Քիմ Քարդաշյանը ներել է իրենից 7,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զարդեր գողացած կողոպտիչներին՝ որպես փոխհատուցում պահանջելով ընդամենը 1 եվրո
- May 20
- 2 min read

Քիմ Քարդաշյանը զարմացրել է հանրությանը Փարիզում տեղի ունեցած աղմկահարույց զինված ավազակության գործի վերաբերյալ իր անսպասելի որոշմամբ։ Հարձակումից գրեթե տասը տարի անց աստղը հանցագործներից խորհրդանշական փոխհատուցում է պահանջել՝ ընդամենը մեկ եվրո։
Խոսքը 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտի մասին է։ Այն ժամանակ հանցագործների խումբը ներխուժել էր «Hôtel de Pourtalès» շքեղ հյուրանոցում գտնվող Քարդաշյանի համարը, կապկպել նրան, փակել բերանը և, զենքի սպառնալիքով, հափշտակել շուրջ 7,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զարդեր։
Գողացված թանկարժեք իրերի թվում էր նաև մոտ 3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ նշանադրության հայտնի մատանին, որը Քիմին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ Հափշտակված զարդերի մեծ մասն այդպես էլ չի գտնվել։
Այդուհանդերձ, քաղաքացիական հայցով դատական լսումների ժամանակ Քարդաշյանի փաստաբան Լիոնոր Էններիկը հայտարարել է, որ իր պաշտպանյալն այլևս մեծ տնտեսական փոխհատուցում չի պահանջում։
«Նա խնդրում է ընդամենը խորհրդանշական մեկ եվրո»,- հայտնել է իրավաբանը։
Այս գումարը պետք է վճարեն հանցախմբի չորս հիմնական անդամները, այդ թվում՝ հարձակման կազմակերպիչը՝ 70-ամյա Աոմար Աիտ Հեդաշը։
Ավելի վաղ՝ աղմկահարույց դատավարությունից հետո, հանցավոր խմբի անդամներին իրենց տարիքի և առողջական խնդիրների պատճառով կնքել էին «պապիկ կողոպտիչներ» մականվամբ։ Չնայած կայացված դատավճիռներին՝ նրանցից ոչ մեկը չի վերադարձել բանտ։ Դատարանը հաշվի է առել մեղադրյալների տարիքը, առողջական վիճակի վատթարացումը և մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ անցկացրած ժամանակը:
Հանցախմբի պարագլուխը ստացել է ամենախիստ պատիժը՝ ութ տարվա ազատազրկում, որից հինգը՝ պայմանական։
Նիստի ժամանակ Քիմ Քարդաշյանը հուզմունքով է արձագանքել Աիտ Հեդաշի ուղարկած ներողության նամակին։ Արցունքն աչքերին նա ասել է. «Ես գնահատում եմ այս նամակը։ Ես ներում եմ ձեզ կատարվածի համար, բայց դա չի փոխում այն էմոցիաները, զգացմունքներն ու հոգեբանական տրավման, որոնք ընդմիշտ փոխեցին իմ կյանքը»։
Դատավոր Դավիդ Դե Պան ավելի ուշ խոստովանել է, որ պատիժներն իսկապես բավականին մեղմ են եղել, սակայն նշել է, որ մեղադրյալներից և ոչ մեկը, ամենայն հավանականությամբ, այլևս հանցագործություն չի կատարի։
Հետաքրքիր է, որ Քարդաշյանի ոճաբան Սիմոնա Բրետերը, ով հարձակման պահին նույնպես եղել է համարում, նույնպես պահանջել է ընդամենը խորհրդանշական մեկ եվրո փոխհատուցում։
Բոլորովին այլ կերպ է վարվել հյուրանոցի ադմինիստրատոր Աբդերրահման Ուատիկին, ում հանցագործները նույնպես սպառնացել էին զենքով։ Նա պահանջում է 550 հազար եվրոյի փոխհատուցում։
Ինքը՝ «Hôtel de Pourtalès» հյուրանոցը, նույնպես փոխհատուցում է պահանջում (շուրջ 86 հազար ֆունտ ստերլինգ)՝ գործարար համբավին հասցված վնասի համար։
ֆրանսիական դատարանը սեպտեմբերի 15-ին կհրապարակի Քաղաքացիական փոխհատուցումների վերաբերյալ վերջնական որոշումը։



















