top of page

Աննա Հակոբյանին մերժեցին․ «Էրատո» ջոկատից մինչև ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջամարտիկ

  • 1 day ago
  • 2 min read


Նիկոլ Փաշինյանի կողակիցն իր համար նոր զբաղմունք է գտել․ 44-օրյա պատերազմի օրերին իր ստեղծած «քաջարի ու հայրենասեր» կանանց «Էրատո» ջոկատով մարտնչեց հանուն Արցախի, որը հետո նրա ամուսնու թեթև ձեռքով հանձնվեց Ադրբեջանին։

Ապա նա Նիկոլ Փաշինյանի հետ «կրթեց» մի ամբողջ հասարակության՝ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում։  Այս ամենն արվեց, հիմա էլ նա անցել է ընտանեկան բռնության դեմ պայքարի խնդրին՝ այդ «ծանր բեռը» վերցնելով իր նուրբ կանացի ուսերին, կարծես թե դրանով ուրիշ զբաղվող չկա՝ ի պաշտոնե։



Թե ինչու է Աննա Հակոբյանը հիմա էլ նման նախաձեռնությամբ փորձում մարդկանց ուշադրությունը սևեռել իր «համեստ» անձի վրա, դրդապատճառները հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ ինչպես նախորդ նախաձեռնությունները, այնպես էլ այս մեկը որևէ արդյունավետություն չի ունենալու և որևէ հարց չի լուծելու։ Սա՝ լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում նրա քայլը՝ ոչ թիրախային քայլերով, կարող է խոչընդոտ դառնալ ընտանեկան բռնության դեմ պայքարի իրական լուծմանը։ Եվ դա զարմանալի էլ չէ, քանի որ Աննա Հակոբյանն ակնհայտորեն չի տիրապետում այն գործիքակազմին ու իրավիճակին, որոնք կապ ունեն տվյալ խնդրի հետ և կարող են նրան թույլ տալ արդյունավետ լուծումներ մշակել։



Մյուս կողմից էլ՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացը, որին իր ֆեյսբուքյան տեսաուղերձով Աննա Հակոբյանը մասնակցելու է հրավիրել նաև ընդդիմադիր կին պատգամավորներին (այդ կապակցությամբ հանդիպման է հրավիրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին), ամենևին իր գործառույթը չէ։ Օրենքներում և օրենսգրքերում փոփոխություն կատարելու համար գոյություն ունեն պատկան կառույցներ՝ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները, գործադիր իշխանությունը ևս կարող է նման առաջարկներով հանդես գալ, բայց ամենևին ոչ իրեն որպես պետության առաջին տիկին ներկայացնող անձը, որի պաշտոնական կարգավիճակը և երկրի վարչապետի հետ հարաբերությունները հստակ չեն։




Եթե այս կամ այն օրենսդրական նախաձեռնության քննարկմանը կարող է մասնակցել նաև հանրային սեկտորը՝ հասարակական կազմակերպությունների, մասնագետների, փորձագետների և մասնագիտական կառույցների մակարդակով, անգամ այդ դեպքում, մեր տեղեկությամբ, Աննա Հակոբյանը որևէ նման կառույց ոչ ղեկավարում է, ոչ էլ անդամակցում է դրանց, ինքն էլ, ինչպես նշեցինք, տվյալ ոլորտի փորձագետ կամ մասնագետ չէ։ Լավագույն դեպքում՝ հետևելով իր երեխաների հոր օրինակին, նա կարող էր հանրային հայտարարություններով օրենսդրին և գործադիրին առաջադրանք տալ նման փոփոխություններ իրականացնել ընդդեմ ընտանեկան բռնության, կամ այդ հարցով դիմեր անձամբ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հրահանգներ տար։ Վերջին հաշվով, Փաշինյանն ինքն է հայտարարել, որ կառավարությունն ինքն է, և կարծում ենք, որ նրա համար դժվար չէր փարատել իր կողակցի՝ Հայաստանում ընտանեկան բռնության վիճակի հետ կապված մտահոգությունները։



Նշենք նաև, որ թե՛ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը, թե՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն արդեն մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման գնալը։ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ նրանք հայտնել են, որ չեն պատրաստվում հանդիպել Աննա Հակոբյանի հետ և ընդունել նրա առաջարկը։ Այնինչ, հենց երեկ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, լրագրողի հարցին, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցով կհամագործակցի՞ Աննա Հակոբյանի հետ, չէր բացառել նման համագործակցությունը։ ՀՅԴ-ական պատգամավորն ասել էր, որ խնդրի առողջ լուծման առաջարկների դեպքում, որից կշահի թե՛ մեր պետությունը, թե՛ հասարակությունը, ինքը կդիտարկի նման հնարավորությունը՝ հայտարարելով, թե ինքը երկխոսության կողմնակից է և գերադասում է խնդիրները լուծել, այլ ոչ թե առճակատման գնալ։ Թերևս, Լիլիթ Գալստյանի այս հայտարարությունից ոգևորվելով՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան եթերում ընդդիմադիր կին պատգամավորներին համագործակցության ձեռք մեկնեց։


 


Թե ինչով կավարտվի իշխանական տիկնոջ այս թվացյալ կառուցողական առաջարկն ընդդիմությանը, մոտ օրերս պարզ կդառնա։

 
 
1/2284
bottom of page