ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ
- Armen Sukiasyan
- Nov 20, 2024
- 2 min read

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը 1 տարուց ավելի է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում քննվում է։
Հարությունյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ դատարանում ապացույցների հետազոտման փուլում են, նաեւ նշեց՝ վկաների թիվը շատ է, 40-ից ավելի, վկաներն էլ` հիմնականում զինվորականներ։
Հարցին, թե իր պաշպանյալի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն, պատասխանեց․ «Մարդիկ մտածում են, որ պարոն Հարությունյանի դեմ ցուցմունք տվող անձինք կան, մենք գտնում ենք, որ իրենք այդպես մտածում են, բայց, այնուամենայնիվ, այնպիսի մի ապացույց չկա այդ գործով, որը վկայի Ջալալ Հարությունյանի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարելու մասին, այսինքն՝ կան ցուցմունքներ, որոնցում հայտնած տեղեկությունների հետ մենք համակարծիք չենք, ավելին՝ վստահ ենք, որ դրանք կեղծ են, բայց նույնիսկ, մի պահ, եթե ենթադրենք, որ այդ ցուցմունքներն իրական են, այդ դեպքում, պարոն Հարությունյանին մեղսագրվող, այսինքն՝ հանցագործությունը կատարելու մասին վկայող ցուցմունք չեն»։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ բացակայելու արգելքը և նաեւ դատարանի որոշմամբ պաշտոնավարումն է կասեցված։
Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութություն) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով․ առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։



















