ԱՄՆ-ում հետաքննում են մանկական խառնուրդից նորածինների բոտուլիզմով վարակվելու դեպքերը
- Jun 17
- 1 min read

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հետաքննում է հազվադեպ և վտանգավոր հիվանդության՝ մանկական բոտուլիզմի բռնկումը, որը կարող է կապված լինել նորածինների համար նախատեսված օրգանիկ չոր խառնուրդի օգտագործման հետ, հայտնում է Health Day-ը։
Գերատեսչության տվյալներով՝ երեք նահանգներում՝ Կալիֆորնիայում, Փենսիլվանիայում և Վաշինգտոնում, նորածինների շրջանում գրանցվել է A տիպի բոտուլոտոքսինով վարակման երեք դեպք։ Բոլոր հիվանդ երեխաներն էլ ապրիլին կամ մայիսին օգտագործել են միևնույն մանկական կերը։
Խոսքը «Nara Organics Whole Milk Organic Powdered Infant Formula» ապրանքատեսակի մասին է, որը վաճառվել է ԱՄՆ ողջ տարածքում՝ «Target» խանութների ցանցում, Target.com կայքով և արտադրողի պաշտոնական կայքէջի միջոցով։
Հետաքննության տվյալների համաձայն՝ ապրանքը երկրում տարածվել է 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսը, սակայն ԱՄՆ սահմաններից դուրս չի վաճառվել։
Շուկայից հետկանչման և ստուգման ենթակա են փաթեթավորման երկու տարբերակները.
700 գրամանոց փաթեթավորում (UPC: 860013251901)
400 գրամանոց փաթեթավորում (UPC: 860013251918)
Մանկական բոտուլիզմը հազվադեպ հանդիպող, բայց պոտենցիալ վտանգավոր վիճակ է, որի դեպքում Clostridium botulinum բակտերիաները տոքսին են արտադրում երեխայի աղիքներում։ Դա կարող է հանգեցնել մկանային թուլության և լուրջ նյարդաբանական խանգարումների։
FDA-ն դեռևս վերջնականապես չի պարզել վարակի աղբյուրը, սակայն բոլոր հաստատված դեպքերն ունեն ընդհանուր գործոն՝ նույն մանկական խառնուրդի օգտագործումը։
Հետաքննությունը շարունակվում է։ Գերատեսչությունն ստուգում է արտադրական շղթաները և ապրանքի հնարավոր աղտոտման օջախները։



















