top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ «ՏԵՐԵՒԱԹԱՓԻՑ» ԻՆՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2024
  • 2 min read

Փաշինյանի կաբինետում միանգամից հինգ առանցքային պաշտոնյաների ազատումը, ինչն իրականում աննախադեպ է ու ներիշխանական համակարգում լուրջ տեղաշարժերի մասին է վկայում, քաղաքականապես ակտիվ, ընդդիմադիր շերտը հիմնականում ծաղրով ու «ղժժալով» մեկնաբանեց՝ կատարվածը տեղավորելով ուտել-խմելու սիրահար, էմոցիոնալ պոռթկումներով հայտնի վարչապետի անհավասարակշիռ պահվածքի տրամաբանության մեջ։ 



Մինչ սոցցանցերում զվարճանում էին, կադրային ջարդը հասավ խորհրդարան, ու հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ մանդատից հրաժարվելու պահանջ է դրվել նաեւ ՔՊ-ական, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ու Հովիկ Աղազարյանի առջեւ, չնայած վերջինս նախօրեին հերքում էր այդ փաստը։ Զեյնալյանը Ֆեյսբուքում գրեց, թե իր նախաձեռնությամբ է վայր դնում մանդատը։ Իհարկե, հայ հասարակությունը բազմիցս է եղել Փաշինյանի ջղաձգումների ականատեսը՝ տարբեր առիթներով ու իրավիճակներում, բայց հազիվ թե աղմկահարույց պաշտոնանկություններն այսրոպեական պոռթկում ու պահի թելադրանք են։  


«Պաշտոնյաների կիրակնօրյա տերեւաթափի հետ կապված ընդդիմադիր դաշտի արձագանքը վկայում է այն մասին, որ, նախեւառաջ, ընդդիմությունը պատրաստ չէր իրադարձությունների այդպիսի զարգացմանը, ինչը ցույց է տալիս, որ ընդդիմությունը շատ վատ է տիրապետում համակարգի ներսում տիրող իրավիճակին։ Այն, որ բացի ծաղրից որեւէ այլ բան չկար, երեւի սրանով է բացատրվում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հանգստյան օրերի զարգացումներին ու դրան արձագանքներին։


Մեր զրուցակիցն առնվազն երեք հանգամանք է առանձնացնում, որին ընդդիմադիր դաշտը պետք է անդրադառնար։


«Առաջին եւ ամենակարեւոր կետն այն էր, որ, ըստ էության, Կարեն Անդրեասյանի գրառումից հստակ է դառնում, որ գործադիրի ղեկավարը կարող է մեկ sms-ով կամ բանավոր հորդորով կամ ըմբռնումով դատական համակարգի ամենաբարձրաստիճան գործիչներից մեկին գործից հանել։ Սա խոսում է դատական համակարգի նկատմամբ գործադիրի տոտալ վերահսկողության մասին։ Սրա վերաբերյալ ես ընդամենը մեկ գրառում եմ տեսել՝ իրավաբանական համայնքի ներկայացուցչի»,- ասում է Վրթանեսյանը՝ շեշտելով, որ ընդդիմությունը սա առաջինը պետք է արձանագրեր ու շեշտադրեր։


Մյուս հանգամանքը, որը, ըստ մեր զրուցակցի, կարեւոր է․ բոլոր պաշտոնանկություններն ուժային, ռեպրեսիվ բլոկից էին՝ ՊԵԿ, ՆԳՆ, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, այսինքն՝ մարմիններ, որոնք, ըստ էության, ճնշում էին թե՛ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ բիզնեսին։ «Այն, որ այսպես՝ մեկ բլոկով բոլորին գործից հանում են, ցույց է տալիս, որ Փաշինյանն ընդհանրապես չունի երկյուղ ընդդիմության գործողություններից։ Ես սա այդպես եմ մեկնաբանում»,- կարծիք է հայտնում փորձագետն ու նշում իր կարծիքով երրորդ կարեւոր արձանագրումը․ թվացյալ անբացատրելի ու ըստ իշխանության ղեկին կանգնած անձի քմահաճույքի ազատումների շքերթը խոսում է այն մասին, որ մենք հիմա ապրում ենք բռնապետական ռեժիմում։


Ըստ Վրթանեսյանի՝ սա դասագրքային օրինակ է, երբ բռնապետը, առանց որեւէ հիմքի ու բացատրություն ներկայացնելու, համակարգից ինչ-որ մարդկանց հեռացնում է՝ դրանով ուղերձ տալով համակարգի մյուս խաղացողներին, թե տեսեք՝ ինչ կարող եմ անել ձեզ հետ։


«Սա ստանդարտ բռնապետական գործելակերպ է, որը համակարգի ներսում ստեղծում է տագնապի, անորոշության զգացում, այսպես ասած՝ շեֆի քմահաճույքից կախված լինելու զգացում»,- ասում է «Հրապարակ»-ի զրուցակիցը։



1/1951
bottom of page