Կալանքից ազատված Մխիթար Զաքարյանը երդվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երդվեց ԱԺ ամբիոնից․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Զաքարյանը հայտարարեց, որ ցանկանում է նաև հնչեցնել իր առաջին կոչը․ «Ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս բոլոր գործընկերներին»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ եկտեմբերի 10-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Պատճառը Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 9-ի որոշումն է, որով արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:



















