Ձգձգված զորակոչ, անհայտ կորածների ընտանիքներին աջակցություն և այլ որոշումներ կառավարության նիստում
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 2 min read

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում էին, ինչպես երկրի միջազգային քաղաքական օրակարգին, այնպես էլ պաշտպանական և սոցիալական ոլորտներին։
Օրակարգի առավել տեսանելի որոշումներից էր մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18։ Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն էր։ Մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն մասնակցելու է միջոցառմանը, և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Միևնույն ժամանակ գագաթնաժողովի կազմակերպման համար նախատեսված է 1 մլրդ 656 մլն 295.2 դրամի ծախս, որից 656 մլն 295.2 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության 2026 թ. պահուստային ֆոնդից:
Կառավարության երկրորդ կարևոր որոշումը վերաբերվում էր 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետի երկարաձգմանը։ Այն հունվարի 31–ից երկարաձգվում է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այս քայլը միաժամանակ արձանագրում է, որ զորակոչային համակարգում դեռևս կան օբեյկտիվ բարդություններ, որոնք պահանջում են ժամկետային ճշգրտումներ։
Սոցիալական ուղղությամբ ընդունված որոշումներից առանձնանում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության երկարաձգում։ Թվով 21 ընտանիքների համար ևս երեք ամսով 300 հազար դրամի աջակցությունը ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական նշանակություն ունի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված կառավարության որոշմամաբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսեկան 300 հազար դրամի չափով։ Այդ աջակցությունը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, սակայն միայն մինչև այն պահը, երբ զինծառայողը դատական կարգով ճանաչվում է անհայտ բացակայող։
Միևնույն ժամանակ, գործող կարգավորմամբ սահմանվում է, որ եթե մինչև 2025 թվականի դեկտեմբերը անհայտ կորած զինծառայողի վերաբերյալ դատարանի համապատասխան ակտ չկա, ապա ընտանիքին տրամադրվող աջակցությունը դադարեցվում է։ Արդյունքում, 2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական աջակցությունից զրկվելու էին թվով 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ, որոնք մինչև 2026 թվականի հունվարի 15-ը դեռևս չունեին զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական որոշում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 15.01.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. հունվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել, մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ:
Այսպիսով, կառավարության այսօրվա նիստը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները շարունակում են լուծումներ առաջարկել արդեն իսկ առկա խնդիրներին՝ հիմնականում իրավիճակային և հետաձգված տրամաբանությամբ։ Միջազգային բարձրակարգ միջոցառումների կազմակերպման համար հարյուրավոր միլիոնների ծախսերի ֆոնին սոցիալական և պաշտպանական ոլորտներում որոշումները հաճախ ընդունվում են ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ ժամանակավոր մեղմացումների ձևով։ Իսկ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցությունը երկարաձգելու անհրաժեշտությունը ևս մեկ անգամ վկայում է, որ տարիներ անց էլ պետությունը չունի այս հարցերի վերջնական ու հստակ լուծումը։ Կառավարության առաջ կանգնած է այն հիմնական հարցը, որ արդյո՞ք ընդունվող որոշումները ծառայում են երկարաժամկետ լուծումներին, թե պարզապես ժամանակ շահելու փորձ են՝ հանրային դժգոհությունը մեղմելու համար։
Ալիտա Եղիազարյան



















