top of page

Հայաստանն առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել. Խանդանյան

  • Aug 11
  • 1 min read


«Հայաստանը կհետևի զարգացումներին և ի գիտություն կընդունի ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու հնարավոր որոշումը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը։

Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, հիշեցրեց՝ մի քանի տարի է Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հետդարձի ճանապարհ չեն տեսնում։

«Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է ստիպել մեզ ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Այն խնդիրները, որի պատճառով սառեցրել ենք անդամակցությունը, մինչև օրս չեն լուծվել, չենք տեսել որևէ, նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը կդատապարտեր 2022, 2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է։

«Չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Բնականաբար, Հայաստանը առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել, որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել։  Խոսքը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելն է։

Մենք կշարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ում մեր կարգավիճակը ու անդամակցության շարունակությունը ամրագրված է նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում, և դա իր արտացոլումը կգտնի նաև կառավարության ծրագրում»,- ասաց Խանդանյանը։

 
 
bottom of page