մեջ՝ դեռևս պայքարելով իրենց ազատության համար և դեռևս սպասելով արդարադատության, հատկապես ցավալի է տեսնել, թե ինչպես են հայ քաղաքացիները իրենք՝ բորբոքում պառակտումը և տարածում վնասակար պատմություններ՝ փոխարենը միասնական կանգնելու նրանց շուրջ, ովքեր շարունակում են տառապել։
Վիգեն Էուլջեքջյանի գործը լուծվել է օրինական պաշտպանության, համառության և անձնական զոհաբերության միջոցով: Նրա ընտանիքի տառապանքը, կնոջ պայքարը և նրա անունից գործադրված ջանքերը ենթակա չեն հանրային մանիպուլյացիայի կամ զրպարտության:
Մենք կոչ ենք անում հասարակական գործիչներին, լրագրողներին և մեկնաբաններին ցուցաբերել պատասխանատվություն, էթիկա և մարդկայնություն՝ խոսելով կալանքի զոհերի և նրանց ընտանիքների մասին:
Սա քաղաքականություն չէ:
Սա մարդկային արժանապատվության մասին է:
Լինդա Էուլջեքչյան
Լուսիանա Մինասյան
Էուլջեքջյան ընտանիքի և SOAR – Բուենոս Այրեսի մասնաճյուղի անունից»։
Ներկայացնում ենք նաև Էդգար Ղազարյանի՝ վերոնշյալ մտահոգությունը հարուցած գրառումը՝ Խառը պատմությունների հետքերով վերտառությամբ։
«Երբ գերության մեջ էր լիբանանահայ Մարալ Նաջարյանը, նա հանդիսանում էր Լիբանանի քաղաքացի։ Լիբանանի իշխանությունների ջանքերով, այդ թվում Ադրբեջանում Լիբանանի դեսպանի անմիջական ներգրավվածության շնորհիվ, 2021 թվականի մարտի 11-ին Մարալ Նաջարյանն ազատվել է գերությունից։ 2021 թվականի մարտի 22-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։
Այն ժամանակ խոսվում էր, որ Մարալ Նաջարյանը գերության մեջ է հայտնվել իր ամուսնու՝ Վիգեն Էուլջեքջյանի հետ, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին գնացել էին Շուշի՝ անձնական իրերը վերցնելու։
2026 թվականին, երբ գերությունից ազատվեց Վիգեն Էուլջեքջյան, պարզվում է, որ նրա կինը ոչ թե նախկինում գերության մեջ հայտնված Մարալ Նաջարյանն է, այլ Լինդա Էուլջեքչյանը, ով մինչ այդ Վիգենի ազատության համար խնդրագրով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Վիգենի գերությունից վերադարձի լուրը լսելիս, նրան օդանավակայանում ծաղիկներով դիմավորելու էր շտապել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, շիշ բռնող և ալենամերժ Հայկ Սարգսյանը, ով հետո դարձել էր այդ զույգի հնդկական կինո հիշեցնող տեսանյութերի նկարահանման ու տարածման պրոդյուսերը՝ տեսանյութերում կոկորդիլոսի արցունքներով լացելով նրանց հետ։
Ավելի ուշ՝ շիշ բռնողը սկսեց պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել տարբեր ռեստորաններից ու խրախճանքի վայրերից՝ Վիգենի և Լինդայի մասնակցությամբ, որոնք առավել շատ կասկածներ են առաջացնում։
Հարց է առաջանում, թե վերջապես ո՞վ է Վիգեն Էուլջեքջյանի կինը․ Մարալ Նաջարյանը, ում հետ նա հայտնվել էր գերության մեջ, թե Լինդա Էուլջեքչյանը, ով դիմավորում է նրան գերությունից ազատվելուց՝ շիշ բռնողի հետ միասին։
Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ կապ ուներ շիշ բռնողն այդ պատմության հետ, նրա ակտիվ ներգրավվածության իմաստն ու շարժառիթները՝ օդանավակայանից մինչև խրախճանքի վայրեր։
Այս խառը պատմությունը նիկոլական քարոզչական պրոպագանդային ֆոնին մտորելու տեղիք է տալիս»։



















