top of page

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԷՑ-ԻՆ

Feb 17
1 min read


ՀԷՑ-ի հնարավոր գնման շուրջ այս պահին որևէ բանակցություն չի ընթանում, սակայն կան լուրջ կասկածներ, որ գործընթացը միտումնավոր տարվում է ընկերության արժեքը նվազեցնելու ուղղությամբ՝ հետագայում գերակա շահ ճանաչելու նպատակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։



Նրա խոսքով՝ բանակցությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ պաշտոնապես որևէ առաջարկ չի ներկայացվել։ Ղազինյանը ուշադրություն հրավիրեց կառավարության ղեկավարի վերջին հայտարարությունների վրա, որոնցում ակնարկվում է, թե իբր կարող են բացահայտվել հանգամանքներ, որոնք կհանգեցնեն ընկերության արժեքի նվազեցման։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունները պատահական չեն և ունեն հստակ նպատակ։


Ղազինյանը նշեց, որ նույն տրամաբանության մեջ են նաև հաճախակի հնչեցվող հայտարարությունները ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ խոսվում է իրավախախտումների մասին, սակայն շուրջ կես տարի է՝ որևէ քրեական գործի կամ կոնկրետ տեղեկատվության վերաբերյալ հստակ տվյալներ չեն ներկայացվել։ Նա տարակուսանք հայտնեց, որ հնչում են բարձր մեղադրանքներ, այդ թվում՝ իր անվան հետ կապված, սակայն երկար ժամանակ անց որևէ զարգացում չի արձանագրվում։


Նախկին պաշտոնյան համոզված է, որ այս ամենը փորձ է հասկանալու, թե հասարակությունն ինչպես կընդունի նման հայտարարությունները, և հետագայում գտնել այնպիսի հիմքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ընկերության արժեքը և արդեն այդ պայմաններում ներկայացնել գնման առաջարկ։ 



 
 
1/2388
bottom of page