top of page

«Ժողովուրդ». 2 բնակարան, 2 Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը

  • 15 hours ago
  • 5 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ հերթը ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանինն է։

Մինչև Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում։ 2014 թվականի մարտի 3-ից մինչև 2018 թվականի ապրիլի 27-ը նա աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ, իսկ 2014-2018 թվականներին եղել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովի նախագահ։ 2018 թվականի ապրիլի 27-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը Հովակիմյանն աշխատել է Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ։ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի որոշմամբ Հովակիմյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։

2021-2025 թվականներին ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանի ունեցվածքում էական փոփոխություններ են տեղի ունեցել․ եթե 2021 թվականի սկզբում նա ունեցել է երեք բնակարան և երկու ավտոմեքենա, ապա տարվա ընթացքում վաճառել է մեկ բնակարան՝ 14.5 մլն դրամով, երկու մեքենա՝ 1 մլն և 20 մլն դրամով, և ձեռք է բերել 2012 թվականի Mercedes-Benz՝ 3 մլն դրամով։ 2025 թվականի վերջին նրա հայտարարագրում արդեն առկա են երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և ավտոկայանատեղի, ինչպես նաև երկու Mercedes-Benz։ Ընդ որում, 2025 թվականին նա ձեռք է բերել 65 մլն դրամ արժողությամբ բնակարան, 8 մլն դրամանոց ավտոկայանատեղի և 14.9 մլն դրամանոց Mercedes-Benz։

2021 թվական

2021 թվականի հայտարարագիրը Հովակիմյանը ներկայացրել է որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ Տարվա սկզբում նրա հայտարարագրում եղել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում երեք բնակարան, որոնք գտնվում էին համատեղ սեփականության ներքո։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2015 թվականի հունվարի 29-ին, մյուսը՝ 2006 թվականի փետրվարի 8-ին, իսկ երրորդը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։

2021 թվականի ընթացքում Հովակիմյանը վաճառել է բնակարաններից մեկը։ Գործարքը կատարվել է մարտի 23-ին՝ 14 մլն 500 հազար դրամով։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է երկու բնակարան։

Տարվա սկզբում Հովակիմյանն ունեցել է երկու ավտոմեքենա՝ 1996 թվականի արտադրության Mercedes-Benz և 2017 թվականի Lexus։ Տարվա ընթացքում նա վաճառել է Mercedes-Benz-ը՝ 1 մլն դրամով, իսկ Lexus-ը՝ 20 մլն դրամով։ Դեկտեմբերի 30-ին Հովակիմյանը ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Mercedes-Benz՝ 3 մլն դրամով։ Տարվա վերջում նրա հայտարարագրում մնացել է մեկ ավտոմեքենա։

Բանկային ավանդներում տարվա սկզբում Հովակիմյանն ունեցել է ընդհանուր 12 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ արդեն 44 մլն դրամ։ Տարվա սկզբին բանկային հաշվի մնացորդը կազմել է 400 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։ Կանխիկ գումարը 250 հազար դրամից նվազել է մինչև 150 հազար դրամ։

2021 թվականին Հովակիմյանի հայտարարագրված եկամուտների ընդհանուր չափը կազմել է 8 մլն 972 հազար 837 դրամ։ Դրանից 7 մլն 865 հազար 616 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Եվս 1 մլն 107 հազար 221 դրամ նա ստացել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։ Հայտարարագրում նշված է նաև 3 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Խոշոր այլ ծախսեր Հովակիմյանը չի հայտարարագրել։

2022 թվական

2022 թվականին Հովակիմյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Նրա հայտարարագրում առկա են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող երկու բնակարան, որոնք համատեղ սեփականության իրավունքով են։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2006 թվականի փետրվարի 8-ին, մյուսը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։

Դատավորը հայտարարագրել է նաև 2012 թվականի արտադրության Mercedes-Benz, որը ձեռք էր բերել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։

2022 թվականի սկզբին Հովակիմյանի երկու բանկային ավանդներում եղել է համապատասխանաբար 30 մլն և 14 մլն դրամ։ Տարվա վերջում առաջին ավանդի գումարը հասել է 48 մլն դրամի, իսկ երկրորդը զրոյացվել է։ Այսպիսով, տարվա վերջին ավանդներում առկա է եղել ընդհանուր 48 մլն դրամ։ Բանկային հաշվի մնացորդը տարվա վերջում կազմել է 400 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 250 հազար դրամ։

2022 թվականին Հովակիմյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 13 մլն 892 հազար 187 դրամ։ Դրանից 9 մլն 153 հազար 255 դրամը ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմից, իսկ 969 հազար 599 դրամը՝ Սահմանադրական դատարանից։ Եվս 2 մլն 635 հազար 333 դրամ ստացել է «Հայբիզնեսբանկից», իսկ 1 մլն 134 հազար դրամ՝ «Կոնվերս բանկից»՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։

Ծախսերի բաժնում դատավորը նշել է 3 մլն դրամի վարկի մարում։ Այլ խոշոր ծախսերի վերաբերյալ տվյալներ չկան։

2023 թվական

2023 թվականի սկզբում Հովակիմ Հովակիմյանն ունեցել է երկու բնակարան՝ Նոր Նորք վարչական շրջանում։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2006 թվականի փետրվարի 8-ին, մյուսը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Օգոստոսի 3-ին Հովակիմյանը բնակարաններից մեկը վաճառել է 33 մլն դրամով։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է մեկ բնակարան։

Ավտոմեքենայի մասով փոփոխություն չի եղել։ Տարվա սկզբին և տարեվերջին նրա հայտարարագրում առկա է եղել 2012 թվականի արտադրության Mercedes-Benz, որը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։

Բանկային ավանդի մնացորդը տարվա սկզբի 48 մլն դրամից տարեվերջին հասել է 50 մլն դրամի։ Բանկային հաշվի մնացորդը 400 հազար դրամից դարձել է 1 մլն 346 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 250 հազարից 645 հազար դրամ։

2023 թվականին Հովակիմյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 102 մլն 645 հազար 518 դրամ։ Դրանից 33 մլն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարն է, 20 մլն 204 հազար 661 դրամը՝ Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունը, իսկ 4 մլն 440 հազար 857 դրամը՝ տրված փոխառությունների դիմաց տոկոսներն ու այլ հատուցումները։ Բացի այդ, նա «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից ստացել է 45 մլն դրամ վարկ։

Տարվա վերջում նրա վարկային և փոխառության պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 85 մլն դրամ։ Դրանցից 50 մլն դրամը փոխառության, իսկ 35 մլն դրամը՝ վարկի մայր գումարի մնացորդն է։

Ծախսերի մասով Հովակիմյանը հայտարարագրել է 2 մլն 132 հազար դրամի հանգստի համար կատարած ճանապարհածախս և կեցության ծախս։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ևս 5 մլն դրամ։

2024 թվական

2024 թվականի սկզբին և տարեվերջին Հովակիմյանն ունեցել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան, որը ձեռք էր բերել 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույք չի օտարել։ Նրա հայտարարագրում պահպանվել է նաև 2012 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենան։

Բանկային ավանդներից մեկի մնացորդը տարվա սկզբին կազմել է 50 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 15 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը 1 մլն 346 հազար դրամից նվազել է մինչև 4 մլն 884 դրամ, իսկ կանխիկ գումարը 645 հազար դրամից աճել է մինչև 730 հազար դրամ։

2024 թվականին Հովակիմյանի ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 407 հազար 89 դրամ։ Դրանից 19 մլն 255 հազար 134 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է։ Եվս 4 մլն 151 հազար 955 դրամ նա ստացել է տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղից։

2024 թվականին դատավորը 35 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը։ Այլ խոշոր ծախսեր չի հայտարարագրել։

2025 թվական

2025 թվականին Հովակիմյանի ունեցվածքում էական փոփոխություններ են արձանագրվել։ Տարվա սկզբում նա ունեցել է Նոր Նորքում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերել 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Հունիսի 12-ին Հովակիմյանը համատեղ սեփականությամբ 65 մլն դրամով բնակարան է ձեռք բերել։ Նույն օրը նա 8 մլն դրամով ավտոկայանատեղի է գնել։ Տարվա վերջում նրա հայտարարագրում առկա է արդեն երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ ավտոկայանատեղի։

Փետրվարի 28-ին դատավորը նաև 14 մլն 900 հազար դրամով Mercedes-Benz է ձեռք բերել։ Ավտոմեքենան 2020 թվականի արտադրության է։ Միաժամանակ նրա մոտ պահպանվել է 2012 թվականի արտադրության Mercedes-Benz-ը։ Այսպիսով, 2025 թվականի վերջում Հովակիմյանը հայտարարագրել է երկու Mercedes-Benz ավտոմեքենա։

Դատավորի բանկային ավանդը տարվա սկզբում և վերջում կազմել է 15 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 4 մլն 884 դրամից նվազել է մինչև 1 մլն 40 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 730 հազարից նվազել է մինչև 250 հազար դրամ։

2025 թվականի ընթացքում Հովակիմյանը ստացել է ընդհանուր 29 մլն 979 հազար 543 դրամ եկամուտ։ Դրանից 19 մլն 684 հազար 740 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումներն են։ Բացի աշխատավարձից, նա 2 մլն 294 հազար 803 դրամ ստացել է բանկային ավանդների կամ տրված փոխառությունների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։ Այդ եկամուտը վճարել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղը։ Եվս 8 մլն դրամի այլ եկամուտ Հովակիմյանի հայտարարագրում նշված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2284
bottom of page