«Հրավիրել, նստեցնել դահլիճում, սպասեցնել ու անգամ հարկ չհամարել տեղեկացնել, որ անվանակարգը դո՞ւրս է եկել, նման ձևով հիասթափեցնե՞լ»․ դժգոհություններ՝ «Արտավազդ»-ից
- Mar 28
- 2 min read

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը կայացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները։
Մրցանակաբաշխությունից օրեր առաջ Հրազդանի Դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջը հայտարարություն տարածեց․
«Հրազդանի Դրամատիկական թատրոնը չի մասնակցի 2026 թվականի Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությանը` ներկայացման ժամանակ ժյուրիներից երկուսի անհարգալից պահվածքի պատճառով։ Հիշեցնենք` թատրոնի դերասան Լևոն Մամիկոնյանը նոմինացվել էր որպես լավագույն երիտասարդ դերասան(«Շունն ու կատուն» ներկայացում, ռեժիսոր' Աշոտ Հակոբյան)»։
Մրցանակաբաշխությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց նաև դրամատուրգ Նարեկ Մանուչարյանն, ում խոսքով՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչները նորից ստիպեցին մտածել, որ ոչ կոմպետենտությունն ու անհարգալից վերաբերմունքը չի վերանալու։
««Տարվա լավագույն պիես» անվանակարգը հերթական անգամ հանվել էր ցանկից, ու չորս առաջադրվածները դրա մասին իմացան մրցանակաբաշխության ավարտին մոտ շարքերի փսփսոցից։ Սա անհարգալից վերաբերմունք է նախ մարդու հանդեպ, չէ՞ որ հենց ժյուրին էր ընտրել չորս առաջադրվածներին։ Հրավիրել, նստեցնել դահլիճում, սպասեցնել ու անգամ հարկ չհամարել տեղեկացնել, որ անվանակարգը դո՞ւրս է եկել, նման ձևով հիասթափեցնե՞լ։ Իրավունք չունեք։
Ես պահանջում եմ Հայաստանի թատերական գործիչների միությունից հարգալից վերաբերմունք ունենալ յուրաքանչյուր թատերական գործչի հանդեպ, չփորձել նման վարվելակերպով ստորադասել ինչ-որ մեկին կամ ինչ-որ անվանակարգ։ Երբ մեծերին բեմ եք կանչում ու պատվո Արտավազդներ տալիս, հիշեք, որ պարտավոր եք նույնչափ հարգանք ունենալ նաև երիտասարդների հանդեպ։ Ես և Արմինեն 2024-ից այս կողմ շարունակում ենք մնալ գործող հաղթողները, հարցը հաղթանակը չէ, հարցը կազմակերպիչների կողմից ոչ պրոֆեսիոնալ ու անմարդկային վարմունքն է այն մարդկանց հանդեպ, որոնցից դեռ երկու օր առաջ լուսանկար էին ուզում պատէկրանին ցուցադրելու համար, հրավիրատոմսեր էին տալիս՝ որպես նոմինանտներ, մոտենում հաջողություն ու հաղթանակ էին մաղթում։
Ու երբ ամեն պատեհ-անպատեհ առիթով բեմից ասում եք երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի «Չկա հայկական թատրոն՝ առանց հայկական դրամատուրգիայի» ճշմարտացի խոսքը, հիշեք, որ հերթական անգամ չորս դրամատուրգի ստիպեցիք չհավատալ ձեր ոչ մի ասածին ու հիասթափվել։
Ես չեմ դասվում էն մարդկանց շարքին, ովքեր ասում են՝ «էլ չեմ մասնակցելու», ես դասվում եմ էն մարդկանց շարքին, ովքեր պահանջում են հարիր վերաբերմունք, կոմպետենտություն ու հարգանք։ Ու, այո, դուք պարտավոր եք հարգել ստեղծագործողին։ Հուսով եմ՝ մյուս թատերական գործիչները նույնպես համաձայն կլինեն ու նման վերաբերմունքին դռան բանալու անցքից չեն նայի։
Նույնը եղավ նաև ՀՀ ժող. արտիստ, հայ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հանդեպ։ Ե՞րբ եք վերջ դնելու էս կենցաղվարությանը»,- գրել է Նարեկ Մանուչարյանը։



















