ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
- Arnold Gevorgyan
- 2 minutes ago
- 3 min read

«Վարչապետի ավտոշարանը հլէ տեհա, ասի՝ օհո՜, իմն էլ ըստեղ հատավ... Մի հալով աջս քաշեցի ու հո չտոռմըզեցի: Ուղիղ տրատուարն ընկա... Այ ախպեր, տրորըմ էին, է՜, տրորըմ... Էդ ի՜նչ արագություն էին բացել, բացել եմ ասըմ՝ օդումը թռչը՜մ էին»:
Լոռեցի անծանոթ տաքսիստի պատմածը՝ վարչապետի ավտոշարասյան վայրագ սլացքի մասին, այսօրվա Հայաստանում արդեն սովորական պատկեր է։ Հանրապետության ճանապարհներին իշխանավորների տասնյակ մեքենաներով սլացող շարասյուները վաղուց դարձել են ամենօրյա երեւույթ։ Թե ուր են շտապում՝ երկրորդական է։ Պարզ է, որ շտապելու բան չկա, եւ դա իրենց գոյությանը կարեւորություն տալու համար է միայն։ Էականը մեկ այլ հարց է․ ինչո՞ւ են աղքատ ու պարտքով բեռնված երկրի ղեկավարները շրջում այդքան թանկարժեք մեքենաներով։
Հպանցիկ ուսումնասիրությունը հանգեցնում է տխուր եզրակացության․ իշխանավորների «թանկարժեք ավտոցավը» նույնքան վտանգավոր է, որքան նրանց մյուս շռայլ «ատրիբուտները» եւ իշխանավայել կյանքը, որն արդեն աչք է ծակում։ Երբ պետության արտաքին պարտքը գերազանցում է 14 միլիարդ դոլարը, իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի երկրի վաղվա օրը, ոչ թե փայլեցված թափքերը, գոլդ համարանիշներն ու հարմարավետ ավտոսրահները։ Ինչո՞ւ է աղքատ պետությունը միլիոններ շռայլում ծառայողական շքեղ ավտոմեքենաների վրա։ Ինչպե՞ս կարող է մի երկիր, որի քաղաքացին ձմռանը կանգնած է գազի, փայտի, սննդի ու դեղորայքի խնդրի առաջ, որի զինվորն առաջնագիծ է մեկնում հին տեխնիկայով, ուսուցիչն ու թոշակառուն ապրում են նվազագույնի հաշվարկով, իրեն թույլ տա թանկարժեք ավտոպարկի շարունակական թարմացում։ Սա շռայլություն է՝ սահմանակից անբարոյականությանը։
Պետական բյուջեն իշխանությունների անձնական դրամապանակը չէ։ Պաշտոնյան հանրային ծառայող է, ոչ թե ֆեոդալ։ Թանկարժեք մեքենան պետական կառավարման արդյունավետության չափանիշ չէ․ այն այսօր իշխանության՝ ժողովրդից կտրվածության խորհրդանիշն է։ Երբ պարտքերը կուտակվում են, իսկ սոցիալական խնդիրները՝ խորանում, նման գնումները հասարակությանը հստակ ուղերձ են փոխանցում․ իշխանությունն ու ժողովուրդը ապրում են տարբեր իրականություններում։ Սա արժեհամակարգի հարց է։ Ի՞նչ պետություն ենք կառուցում, եթե նույն իշխանությունը պետական պարտքերը կրկնապատկում է, որ շքեղ կյանքով ապրի եւ հարուստ պետությունների պաշտոնյաներից շատ ավելի շռայլ ծախսեր անի իր կեցության, հագուկապի, պաշտպանության, տեղափոխման վրա։
Հատկանշական է, որ Հայաստանում ուժային կառույցների, իշխանությունների տարբեր ծախսերի եւ հատկապես՝ ավտոպարկի վերաբերյալ ամբողջական եւ բաց տեղեկատվություն գրեթե գոյություն չունի։ Չկան հրապարակային ցուցակներ, գնման հիմնավորումներ, հստակ բացատրություններ։ Իսկ երբ հանրային փողը ծախսվում է գաղտնիության պայմաններում, դա արդեն հաշվետվողականության լուրջ խնդիր է, կոռուպցիոն ռիսկեր։ Մինչդեռ շատ ավելի հարուստ երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ոստիկանությունն ու ուժայինները հիմնականում օգտվում են համեստ, աշխատանքային անհրաժեշտությունից բխող մեքենաներից՝ Renault, Peugeot, Volkswagen, Opel։ Եվրոպայում ծառայողական ավտոմեքենան ընտրվում է արդյունավետության ու տնտեսական հաշվարկի, ոչ թե շքեղության ցուցանիշով։ Հայաստանում՝ հակառակը․ փակ եւ կասկածելի շռայլության։ Որքա՞ն է մեկ մեքենայի իրական արժեքը։ Ինչո՞ւ է ընտրվել հենց այդ մոդելը։ Կա՞ արդյոք ավելի համեստ, էլի արդյունավետ այլընտրանք։ Այս հարցերը մնում են անպատասխան։ Պետական բյուջեն պատկանում է ժողովրդին։ Այն չի պատկանում ո՛չ ոստիկանին, ո՛չ ԱԱԾ աշխատակցին, ո՛չ նախարարին, ո՛չ էլ վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին: Այն պատկանում է ժողովրդին, որը հարկ է վճարում, վարկ է վերցնում իր երկրի անունից եւ հետո նույն այդ պարտքերի բեռը կրում սեփական ուսերին։ Երբ այդ ժողովրդին չեն բացատրում, թե ինչու են իր վճարած հարկերով գնվում շքեղ մեքենաներ, դա հիշեցնում է ոչ թե անվտանգության ապահովում, այլ իշխանական ինքնահաստատում։ Առավել ցինիկ է այն, որ երբեմն նույն այդ մեքենաներով քաղաքացուն բերման են ենթարկում՝ իր սահմանադրական իրավունքներն իրացնելու, հանրահավաք ու բողոքի ակցիա անելու համար։
Թվերը խոսուն են։ Հայաստանում որոշ ծառայողական մեքենաների միջին արժեքը 14-15 միլիոն դրամ է, որը համարժեք է ուսուցչի 6-7 տարվա աշխատավարձին, թոշակառուի շուրջ 30 տարվա թոշակին։ Սա պետական առաջնահերթությունների մերկ ցուցադրություն է։ Երբ նույն դպրոցներում դասասենյակները ջեռուցված չեն, ուսուցիչները ստիպված են երկրորդ աշխատանք փնտրել, թոշակառուն հաշվարկում է՝ այս ամիս դե՞ղ գնի, թե՞ հաց։ Պարզ է, որ 30 հազար դոլարը տարբեր արժեք ունի ուժեղ եւ թույլ տնտեսությունների, հարուստ եւ աղքատ երկրների համար։ Ինչ վերաբերում է «վերեւինների» մեքենաներին, ապա այստեղ եւս բաց տվյալներ չկան։ Լրագրողական հրապարակումներից հայտնի է, որ ԱԺ նախագահի BMW 750Li-ի արժեքը մոտ 90 մլն դրամ է, վարչապետի ծառայողական մեքենան գնահատվում է մոտ 300 հազար դոլար, Աննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան՝ մոտ 150 հազար դոլար: Վարչապետի թիկնազորի մեքենաներից յուրաքանչյուրը՝ մոտ 100 հազար դոլար, վարչապետի ավագ դստերը տրամադրված մեքենայի արժեքը մոտ 30 հազար դոլար է:
Պետությունը թույլ է տալիս շքեղություն՝ առանց բացատրության, առանց հաշվետվողականության։ Երբ կառավարությունը փակ է պահում ոչ միայն իր ավտոպարկի, այլեւ այլ ծախսերի մասին կարեւոր որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը, բացահայտվում են երկրի բազմաթիվ հիմնախնդիրների չլուծվելու պատճառները․ թե ինչու չեն բարձրացվում թոշակները, ինչու են կրճատվում ռազմական ծախսերը, ինչու են խորանում աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը, ինչու է իշխանությունը դառնում այդքան «քաղցր», եւ ինչու են կյանքի գնով փորձում պահել այդ իշխանությունը։
Աղքատ պետությունը շքեղություն չի կարող իրեն թույլ տալ։ Իսկ եթե, լինելով պարտքերի մեջ խրված, իշխանությունն ընտրում է շքեղ ապրելակերպը, դա այլեւս պարզապես սխալ չէ․ դա անբարոյականություն է։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ



















