Մենք մեծապես ձգտում ենք դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ. Կոբախիձե
- Apr 17
- 1 min read

Մենք մեծապես ձգտում ենք դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի առաջնորդների պանելային քննարկման ժամանակ:
«Մենք մեծապես ձգտում ենք դառնալ ԵՄ լիարժեք անդամ։ Մենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ կիսում ենք նույն նպատակը, սակայն նաև գիտակցում ենք, որ Եվրոպական միությունն ինքը բախվում է շատ զգալի և հիմնարար մարտահրավերների։ Երկար տարիներ Եվրոպական միությունն ուներ որոշակի ուժեղ կողմեր՝ ուժեղ ինքնություն, բարեկեցության բարձր մակարդակ և ուժ՝ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության տեսանկյունից։ Բայց հիմա, եթե նայեք ԵՄ-ի ներկա վիճակին, այն մարտահրավերների է բախվում այս բոլոր երեք ոլորտներում։ Մենք խիստ մտահոգված ենք դրանով և հույս ունենք, որ ապագայում իրավիճակը կբարելավվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ երբ խոսում ենք Հարավային Կովկասի մասին, բոլոր անորոշությունները և գլոբալ մարտահրավերները ազդում են նաև Վրաստանի տարածաշրջանի վրա։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն այս ավելի լայն զարգացումների լույսի ներքո։
«Մենք անում ենք հնարավորը համապատասխան հնարավորություններից օգտվելու համար։ Տարիներ շարունակ Վրաստանն ապացուցել է, որ հուսալի կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, և մենք քրտնաջան աշխատում ենք մեր կապող օղակի գործառույթը հնարավորինս ուժեղացնելու ուղղությամբ։ Ներկա հանգամանքներում, երբ առևտրային ուղիները գտնվում են առանձնահատուկ ճնշման տակ, մենք կարող ենք արժեքավոր ծառայություններ առաջարկել մեր գործընկերներին աշխարհի տարբեր մասերում։ Վրաստանը ծառայում է որպես տարանցիկ հաբ՝ ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղաշարժի համար, և մենք կշարունակենք ներդնել մեր առավելագույն ջանքերը այդ գործառույթն ամրապնդելու համար»,- նշել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ՝ երկիրն աշխատում է իր սահմանների ներսում խաղաղություն և կայունություն պահպանելու, տնտեսական առաջընթաց ապահովելու և փոխկապակցվածությունը խթանելու ուղղությամբ։



















