Հայկ Պետրոսյան. «Մարդկությունն, ասես, գերի ընկած լինի հոգեկան խնդիրներ ունեցողների ձեռքը»
- May 15
- 5 min read

Հայկ Պետրոսյանի հետ անկեղծ զրույց ենք ունեցել կյանքի ու արվեստի մասին։ Երգիչ-երգահանը NEWS.am STYLE-ի հետ կիսվել է մանկության տարիների, նոր սերնդի, մշակույթի և մարդկության մասին։
Ինձ համար 90-ականները լուսավոր տարիներ էին
Իմ մանկական տարիները անցան արցախյան առաջին պատերազմի շրջանում։ Չնայած ծանր, նեղության ժամանակ էր, ինձ համար դրանք լուսավոր տարիներ էին։ Երեխաները, իհարկե ուրիշ ձևով են ընկալում։ Ունեմ մանկական նկարներ, որտեղ զենքով մարդիկ են պատկերված, բայց իմ հիշողությունները շատ վառ են։ Երևի շնորհակալություն պետք է հայտնենք մեր ծնողներին, որ այդ ծանր ժամանակներում, չենք զգացել ողջ դժվարությունը։ Ուրիշ ժամանակներ էին։ Հարևանների դռները մեկը մյուսի համար միշտ բաց էին, մեկը մյուսի հոգսով էր ապրում։
Սիրել եմ դպրոցը, որովհետև ունեցել եմ ընկեր Խանամիրյան։ Իմ առաջին ուսուցչուհին էր, հոգատար մանկավարժ էր, մի տեսակ մամայի պես էր վերաբերվում և դասերն էլ ուրախ էին անցնում։ Լավ դասարան էր, լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնցից մեկը մինչ օրս իմ ամենամտերիմ ընկերն է։ Դասերից փախնում էինք, ոչ թե, որ դասերը չէինք սովորել, կամ ստուգողականին պատրաստ չենք, այլ գնում էինք արկածների փնտրտուքով։ Գնում էինք թանգարաններ, օրինակ Անդրանիկի թուրը տեսնելու, կամ այն թաշկինակը, որը նրան նվիրել էին մի գյուղի աղջիկները, գյուղն ազատագրելուց հետո։ Ճանապարհին խոսում էինք ֆիդայինների մասին, երգում էինք հայրենասիրական երգեր։ Մի խոսքով, չնայած դժվար ժամանակներ էին, բայց լիարժեք մանկություն եմ ունեցել։
Այսօր երիտասարդ սերունդին շատ են քարկոծում, բայց հավատացեք, հիանալի երիտասարդություն ունենք
Կրթության մասնագետ չեմ, նոր սերդի հետ իմ շփումները հանդիպումների ձևաչափով են, մասնավորապես դպրոցներում, և ասեմ, որ շատ եմ ուրախանում, որ հիմնականում տեսնում եմ կյանքով լի, իրական գիտելիքների պահանջը գիտակցող երեխաների, պատանիների։ Իհարկե հակապատկերն էլ կա։ Ցածր մտածելակերպ ունեցող, դիմացինին ճնշելու, իբր բարոյական գաղափարներ պարտադրելու մի հատված կա։
Բայց նրանք էլ ինչ-որ միջավայրի ծնունդ են, որը միշտ էլ եղել է, մեր ժամանակ էլ կար, թե դպրոցական, թե ուսանողական տարիներին։
Ինչ-որ «հիբրիդային» խառնվածք կա իմ մեջ, որը մի կողմից լավ է, մի կողմից վատ
Չնայած ավարտել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, սակայն այդ ոլորտում չեմ աշխատել, չհաշված մի կարճ ժամանակ, երբ Փարիզում Արցախի ներկայացչությունում եմ աշխատել, բայց դա ավելի ասիստենտի գործ էր։
Ընդունվեցի այդ ֆակուլտետ, քանի որ պատմություն շատ էի սիրում։ Բայց, ամեն դեպքում, 16-17 տարեկանում դժվար է հասկանալ, թե ինչ մասնագիտություն ես ցանկանում ընտրել։ Ամեն դեպքում լավ դասախոսներ եմ ունեցել, որոնք կարողանում էին լսարանը «պահել»։ Միջազգային հարաբերությունն էլ հետաքրքիր ոլորտ է, շատ տարբեր շերտեր ունեցող՝ քաղաքականություն, տնտեսություն, հոգեբանություն, էթիկա, մշակույթ։ Այս առումով, նման ուսումը, իհարկե շատ օգտակար էր։
Բեմ բարձրանալու ուղղությամբ էլ այդպես լուրջ չեմ տրամադրվել։ Մի տեսակ, ինքստինքյան եղավ։ Ի դեպ, ես չեմ պատկերացնում մինչև կյանքի վերջ մնալ բեմական գործունեության մեջ։ Մի տաս տարի էլ ելույթ կունենամ, կոմիտասյան թեմաների շուրջ և ոչ միայն, հետո լրիվ ուրիշ բաներ եմ մտածել անել։ Ինչ-որ «հիբրիդային» խառնվածք կա իմ մեջ, որը մի կողմից լավ է, մի կողմից՝ վատ:
Մշակութային հզոր քաղաք է Փարիզը, բայց մշակութային դաշտ Հայաստանում էլ կա
Փարիզում ապրած մի քանի տարին ինձ համար կարևոր տարիներ էին։ Նախ հայրիկիս հետ շփման կարոտը լրացվեց։ Ժամերով խոսում էինք, ավելի ճիշտ նա էր խոսում ամեն ինչից, ես լսում էի։ Այդ տարիքում այդքան էլ չէի արժևորում այդ խոսակցությունները, հիմա հասկանում եմ, որ դա էլ կարևոր մի դպրոց էր, որից ես դասեր եմ քաղում մինչ օրս։ Քրոջս հետ, ով աշխարհի ամենալուսավոր կետերից մեկն է ինձ համար, մի տանը ապրելով, խաղալով, կատակելով հարաբերությունները էլ ավելի ամրապնդվեցին։ Ինչ խոսք, մշակութային հզոր քաղաք է Փարիզը։ Տեսնելու ու սովորելու շատ բան կա։ Շատ շնորհակալ եմ, որ կարողացա այդ ամենը տեսնել ու սովորել։ Բայց ասեմ, որ մշակույթով «սնվելու» դաշտ Հայաստանում էլ կա։ Իհարկե սա այլ դաշտ է, բայց ոչ մի բանով պակաս հետաքրիր չի։
Մամային «պաշտպանելու» զգացումից դրդված, մի օր կանգնեցի աթոռին ու ասացի, որ էս տանն էլ Ազնավուր չպետք է հնչի
1990-ականներին, երբ լույսը ժամերով էին տալիս, բնակարաններում տալու պահից սկսում էր «եռուզեռը»։ Մեր տանն էլ տատիկս ու մայրիկս սկսում էին արագ-արագ տան գործերին անցնել։ Սակայն, մայրս լինելով հուզական «նատուրա», այդ անցուդարձի մեջ տրամադրում էր մի քանի րոպե, միացնում էր «Լա Բոհեմը» և արտասվում։ Ես էլ նայում էի մամային ու վրդովվում ու մտածում, թե ովա էդ Ազնավուրը, որի պատճառով մաման լացա լինում։ Մամային «պաշտպանելու» զգացմունքից դրդված, մի օր էլ կանգնեցի աթոռին ու բարձրաձայն ասացի, որ էս տանն էլ Ազնավուր չպետք է հնչի։ Եվ դրանից հետո Ռուբեն Հախվերդյան էի միացնում։ Մաման ասում էր ոչինչ, կմեծանաս, կհասկանաս։ Այդպես էլ ստացվեց։
2002-ին, կամ 2003-ին էր, հիշում եմ, «Մարինյի» թատրոնում, որն, ի դեպ Փարիզի հարգված թատրոններից մեկն է, հայրս ներկայացում էր խաղում և Ազնավուրը ներկա էր։ Առաջին անգամ մոտիկից տեսա։ Նույն շարքում էինք նստած։ Հայրս բեմում էր, բայց ես Ազնավուրին էի նայում։ Հետո հայրիկիս հետ նրա 80-ամյակին նվիրված համերգին գնացի։ Առիթ եղավ նաև Երևանում հանդիպելու։ 2017-ին, օպերայում շատ գեղեցիկ համերգ էր կազմակերպվել նրան նվիրված։ Հայրիկիս բանտից ազատվելուց հետո Ազնավուրը նրա հետ հանդիպեց, ինչի համար ես շատ շնորհակալ եմ Ազնավուրին, խոնարհվում եմ։ Այդ աշխարհահռչակ մարդը շատ բան արեց շատերի համար։ Նրա երգերը երգելն ու նրա մասին պատմելը, դա նաև մեծ երախտիքի արտահայտումն է նրա հանդեպ։
Մարդկությունն ասես գերի ընկած լինի հոգեկան խնդիրներ ունեցողների ձեռքը, յուրաքնչյուրն իր չափով
Մեր ժամանակների քաղաքական վիճակը, իհարկե սարսափելի եմ համարում, ուղղակի սարսափելի։ Մարդկությունը բազմաթիվ անգամներ անցել է այսպիսի իրավիճակներով և վերլուծությունները բերում են այն մտքին, որ այսօր աշխարհում կառավարում են հոգեկան խնդիրներ ունեցող, դժվար է նրանց մարդ անվանել, շիզոֆրենիկներ, մարդասպաններ, մանկապիղծեր, երեխայի և ընդհանրապես մարդկային կյանքին մի գրոշի արժեք չտվող կերպարներ, որոնք իհարկե տարբեր քաղաքական դոկտրիններով, մեծ-մեծ գաղափարախոսություններով կարդարացնեն իրենց գործած այլանդակությունները։ Մարդկությունն ասես գերի ընկած լինի սրանց ձեռքը, յուրաքնչյուրն իր չափով։ Իմ աշխարհընկալմամբ, մարդը, ով ծնվում է այս աշխարհում, չքնաղ բնության մեջ պետք է ուրախ ու երջանիկ ապրի, ինչպես ապրում են երեխաները՝ խաղալով, ուրախ ու զվարթ։ Բայց համաշխարհային սիստեմը երբեք չի թողել, որ այդպես լինի։ Հայերի համար դա արտահայտվել է Հայկ և Բել կոնցեպտով։ Բելը, այսպես ասած, միջազգային աշխարհն է, որն ունի իր շահը։
Ավաղ չեմ պատկերացնում, որ կգա մի օր, երբ աշխարհը կհանդարտվի։ Կհանդարտվի երևի, բայց խիստ դիկատուրայի ներքո։ Այդ իմաստով շատ տխուր է աշխարհի վիճակը։ Ամեն առավոտ արթնանում ես ու չգիտես աշխարհի կառավարիչներ կոչվածները և նրանց թիկունքում գտնվող կառավարողները ինչ հերթական դավադրություն կյանքի կկոչեն սովորական մարդկանց նկատմամբ։ Շատ բաներ արժեզրկված են։ Իմ պատերազմյան երգերից մեկի բառերով ասեմ՝ «գերիները մոռացված են, հերոսները անտեսված։ Քննարկվում են այլ բաներ, դավանվում է այլ աստված։ Խիղճն է մեր անհետ կորած, հեռուներում խոշտանգված, իսկ ամբոխները կառավարվող, դրա վրա ունեն թքած»։
Կոմիտասին բացահայտելով՝ բացահայտել մեզ, վերաբացահայտել մեր պատմությունը
Կոմիտասյան աշխարհը, որ ունենք որպես ժառանգություն, ոնց որ հակապատկերը լինի այսօրվա աշխարհի։ Կոմիտասն ասում էր, որ երգը հոգու հայելին է։ Այսօր մարդն աղտոտում ու ավիրում է բնությունը։ Իսկ կոմիտասյան երգերում մարդը գովերգում էր, սիրում ու պաշտում բնությունը։ Նույնը՝ մարդկային փոխհարաբերություններում, հայրենիքի նկատմամբ։ Այնպես որ, աշխարհի հետ հույսեր կապելը համարում եմ անիրատեսական, հատկապես, երբ այսօր խոսում են միջազգային իրավունքից, միջազգային արդարությունից և իմ համոզմամբ, մենք ունենք հրաշալի հնարավորություն առաջին հերթին մշակույթը վերականգնելով, վերածնելով։ Իմ համոզմունքով, Կոմիտասն այն աշխարհն է, որով մենք կարող ենք իրար ճանաչել և իրար պահել, պահպանել։ Կոմիտասի երգերով մենք հոգևոր կապն իրար հետ չենք կորցնի։ Դրանում եմ ես տեսնում այս երգերի ապրելու, տարածելու նշանակությունը։ Բացի այդ, այս երգերն իրենց մեջ մի անբացատրելի կենսուրախություն ու կենսունակություն ունեն, սեր ունեն ու նվիրվածություն։ Մի բան, որի պակասն այս լարված աշխարհում զգացվում է։



















