«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԼԻԵՒԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ` ՄԵՂՐԱՄԻՍՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
- Armen Sukiasyan
- Oct 8, 2024
- 2 min read

Իլհամ Ալիեւի համար հոկտեմբերը սկսվել է Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական պետականության դեմ հերթական սպառնալից, հայատյաց հայտարարություններով։ Հոկտեմբերի 3-ին նա հայտարարել է․ «Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում»։ Հոկտեմբերի 4-ին․ «Կլիմայի փոփոխությունը եւ մարդու իրավունքները» թեմայով Բաքվի միջազգային համաժողովի մասնակիցներին իր ուղերձում հայտարարել է, որ հայերը պետք է ներողություն խնդրեն ռազմական հանցագործությունների համար, իսկ Ջրականում հաստատված «բնակիչների» հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական հզորությունը տարեցտարի ավելանալու է, ու դա անկասելի ընթացք է ունենալու։ Նույն հանդիպման ժամանակ Ալիեւն իր զզվանքն է արտահայտել ԱՄՆ-ի 60 կոնգրեսականների կոչին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, այլապես Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Այդ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ թշնամական է անվանել ու հայտարարել, որ դա իրենց հետ չի կանգնեցնելու իրենց ընտրած ուղուց։
Ասել է. «Թող չմոռանան ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզ ծնկաչոք աղաչում ողորմություն, թե ինչպես էին օրական 10 անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը։ Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին… Մենք արմատախիլ արեցինք անջատողականությունը ընդամենը մի քանի ժամում, առանց որեւէ մեկին նայելու, անկախ ամեն ինչից»։ Caliber.az-ի հեղինակներից մեկը՝ Վադիմ Մանսուրովն էլ իր հոդվածում նշում է, որ Արեւմուտքը հետաքրքրված չէ Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ Երեւանին էլ ստիպում է ձգձգել Բաքվի հետ բանակցությունները։ Իսկ իրեն Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար հռչակած Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքպերլին ուսումնասիրում է, թե որոնք են իրենց մտացածին պետության «ադրբեջանական» բնակավայրերը, որոնք «էթնիկական զտումների են ենթարկվել սեպարատիստ հայերի կողմից»։ Եվ Հայաստանին զինվելու մեջ մեղադրող Ադրբեջանն ընդամենը օրեր առաջ է Պակիստանից հարձակողական զենքի նոր տեսակ գնել․ գործարքի գումարը կազմել է 1.6 միլիարդ դոլար։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է, որ հատկապես վերջին 2-3 շաբաթներին Հայաստանի ու Ադրբեջանի «դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության»։ Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունները սկսել են Ադրբեջանին ցույց տալ, որ զիջելու իրենց ռեսուրսները սահմանափակ են, իսկ Ադրբեջանը հասկացնում է, որ հետամուտ է լինելու իր պահանջների կատարմանը։ Արդյունքում ինչ ենք ունենում՝ տանք-պրծնենք կարգախոսով առաջնորդվող Փաշինյանն ու իր թիմը մի կետում հասկացան, որ զիջումների մի կետ կա, որից այն կողմ հայ հասարակությունը պարզապես պայթելու է։ Կարճ ասած, Վազգեն Սարգսյանի՝ «Մեղրին մի օր Երեւանի կենտրոնում է պայթելու» հայտնի արտահայտությունը, ի վերջո, կյանքի է կոչվելու, եւ իրենց իշխանությունը շատ մեծ հարցականի տակ է հայտնվելու։ Իսկ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից երաշխիք չի ստացել, հետեւաբար, անընդհատ զիջումների գնալով, սեփական՝ «այդքան ցանկալի» իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ Փաշինյանը նորից զիջումների է գնում՝ մեր ու Հայաստանի հաշվին սեփական իշխանության համար, կա՛մ զիջումների չի գնում՝ իր իշխանությունը չկորցնելու համար, եւ նորից վտանգում է Հայաստանը։ Այս իշխանությունները Հայաստանը փաստացի հասցրել են մի կետի, որ Փաշինյանի կողմից ցանկացած քայլ Հայաստանի ու մեր պետականության համար լինելու է կորստի ճանապարհ։
Այստեղ չենք կարող չհիշել նաեւ Իրան-Իսրայել հակամարտությունը, որը սպառնում է նոր ուժով բորբոքվել մեր տարածաշրջանում, եւ որի հետեւանքներից անմասն չենք մնալու նաեւ մենք։ Ալիեւն էլ է հասկանում, որ այդ հակամարտության պարագայում ինքը չի մնա չեզոք դիրքերում ու արցախյան երկրորդ պատերազմում ունեցած ձեռքբերումների համար պիտի վարձահատույց լինի, իսկ Իրանի դիրքորոշումն այդ պարագայում գիտենք՝ ցանկացած երկրորդ երկիր, որը կաջակցի Իսրայելին, կստանա համարժեք պատասխան։ Մնում է սպասել ու տեսնել, թե աշխարհաքաղաքական պայթյունավտանգ այս իրավիճակում ինչ նոր փորձություններ են բաժին ընկնելու տարածաշրջանին եւ մեզ։



















