Ի՞նչ կպատահի Անկախության հռչակագրին
- 3 minutes ago
- 3 min read

Ընտրություններն անցան, ընդդիմությունը բարեկիրթ կռիվ է տալիս խորհդարանում, ուրեմն ժամանակն է, որ գրավով կամ ընդհանրապես ազատ արձակվեն այն գործիչները, ովքեր վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար: Բայց մեկ-երկու ամսից կսկսվեն համայնքային ընտրություններ ու գործի կանցնեն մարզային կամ համայնքայն քննչականները: Ավելի ճիշտ կոմիտեի մարզային վարչություններն ու տարածքային բաժինները: Չի կարելի, չէ՞, թույլ տալ, որպեսզի որևէ համայնքում կրկնվի «Գյումրի 2» օպերացիան: Նիկոլական ժողովրդավարական Հայաստանում թե՛ պետական և թե՛ համայնքային իշխանությունը չի կարող չլինել ՔՊ-ական:
Առանձին դատավորներն էլ ազատելով այս կամ այն գործչին՝ լրացուցիչ հեղինակություն ձեռք բերեցին հասարակության աչքում: Ես չգիտեմ, թե գրավով կամ ընդհանրապես ազատումների որոշումներ տվողների շարքում որքան են այն դատավորները, ովքեր մինչ այդ երկու ամիսը մեկ մարդկանց շարունակում էին պահել կալանավայրում: Կարծում եմ, որ դա հետաքրքիր տվյալ կլիներ՝ եթե անվանապես հրապարակվեր: Ու մեզ կմնար հետագայում ճշտելը, թե նրանցից ովքեր էին իսկապես մարդասեր (այսինքն՝ հումանիստ) և ովքեր՝ նիկոլասեր (այսինքն՝ ոչ հումանիստ): Ու, ըստ այդմ, նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կձևավորվեր:
Բայց դա, իսկապես, ապագայի հարց է ու այսօրվա համար ոչ էական: Իսկ էականն, օրինակ, 36 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրի ճակատագիրն է: Այն պետության ձևավորման, այսպես ասած, ծննդյան վկայականն է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սիրում է, չէ՞, ինստիտուցիոնալիզմի դրսևորումները: Եվ դրանցից հատկապես մեկը կամ, իր ասելով, «կադաստրի թուղթը»: Բայց պետության տեսակետից թղթի այդ կտորն, իհարկե, արժեք չունի, ավելին, այն անհեթեթություն է: Սակայն անհեթեթություն չէ, վստահաբար, պետության ծննդյան վկայականը: Հատկապես այն պետությունների պարագայում, որոնք ձևավորվել են մեր ժամանակներում: Եվ կապ չունի, թե տվյալ պետությունը նախկինում եղել է, թե ոչ: Կապ ունի այն հանգամանքը, որ տվյալ պետությունը ծնվում է նորից ու նորովի՝ եթե նույնիսկ գոյություն է ունեցել նախկինում: Դրա օրինակը մեր պետությունն է, դրա ավելի վաղ օրինակը հրեաների պետությունն է:
Իսկ եթե առկա չէ պետության ծննդյան վկայականը, ապա կարելի է համարել, որ այն գոյություն ունի և չունի միաժամանակ: Գոյություն ունի դե ֆակտո, բայց չունի դե յուրե: Հարցը բերենք կենցաղային մակարդակ, քանի որ դրա շնորհիվ ասվածն ավելի հասկանալի կդառնա: Երեխան, որ ծնվում է, հիվանդանոցից տեղեկանք են տրամադրում, որպեսզի ծնողը համապատասխան կառույցում (զագս և այլն) ձևակերպի երեխայի ծննդյան վկայականը: Եվ ապագայում, երբ հասնում է անձնագիր ստանալու ժամանակը, դա ՆԳՆ բաժիններում մեխանիկորեն կատարվում է հենց այդ վկայականի հիման վրա: Իսկ դրա բացակայության դեպքում առաջանում է քաշքշուկ, ինչն, իհարկել վերջում լուծվում է, բայց պահանջում է ժամանակի ու նյարդերի վատնում:
Ինչպես տեսնում եք, Անկախության հռչակագրի մասին խոսելիս ես չօգտագործեցի այնպիսի արտահայտություններ, որ ոմանք դրանցից իրենց վատ չզգան: Ոմանք ասելով նկատի ունեմ թե՛ նիկոլական պաշտոնյաներին, ովքեր հանուն իշխանության թքած ունեն այդ փաստաթղթի վրա: Եվ թե՛ նրանց, ովքեր զուրկ են թե՛ հայրենասիրական զգացումից և թե՛ երևույթները վերլուծելու ունակությունից, բայց մոտ չեն նաև պետական կամ տեղական լափամանից: Եվ, բնականաբար, չեն օգտվում իշխանության կողմից տրվող որևէ արտոնությունից: Իրենք կարող է նույնիսկ քննադատական հայացք ունենան իշխանության նկատամամբ: Բայց երբ խոսք է գնում հասարակական երևույթների էության մասին, ապա այդ պահին երևում է նրանց իրական տեսակետը: Եվ այն հանրային հեռուսատատեսության կողմից քարոզվող տեսակետն է: Դա այդպես էր նախկինում, դա նույնն է հատկապես մեր այս օրերին:
Ինչևէ, 36 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Անկախության հռչակագիրը: Բայց զարմանալիորեն այդ օրը չհռչակվեց որպես Անկախության օր: Անկախության օր հռչակվեց հաջորդ տարի անցկացված հանրաքվեի մեկ այլ օր: Իսկ օգոստոսի 23-ը ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում պաշտոնապես ամրագրվեց որպես Պետական խորհրդանիշների օր: Այնինչ, հենց օգոստոսի 23-ին դրվեց նորովի հայոց պետականության հիմքը, ու դա պետք է նշվեր որպես Անկախության օր: Բայց քանի որ դա տեղի չունեցավ ու Հռչակագիրը մղվեց երկրորդ պլան, ապա դա կարող է վատ ծառայություն մատուցել մեզ: Այսինքն, թշնամական պահանջով Հռչակագիրը Սահմանադրությունից հանելուն մարդիկ կարող է նաև կողմ քվեարկեն: Եթե, իհարկե, Նիկոլեն հաջողվի ԱԺ-ում «մարդագողողության» շնորհիվ ապահովել հանրաքվեի անցկացումը:



















