top of page

ՔՈ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ ԻՆՁ ԷԼ ՀԻՇԻՐ, ԱՎԵՏՍ, ԵՍ ՔԵԶ ԱՅՑԻ ԿԳԱՄ ՔՈ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ․ ԶՈՀՎԱԾԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՐԴՈՒՆ

  • Armen Sukiasyan
  • Jan 28, 2025
  • 2 min read

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել է զոհված Արմեն Գեւորգյանի նամակը՝  ուղղված որդուն․


 


«Առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ այն նամակը, որը իր մանկահասակ որդուն` Ավետին, գրել է հայրը` Արմեն Գևորգյանը 2020 թ. Արցախ կռվի մեկնելուց առաջ:

Գնալուց առաջ կնոջը նամակ էր տվել ու ասել. «Եթե ետ չգամ, նամակը փոխանցիր որդուս»։


Նամակում մասնավորապես ասված էր.

«Ավետ, գանձս, աստվածս, արջուկս,

Գիտեմ կկարոտես ու կփնտրես ինձ ամենուր, բայց մի որոշ ժամանակ հետո միգուցե մոռանաս, չէ որ ընդամենը 4,5 տարեկան ես, բայց մի բան հաստատ կհիշես, որ ես քեզ անչափ շատ էի սիրում: Ես մեկնեցի Արցախ քեզ համար տղաս ու քեզ թողնելը ամենամեծ ցավն էր ինձ համար, բայց այդպես էր պետք, դու դա կհասկանաս, երբ մեծ տղա դառնաս:

Իմ լավ տղա, դու շատ յուրահատուկ նվեր էիր ինձ համար: Քո ժպիտը տեսնելիս ես խենթանում էի ուրախությունից, իսկ քո արցունքից հալվում էր հոգիս: Իմ կյանքը ոչինչ չարժեր նախքան քո ծնվելը:

Ներիր ինձ, որ կողքիդ չեմ լինի, երբ մեծանաս: Բայց հիշիր, հայրիկը չի հեռացել, պարզապես հիմա հեռվից պիտի խենթանամ քո ժպիտով։

Արջուկս, դու ամենաբախտավոր մարդն ես աշխարհում, գիտես ինչի°, քո կողքին աշխարհի ամենաբարի ու հոգատար մաման է, եւ պիտի խոստանաս, որ նույն կերպ կվարվես մամայի հետ, կշրջապատես նրան նույն ջերմությամբ ու հոգատարությամբ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Դա կարեւոր է ու մենք քեզ անչափ շատ ենք սիրում:

Քո աղոթքներում ինձ էլ հիշիր, Ավետս, ես քեզ այցի կգամ քո երազներում:

Չտխրես տղաս, դու լավ սովորիր ու կունենաս այնքան պայծառ ապագա հենց այստեղ, իմ ու մորդ երազանքների երկրում: Զվարճացիր, վայելիր կյանքը, հիշիր, որ դա հայրիկին դուր կգար:

Ես հպարտ եմ քեզանով

Դու միշտ կմնաս իմ արեւը, աստվածն ու արջուկը:

Քո հայրիկ...»։


Արմենը Գևորգյանը ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից էր։ Զոհվեց հոկտեմբերի 19-ին, ԱԹՍ-ի հարվածից։ Այս նամակը տեսա Արամ Գևորգյանի էջում, բայց հատուկ ուզում եմ կիսվել, որ հնարավորինս շատ մարդ հիշի ու հետևի մեր տղերքի պատգամին:


Հավերժ փառք»։



1/1952
bottom of page