Փաշինյանը երկար դադարից հետո Եռաբլուրում էր․ արդյո՞ք նրա հերթական հաշվարկված քայլն էր, թե՞
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 2 min read

Հունվարի 27-ը Հայաստանում այսուհետ նշվում է որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր։ Որոշումն ընդունվել է օրեր առաջ՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ՝ 69 կողմ, 15 դեմ, առանց ձեռնպահ ձայների։
Օրենքի նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրանց ներկայացրած հիմնավորման համաձայն՝ մինչ այժմ Հայաստանում բացակայում էր մի օր, որը նվիրված կլիներ բոլոր ժամանակներում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակին։
Գործող օրացույցում հիշատակի արարողությունները հիմնականում կապվում էին կամ կոնկրետ ռազմական իրադարձությունների տարելիցների, կամ հունվարի 28-ի՝ Բանակի օրվա հետ, որն իր բնույթով առավել տոնական է, քան սգի կամ խոնարհման։
Հենց այս օրենսդրական փոփոխությունն էլ Նիկոլ Փաշինյանին ստիպեց երկար դադարից հետո այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։
Վարչապետի այցը տեղի ունեցավ վաղ առավոտյան և ուղեկցվեց խիստ անվտանգության միջոցառումներով։ Եռաբլուրի տարածքը ժամեր առաջ շրջափակված էր ոստիկանության մեծաթիվ ուժերով, իսկ քաղաքացիների կամ զոհվածների հարազատների համար վարչապետի պրոտոկոլին մոտենալը փաստացի անհնար էր։
Այս հանգամանքը հանրային դաշտում առաջ բերեց հարցեր՝ ինչո՞ւ կամ ինչի՞ց է Փաշինյանը վախենում։ Դիտարկում կա, որ իշխանությունները հաշվի էին առել նախորդ տարիների փորձը, երբ զոհվածների ծնողների մի մասը բացահայտ դժգոհություն էր հայտնել վարչապետի ներկայությունից՝ թույլ չտալով նրան մոտենալ իրենց զավակների շիրիմներին։
Տարիներ անց իրավիճակը էապես չի փոխվել։ Զոհվածների մի շարք ծնողներ շարունակում են հրապարակայնորեն հայտարարել, որ չեն ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանին իրենց որդիների շիրիմներին այցի՝ դա համարելով անընդունելի և վիրավորական։
Ուշագրավ է նաև ընտրված ամսաթիվը։ Հունվարի 27-ը չի համընկնում արցախյան պատերազմների որևէ կարևոր փուլին։ 2016 թվականի քառօրյա պատերազմը սկսվել է ապրիլի 2-ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը իրականացրել է լայնածավալ հարձակում Արցախի վրա, որին հաջորդել է արցախահայության բռնի տեղահանությունը և փաստացի էթնիկ զտումը։
Վարչապետի այցը, անկախ դրա խորհրդանշական նշանակությունից, հասարակության մի մասի կողմից ընկալվեց ոչ թե որպես համազգային խոնարհման և հարգանքի, այլ որպես հաշվարկված քաղաքական քայլ։ Քննադատները պնդում են, որ նման ձևաչափով այցերը ավելի շատ ուղղված են տեսանյութերի, կադրերի և սոցիալական ցանցերում արձագանքների ապահովմանը, քան զոհվածների հիշատակի շուրջ իրական համախմբմանը։
Հետաքրքիր էր նաև այն, որ նախագծի համահեղինակներից ո՛չ Գեղամ Նազարյանը, ո՛չ Ռուբեն Ռուբինյանը չէին այցելել Եռաբլուր։
Պարզեցինք, որ ԱԺ փոխնախագահը երկրում չէր, բայց թե ինչո՞ւ Գեղամ Նազարյանը Եռաբլուրում չէր, դա արդեն անհասկանալի էր։
Պարզելու համար, թե ո՞րն է եղել Նազարյանի՝ Եռաբլուր չգնալու պատճառը MediaHub-ը փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։



















