top of page

Կառավարությունը որոշեց տոների ցանկում ավելացնել հանրային ծառայողի օրը, որ կլինի աշխատանքային

  • 12 hours ago
  • 3 min read

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը այն կլինի աշխատանքային օր։

«Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։ Միաժամանակ հանրային ծառայության համակարգի միասնականության, տարբեր ծառայությունների միջև համագործակցության և ընդհանուր առաքելության ընդգծման տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օր, որը խորհրդանշելու է հանրային ծառայության ամբողջ համակարգը և դրա դերը պետության զարգացման գործում։

Անկախ ծառայողի իրականացրած գործառույթի բնույթից՝ իրավապահ, վարչական, սոցիալական, վերահսկողական կամ այլ հանրային նշանակության՝ նրա գործունեությունը վերջնական արդյունքում ուղղված է հանրային շահի սպասարկմանը։

Հետևաբար, այդ գործունեության արժևորման և հանրային ծառայության դերի ընդգծման համար առավել ամբողջական և համակարգային մոտեցում է ոչ թե յուրաքանչյուր ծառայության համար առանձին օր սահմանելը, այլ բոլոր հանրային ծառայողների համար մեկ միասնական օր ունենալը։

Այս մոտեցումը հիմնվում է հետևյալ սկզբունքի վրա. «Տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, սակայն մեկ ընդհանուր հանրային առաքելություն», ինչն էլ համապատասխանում է ժամանակակից պետական կառավարման այն տրամաբանությանը, որի շրջանակում տարբեր պետական կառույցների գործունեությունը դիտարկվում է որպես մեկ ընդհանուր կառավարման համակարգի բաղադրիչ։

Հունիսի 23-ը հանրային ծառայողի օր սահմանելիս առաջարկվում է այն սահմանել որպես աշխատանքային օր՝ այն դիտարկելով ոչ թե որպես լրացուցիչ ոչ աշխատանքային օր, այլ որպես հանրային ծառայության մասնագիտական գործունեության, հանրային ծառայողների աշխատանքի և ներդրման արժևորմանն ուղղված խորհրդանշական օր։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդգծել հանրային ծառայողի դերն ու նշանակությունը՝ առանց ավելացնելու ոչ աշխատանքային օրերի քանակը և առանց խաթարելու պետական կառավարման, հանրային ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեության բնականոն ընթացքը։

Հարկ ենք համարում նշել նաև, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը  հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, խրախուսել և արժևորել հանրային ծառայողների դերը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նորարարական մոտեցումների ներդրման և միասնական պետական քաղաքականության իրականացման գործում։

Միաժամանակ Նախագծի մշակումը պայմանավորված է 2026 թվականի ապրիլի 27-ին կայացած Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/124-2026 արձանագրության 1-ին կետով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին տրված հանձնարարականով՝ հանրային ծառայողի օր սահմանելու հարցում ձևավորել միասնական մոտեցում։

Հարկ է նկատել նաև, որ հանրային ծառայության համակարգի համար մեկ միասնական խորհրդանշական օրվա սահմանումը հնարավորություն կտա պետական մակարդակով առավել ամբողջական կերպով ներկայացնել հանրային ծառայության նշանակությունը, հանրության ուշադրությունը կենտրոնացնել հանրային ծառայողների միասնական առաքելության վրա և խթանել համակարգի նկատմամբ հանրային վստահության ու հեղինակության բարձրացումը։

Ավելին, հանրային ծառայողի միասնական օրվա սահմանումն ինքնին բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանրային կառավարման ոլորտում որդեգրած միասնականացման քաղաքականությունից, որի շրջանակում ծառայության տարբեր տեսակները դիտարկվում են ոչ թե որպես մեկուսացված, ինքնուրույն կարգավորվող միավորներ, այլ որպես մեկ միասնական համակարգի բաղադրիչներ՝ ընդհանուր սկզբունքներով, արժեքներով և կառավարման մոտեցումներով։ Այս տրամաբանության համաձայն՝ հանրային ծառայության համակարգային միասնականացումը ենթադրում է ոչ միայն ընդհանուր կարգավորումների, այլև ընդհանուր խորհրդանշական արժեքների առկայություն, որոնցից մեկը հանդիսանում է հանրային ծառայողի միասնական օրը։

Վերոգրյալի տրամաբանությամբ՝ հանրային ծառայողի միասնական օրվա սահմանումը միաժամանակ նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի բացառվի առանձին ծառայությունների համար ինքնուրույն, մասնագիտացված ծառայողական օրերի հետագա սահմանման հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կհակասի հենց այն միասնականացման քաղաքականությանը, որի իրագործմանն ուղղված է Նախագիծը։ Հետևաբար, միասնական օրվա սահմանումը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ լրացուցիչ տոն այլ տոների կողքին, այլ որպես հանրային ծառայության համակարգային միասնականացման քաղաքականության անբաժանելի և բացառիկ դրսևորում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

 
 
1/2284
bottom of page