Եթե չգիտեք ձեր ընտրատեղամասը, սակայն ունեք հեռախոս
- 2 hours ago
- 1 min read

Դա այնքան դյուրին խնդիր է, որ հեռախոս ունեցող ցանկացած քաղաքացի, նույնիսկ առաջին դասարանցի երեխան կարող է լուծել։ Հենց հեռախոսով (կամ համակարգչով, ինտերնետին հասանելիություն տվող ցանկացած սարքով) պետք է մուտք գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք՝ https://www.elections.am/.
Ապա կայքում բացել «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը եւ որոնման դաշտում լրացնել ձեր անուն-ազգանունը, կամ անուն-ազգանուն-հայրանունը եւ մարզը, այլ տվյալներ լրացնել հարկավոր չէ։ Այնուհետեւ, սեղմեք «Որոնում» կոճակը (չմոռանալով CAPTCHA-ի վանդակում նշել, որ ռոբոտ չեք)։
Միանգամայն հնարավոր է ձեր անուն-ազգանվամբ, անգամ անուն-ազգանուն-հայրանվամբ մի քանի անձինք լինեն Հայաստանում, որոնց ցանկը կտեսնեք։ Ըստ հաշվառման վայրի գտեք ձեր տողը, ձեր հասցեի կողքին կտեսնեք ընտրատեղամասի համարը որտեղ պետք է քվեարկեք, այնուհետ տեղադրված է անգամ Google map, որը ցույց է տալիս տեղամասի գտնվելու վայրը՝ տեղանքի քարտեզով, եւ շինության տվյալներով՝ մանկապարտեզ (kindergarden) թիվ այսինչ, կամ դպրոց (school) թիվ այնինչ, եւ այլն։
Եթե ձեր հեռախոսում կա ներբեռնված Google map հավելված, ապա ընտրատեսղամասային կենտրոնի եւ շրջակայքի վերեւից կատարված տեսանկարն էլ կտեսնեք։ Քանի որ ձեր ընտրատեղամասը ձեր թաղամասում է, տեսանկարով նույնիսկ ընտրատեղամասի շենքը կճանաչեք։
Հավելյալ եթե այլ վայրից եք գնալու, հարկավոր է տեղամասային կենտրոնի հասցեն, կարելի է ուղղակի համացանցում որոնում կատարել՝ թիվ այսինչ դպրոցի հասցեն կամ թիվ այնինչ մանկապարտեզի հասցեն գրառումով։



















