Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Մարուքյանը խոստանում է ոչ տրադիցիոն քարոզարշավ
- Apr 18
- 1 min read

Մենք առաջարկում ենք ոչ տրադիցիոնալ քարոզարշավ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այսօր տեսնում ենք, որ մեկը մյուսին ինատու ընկած ասում է, թե ով ինչքան կբարձրացնի թոշակը, ով ինչքան աշխատատեղ կստեղծի։ Մեկն ասում է ես 100 000, նրանք ասում են՝ 200 000, մյուսն ասում է ես 300 000։ Մյուսն է ասում է՝ եթե ես չընտրվեմ, բոլորիդ սպանելու են, պատերազմով է սպառնում։
Մենք չենք մտնելու այս այսպես կոչված ծրագրային անիմաստ արշավի մեջ։ Ծրագրային ընտրությունների մասին չի այս խոսակցությունը, այս ընտրություններում որոշվելու է Հայաստանը որպես հայկական պետություն մնալու է, թե՞ չի մնալու։ Այսինք այս ընտրությունները պետության բովանդակության մասին են։ Ոչ թե կոնկրետ վերցրած առանձին կենսաթոշակային տարիքի հասած մարդու թոշակի, այլ պետության բովանդակությունը պաշտպանո՞ւմ ենք, թե՞ գնում ենք պետության բովանդակությունը կորցնելու ճանապարհով։ Ահա նաև դա է պատճառը, որ մենք մտել ենք ընտրապայքարի մեջ։
Մենք անպայման մեր գաղափարները, մեր մոտեցումները մարդկանց ներկայացնելու ենք, հնարավորինս հանդիպումների և մեդիա տիրույթում մեր ակտիվությամբ և անելու ենք ոչ տրադիցիոն քարոզարշավ, ոչ տրադիցիոն մեխանիզմներով ու մեթոդներով։ Այսինքն այն նախկին քարոզարշավների ժամանակ դուք ինչ տեսել եք, որ մենք արել ենք, մենք աշխատելու ենք այդ ամեն ինչը չանել կամ անել դրանից ավելի քիչ և օգտագործել նոր տեխնոլոգիաները ավելի շատ։
Դրա համար ես խնդրում եմ, որ մեր թիմակիցները բոլորը պատրաստ լինեն մեր խոսքը բազմապատկելու, մուլտիպլիպատիվ էֆեկտ տալու, որ շատ-շատերին հասնի այդ խոսքը և դրա միջոցով ես խոստանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի լինելու մի քաղաքացի, ով չիմանա հունիսի 7–ին, որ մենք կանք, մասնակցում ենք, ինչի համար ենք մասնակցում, և մեզ քվեարկելով ինքը ինչ է ստանում ապագա պառլամենտում»,– հայտարարեց Մարուքյանը։



















