Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա․ «Սպուտնիկ Արմենիա»

ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։ «Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,- ասել է գյուղապետը։
Նա նաև հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցն էին արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց էր տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվել է բժշկական օգնություն:



















