top of page

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. ինչ էթիկա է խախտվել

  • 13 hours ago
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ։ Այս մասին կառույցից հայտնեցին «Ժողովուրդ» օրաթերթին։

«Ժողովուրդ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով գնահատել՝ արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։

Հանձնաժողովից մեր հարցմանը օպերատիվ պատասխանել են։

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Հանձնաժողովը «մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն»՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։

Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։

Այս ձևակերպումն ուշագրավ է։ Հանձնաժողովը չի սահմանափակվել գրառման վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությամբ, այլ փաստացի այն ներառել է պաշտոնատար անձի վարքագծի հնարավոր խախտման տեսանկյունից ուսումնասիրության շրջանակում։

Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին։ Ըստ այդ դրույթի՝ Հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», սպառնացել «տրորել» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ։ Գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի նման վարքագիծը համապատասխանում է պաշտոնատար անձանց համար սահմանված վարքագծի կանոններին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2284
bottom of page