«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՅՍ ՏՂԱՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԻՆ ՆԱՅԵՔ, ԳՈՒՑԵ ԾՐԱԳՐՎԱ՞Ծ ԷՐ ՈՍԿԻ ՍԵՐՈՒՆԴ ԶՈՀԵԼԸ
- Armen Sukiasyan
- Sep 28, 2024
- 3 min read

Չորս տարի առաջ սեպտեմ- բերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց հայ ժողովրդի դեմ, որի նպատակն Արցախը զավթելն էր։ 44 օր թշնամին ծանր ու ժամանակակից տեխնիկայից կրակում էր, թիրախավորում խաղաղ, անզեն բնակչությանը, բայրաքթարներով ոչնչացնում մեր զինվորներին, իսկ ՀՀ իշխանությունը, որն այդ դեպքերից մեկ ամիս առաջ Տավուշում մի դիրք գրավելու կապակցությամբ էյֆորիայի մեջ էր եւ իրեն տարածաշրջանի ամենահմուտ պատերազմ վարողն էր հռչակել, չէր կարողանում տարրական հրահանգներ իջեցնել, կառավարել պատերազմը, մարտական ստրատեգիա մշակել եւ դիմակայել թշնամուն։ 44 օրվա մեջ մենք տեսանք ահավոր թափթփվածություն, անկազմակերպվածություն, միջոցների եւ ռեսուրսների վատնում, ստերի ու հանրությանն ապակողմնորոշելու մի ամբողջ շարան, որի գլխավոր պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն էր: Մենք տեսանք նաեւ անուրանալի հերոսության, անձնազոհության օրինակներ, տեսանք, թե մեր հասարակությունն ինչպես է մի բռունցք դարձել, ինչպես է ողջ աշխարհի հայությունը համախմբված փորձում աջակցել հայրենիքին, որ այս պատերազմում էլ հաղթի արդարությունը, հաղթի հայկական ոգին, եւ Արցախը շարունակի ապրել ազատ, անկախ եւ ինքնուրույն: Ցավոք սրտի, որքան էլ մեծ էր հայության ցանկությունը, պատերազմում մենք պարտվեցինք եւ պարտվեցինք գործող իշխանությունների ապաշնորհության, անփորձության, մեծամտության պատճառով: Իսկ պատերազմից հետո սկսվեց մեղքն ուրիշների վրա բարդելու գործընթացը` նախկինները, ռուսները, բանակի գեներալները, դասալիքները` ով ասես մեղավոր էր, բացի փաշինյանական կառավարությունից:
Երեկ այդ ամոթալի պարտության եւ մեր տեսած ամենադաժան պատերազմի 4 տարին էր լրանում: Եռաբլուրը դեռ գիշերվանից արդեն ամփոփվել էր ցավի, լացի ու կսկիծի մեջ։ Փոքրիկ գերեզմանոցից մի հսկայական տարածք գրաված եւ եռագույններով ծածկված այդ տարածքում սգացող ծնողներ էին, զոհերի հիշատակը հարգելու եկած քաղաքացիներ, պարտք կատարելու նման ծաղկեպսակ բերող պաշտոնյաներ:
Արդյո՞ք պատերազմն անխուսափելի էր: Այդպես չի կարծում 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը։ «Վերջին տարիներին բացահայտ խոսվում է այդ ամենի մասին։ Չեմ ուզում անունը տալ, բայց անգամ ինքն է փաստում, որ կարող էինք ունենալ նույն պատկերը, սակայն առանց զոհերի։ Դա ասել է, բոլորը լսել են, բոլորն ականատես են դրան»,- ասում է զոհվածի մայրը։
Սգազգեստ կինը երբեմն ինքն իրեն հարց է տալիս՝ գուցե ծրագրվա՞ծ էր մի ողջ սերունդ զոհելը։ «Բոլորիս համար անհերքելի փաստ է, որ մենք ոսկի կորիզ ենք կորցրել, որն այս երկրի ապագան պիտի կերտեր։ Այս տղաների դեմքերին նայեք, այս երկրին պետք չէ՞ր այս խելացի սերունդը, որը պիտի երկիր կերտեր։ Աններելի է․․․»,- մղկտացնող բառեր է ասում զոհվածի մայրը եւ ինքն էլ արտասվում։ Մինչեւ նոյեմբերի 9-ը, երբ արդեն Շանթը չկար, մայրը դեռ հույս է ունեցել, որ Հայաստանը պատվով դուրս կգա պատերազմից, եւ գոնե այդ զոհերն անիմաստ չեն լինի, նրանց թափված արյունը կծառայի հայրենիքին։ «Այդ հույսն անգամ փոշիացրին, չգիտեմ․․․»,-արցունքները կոկորդում սեղմած, հուզմունքը մի կերպ թաքցնելով՝ ասում է զոհվածի մայրը։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեծագույն սխալներից մեկն էլ այն է եղել, որ հենց 2018 թվականին չի ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Ամբողջ խնդիրն այն է, ասում է զոհվածի մայրը, որ այս մարդն ինքն իրեն է հերքում։ «Սխալ էին վարվել մինչեւ քեզ, դարձել էիր երկրի ղեկավար, ուսումնասիրեիր իրավիճակը, հետո ասեիր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյից, իր կետից։ Ինչո՞ւ, եթե պիտի հետո ասեիր՝ աշխարհի դեմ չես կարող դուրս գալ, Արցախը միշտ էլ Ադրբեջան է եղել։ Ժամանակին ասեիր այդ մասին, գուցե հնարավոր լիներ կանխել պատերազմը»,- նկատեց նա։
Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղության մասին է խոսում ու ի՞նչ խաղաղություն է խոստանում Նիկոլ Փաշինյանը՝ հարցնում է զոհվածի մայրն ու նկատում՝ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ Ադրբեջանը խաղաղության մասին առհասարակ չի խոսում։ «Մյուս կողմը դեռ խոսում է իր պահանջների ու ցանկությունների մասին, ստիպում է իրականություն դարձնել այդ, եւ, ուրեմն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Համացանցում աչքովս ընկավ մի նկար, որում Փաշինյանին համեմատում էին նախկին նախագահների հետ, որոնք ժպտացել են Էրդողանին եւ Ալիեւին։ Այո, փաստեր կան, բայց հետ եմ գնում ու փորձում հիշել այդ թվերին Հայաստանի կարգավիճակը, մեր կարգավիճակը, տարբերություն կա, չէ՞։ Ուժ ուներ հայկական դիվանագիտությունը, այնպիսի հայտարարություններ էինք անում, ելույթներ ունենում… Նույն Ալիեւի եւ Էրդողանի կախ հայացքը հիշեք, այն ժամանակ մենք ուժ էինք, եւ դրա համար համեմատություն անելն առնվազն ծիծաղելի է։ Չկարծեք, թե ես հիմա փորձում եմ նախկին ղեկավարներից որեւէ մեկին արդարացնել, ոչ, բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն»,- ասում է Էլեն Նավոյանը։



















