«Եթե դերասանուհի ես, պարտադիր չէ բաց տեսարաններում նկարվես»․ Ադրինե Աճեմյանը՝ նոր դերի ու անձնական կյանքի մասին
- 4 days ago
- 3 min read

Tert.am Life-ի զրուցակիցը 20-ամյա դերասանուհի և մոդել Ադրինե Աճեմյանն է: Նրա հետ զրուցել ենք նրա նոր հեռուստանախագծի, թատրոնում առաջին մեծ դերի, դերասանուհու մասնագիտության դժվարությունների, բաց տեսարանների հանդեպ վերաբերմունքի, մոդելային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ լինելու փորձառության և անձնական կյանքի մասին։
Նոր հեռուստասերիալ և անսովոր կերպար
Ադրինե Աճեմյանը շուտով կհայտնվի նոր հեռուստասերիալում, որի նկարահանումները կմեկնարկեն առաջիկա օրերին։
«Սկսելու ենք պրոդյուսեր Ելենա Արշակյանի, սցենարիստ Անահիտ Մխիթարյանի և ռեժիսոր Գոհար Արշակյանի նոր հեռուստասերիալի նկարահանումները, որը կհեռարձակվի Armenia TV-ով»,- պատմեց դերասանուհին։
Թեև մանրամասներ դեռ չցանկացավ բացահայտել, բայց նշեց՝ կերպարը բոլորովին նման չէ իր նախորդ դերերին։
«Շատ խաղալու տեղ ունեմ։ Կերպարս հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկ է, որը կանգնած է մեծ խնդրի առաջ։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց կարող եմ նշել, որ կինոյի դասական «չար աղջիկը» չէ»։
Առաջին մեծ դերը թատրոնում
Զուգահեռաբար Ադրինեն ներգրավված է նաև «Շունչ» թատրոնի «Ծնողը» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում է թոռնուհու կերպարը։
«Ներկայացման հիմնական գաղափարը սերունդների բախումն է։ Թոռնուհու միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպես է երեխան արտացոլում իր ընտանիքի մտածողությունը և վերաբերմունքը մեծերի հանդեպ»։
Դերասանուհին ընդգծում է, որ սա իր առաջին մեծ բեմական աշխատանքն է և հույս ունի, որ թատրոնում ճանապարհը շարունակական կլինի։
«Նկարահանումն ու թատրոնը տարբեր աշխարհներ են։ Ոչ մեկն ավելի հեշտ կամ դժվար չէ, պարզապես երկուսն էլ ունեն իրենց առանձնահատկություններն ու բարդությունները»։
«Դերասանուհի դառնալու մասին երազել եմ հինգ տարեկանից»
Ադրինեն ասում է՝ երբեք չի կասկածել մասնագիտության ընտրության հարցում։
«Եթե հինգ տարեկանում ինձ հարցնեիք, թե ինչ եմ ուզում դառնալ, կասեի՝ դերասանուհի։ Նույնիսկ Armenia TV-ի կողքով անցնելիս ասում էի՝ սա իմ ապագա աշխատավայրն է»։
Նրա խոսքով՝ սերը դեպի մասնագիտությունը սկսվել է թատերական խմբակից, և այդ օրվանից ընտրությունը չի փոխվել։
Փողոցում ճանաչելն ու հանդիսատեսի սերը
Դերասանուհին խոստովանում է՝ ամենամեծ պարգևը հանդիսատեսի սերն է։
«Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն մարդկանց համար, ովքեր փողոցում ճանաչում են, ժպտում, մոտենում ու ասում, որ սիրում են ինձ։ Իմ կարծիքով՝ դերասանի ամենամեծ վարձատրությունը հենց դա է»։
Առաջին ճանաչումը ստացել է «Սերը երբեք չի մոռանում» հեռուստասերիալից հետո, որտեղ մարմնավորում էր Սեդայի կերպարը։
«Շատ հաճելի էր, որովհետև չէի սպասում նման արձագանքի։ Բայց միշտ կարծում եմ, որ մարդը պետք է աշխատելու և աճելու տեղ ունենա։ Երբ մտածում ես, որ արդեն ամեն ինչ գիտես, սկսում ես հետ գնալ»,- անկեղծացավ դերասանուհին:
Բաց տեսարաններ․ «Ամեն ինչ կախված է, թե ինչպես է նկարահանված»
Վերջին շրջանում հաճախ քննարկվող թեմաներից մեկն էլ բաց տեսարաններն են։ Ադրինեն այս հարցում ունի հստակ դիրքորոշում։
«Եթե տեսարանը վուլգարության սահմաններից շատ հեռու է, էսթետիկ է և արդարացված սցենարով, ես խնդիր չեմ տեսնում»։
Նա հիշում է, որ իր առաջին նախագծում ունեցել է համբույրի տեսարան, որը նկարահանվել է շատ նրբանկատ կերպով։ «Ես դեմ եմ այն մտքին, որ եթե դերասանուհի ես, պարտադիր պետք է նկարահանվես բաց տեսարաններում։ Կան հիանալի դերասանուհիներ, որոնք երբեք նման տեսարաններում չեն նկարահանվել, և դա ոչինչ չի ասում նրանց պրոֆեսիոնալիզմի մասին»։
Միևնույն ժամանակ ընդգծում է, որ դերասանը չպետք է վախենա նաև բացասական կերպարներից։
«Եթե դերասանուհին միայն դրական կամ միայն բացասական կերպարներ խաղա, ժամանակի ընթացքում կհայտնվի մեկ ամպլուայի մեջ։ Որքան տարբեր կերպարներ, այնքան ավելի հետաքրքիր»,-ընդգծեց նա:
Հնդկաստանում անցկացված մրցույթը՝ որպես մեծ փորձություն
2025 թվականին Ադրինեն Հայաստանը ներկայացրել է Հնդկաստանում կայացած «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում։
«Ամենաբարդը ընտանիքից և երկրից հեռու լինելն էր։ Ես շատ կապված եմ Հայաստանին ու դժվար եմ երկար ժամանակով հեռանում»։ Նրա խոսքով՝ այդ փորձը սովորեցրել է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները և պատասխանատվություն կրել ամբողջ երկրի անունից։
«Երբ հասկանում ես, որ ներկայացնում ես Հայաստանը, պատասխանատվությունը շատ մեծ է»։
Հետաքրքիր է, որ մրցույթից հետո նա գրեթե բացասական արձագանքների չի հանդիպել։ «Նազենի Հովհաննիսյանն անգամ կատակով ասում էր, որ ես այն եզակի մոդելներից եմ, ում ժողովուրդը չի «քարկոծել»։ Իրոք, շատ մեծ աջակցություն եմ զգացել թե՛ լրագրողների, թե՛ մարդկանց կողմից»։
Անձնական կյանքում փոփոխություններ չկան
Անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին ասում է՝ նորություններ չկան։ «Շատ հաճախ են հարցնում այդ մասին, բայց այս պահին անձնական կյանքում փոփոխություններ չկան»։
Իսկ իդեալական տղամարդու մասին պատկերացումները հստակ են. «Պետք է լինի հավատարիմ, ճշտախոս, արդար և հավատացյալ մարդ։ Ինձ համար շատ կարևոր է, որ մարդը հարգի իր հարաբերություններն ու այն ճանապարհը, որն անցել է դիմացինի հետ»։
Վերադառնալով մասնագիտական երազանքներին՝ զրույցի ավարտին դերասանուհի Ադրինե Աճեմյանը նշեց. «Միշտ պետք է մտածես, որ դեռ աճելու և սովորելու տեղ ունես։ Հակառակ դեպքում մեր մասնագիտության մեջ ուղղակի կկորես»:



















