Վրաստան-Ադրբեջան՝ ռազմաքաղաքական դաշինք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում վրաց-ադրբեջանական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կողմերը գնահատում են որպես ռազմավարական և դաշնակցային:
Վերջին 15 տարվա ընթացքում վրաց-ադրբեջանական հարաբերություններում տնտեսական և էներգետիկ-տրանսպորտային կապերը ակտիվորեն զարգացել են՝ խթանելով նաև քաղաքական բարձր մակարդակի շփումները: Նավթագազային ռեսուրսներից զուրկ Վրաստանի համար կարևոր են ադրբեջանական էներգակիրները թե́ վրացական տնտեսության համար, թե́ դեպի Թուրքիա և այլ երկրներ տարանցման համար:
Վրաստան-ՌԴ հարաբերությունները սրված են, 2008թ.-ի Հարավային Օսիայում պատերազմից հետո դիվանագիտական կապերը խզվել են և Թբիլիսին ռուսական գազից իր կախվածությունը թուլացնում է ադրբեջանական էներգակիրների միջոցով: Ադրբեջանը կառուցում է Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրասնպորտային միջանցքը, կամուրջը, որտեղ Վրաստանը կապող օղակ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև` Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների և Թուրքիայի միջև:
Ադրբեջանը Վրաստանի միջոցով կապ է պահպանում Թուրքիայի հետ՝ գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ավտոմոբիլային ճանապարհը, ինչպես նաև` Վրաստանով են անցնում Ադրբեջանի բյուջեի համար կենսական նշանակություն ունեցող նավթագազամուղերը: Վրաստանը նաև Ադրբեջանի պատուհանն է դեպի Սև ծով:
Երկկողմ տնտեսական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են՝ Ադրբեջանը ներդրումներ է իրականացնում վրացական տնտեսության մեջ: Վրաստանում է բնակվում մեծաթիվ՝ կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի հետ սահմանակցող Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում:
Թուրքական և ադրբեջանական ներդրումներն ունեն կենսական նշանակություն վրացական տնտեսության համար: Դրան զուգահեռ, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում: Նշենք, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան՝ՆԱՏՕ-ի անդամ երկիր է:
Վրաստան-Ադրբեջան տանդեմի կապերի ամրապնդումը բխում է Արևմուտքի շահերից, քանի որ այդ երկրներով են անցնում ՌԴ-ն շրջանցող և ԵՄ-ի համար գեոպոլիտիկ հետաքրքրություն ներկայացնող նավթագազամուղերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ու TANAP-ը:
Այսպիսով, Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակելու են զարգանալ՝ տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական ոլորտներում, քանի որ այդ շփումները բխում են երկկողմ շահերից: Բացի այդ, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կասպից ծով լոգիստիկ միջանցքի հզորացումը բխում է ԱՄՆ-ն և ԵՄ-ի շահերից, քանի որ թույլ է տալիս կասպյան, կենտրոնականասիական էներգակիրները, ռուսական տարածքը շրջանցելով, արտահանել դեպի Արևմուտք:
Արտյոմ Բալասանով



















