top of page

Նախարարի խորհրդականը պարտադիր զինծառայությունից ազատվեց, բայց որոշել է պահեստազորի սպա դառնալ

Nov 20, 2022
1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարությունը չքննարկվող հարցերի փաթեթով ընդունեց Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշումը։


Ըստ ՀՀ կառավարության՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:


MediaHub.am-ի հետ զրույցում Արման Անդրիկյանն ասաց, որ զինվորական ծառայությունից ազատման հիմքը բացառապես պայմանավորված է գիտական գործունեությամբ։


Հարցին՝ իշխանությունների հետ ունեցած սերտ հարաբերությունները, նախարարի խորհրդական լինելու հանգամանքը որևէ ազդեցություն ունեցե՞լ է կառավարության որոշման վրա, Անդրիկյանը բացասական պատասխան տվեց։


Անդրադառնալով հարցին, թե հատկապես այս իրավիճակում չի կարևորո՞ւմ ծառայությունը Զինված ուժերում, Անդրիկյանն ասաց․


«Կարևորում եմ, ես «վաենկոմատին» հայտնել եմ, որ գնալու եմ, պահեստազորի սպա եմ դառնալու»։


Դիտարկմանը՝ պահեստազորի սպա դառնալու համար որոշակի գործընթաց պետք է անցնել, նա արձագանքեց․


«Երկու տարի ծառայելը կապ չունի, մարդիկ կարող են կամավոր «վաենկոմատում» գրանցվել, զորավարժությունների մասնակցել և կոչում ստանալ՝ դառնալով պահեստազորի սպա»։


Նշենք, որ Արման Անդրիկյանը նախկինում եղել է ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի օգնականը, իսկ այժմ զբաղեցնում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խորհրդականի պաշտոնը։


Արմինե Նավոյան

 
 
1/2388
bottom of page