«Այստեղ էլ ինձ շանս չտվեցին, ասում էին՝ ո՞ր երգչին հանենք, որ քեզ աշխատանքի վերցնենք». Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ-ում աշխատանք չգտնելու մասին

1990-ականների հայկական էստրադայի հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն, ով տարիներ առաջ հեռացավ հեռուստաեթերից ու մեկնեց Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ-ում ձեռք է բերել նոր մասնագիտություն՝ ավարտել է բժշկական քոլեջն ու աշխատում է կլինիկայում:
«Եթերից իմ կամքով չէի հեռացել՝ հեռացվեցի նախկինների թեթև ձեռքով և ոչ միայն եթերներից, այլ նաև բոլոր տոնական ու հանրային ելույթներից՝ համերգներից, միջոցառումներից»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգչուհին ու նշեց, որ հանգամանքների բերումով ինքն իրեն ստիպեց ու իր կամքին հակառակ հեռացավ երկրից:
«ԱՄՆ-ում սկզբում պայքարում էի մտնել երաժշտական ոլորտ, գուցե լինելով այդ ոլորտում շարունակեի երգս, տեսահոլովակներս, եթերներս, բայց այստեղ էլ ինձ շանս չտվեցին։ Որ ռեստորան մտա ասացին՝ «վայ, Արփինե ջան քեզ ճանաչում ենք, շատ սիրում, հարգում ենք, բայց ո՞ր երգչին հանենք, որ քեզ աշխատանքի վերցնենք, բացի այդ՝ մեր կորիզն արդեն կազմավորված է»:
Առաջարկում էին անվճար աշխատել, միայն, եթե լինի թեյավճարով՝ այն էլ ինձ ծանոթ մարդիկ ու այս երկիր նոր ժամանած մարդուն էին առաջարկում, ով գոյության պայքար էր տանում: Հասկացա՝ շանսեր չունեմ, հասկացա, որ ինչպես մեր ժողովրդական ասացվածքն է ասում՝ տերովին տերն է տարել, անտերին էլ գելը:
Այստեղ էլ է մոնոպոլիա… Ինքս քծնել, նվաստանալ, խնդրվել, ինքնասիրությունս ոտքի տակ գցել հանուն նպատակի չեմ սիրում ու այդպես համակերպվեցի այն մտքի հետ, որ մենք՝ հայերս (ոչ բոլորն, իհարկե) ցավոք, միասնական չենք, գնահատել, իրար անշահախնդիր օգնել ու հարգել միմյանց, իրար մեջքի կանգնել չենք սիրում։ Հայերի մոտ ռուս ազգն էր աշխատում։ Ինձ փորձեց օգնել Շպռոտը, ամեն բան արեց, բայց չստացվեց: Երգչուհի Անուշիկ Հակոբյանն օգնեց, ծանոթացրեց ռուս հրեաների հետ, ինձ շատ սիրեցին ու պինդ պահում էին, որ չգնամ ուրիշ տեղ, քանի որ հեռու էր այդ ռեստորանը ու ես էլ մեքենա չէի վարում ու աշխատածիս մեծ մասը գնում էր տաքսիներին։
Իրենց մեծ սիրուց իմ հանդեպ ես ինձ պարտավորված զգացի մնալ ու աշխատել իրենց մոտ 3 տարի»,- անկեղծացավ Արփինե Բեկջանյանը:
Նրա խոսքով՝ եկավ համավարկն ու փակվեց ամեն բան։ Վաճառվեց այդ համալիրը, բոլորը մնացին առանց աշխատանք:
«Անցավ երգելու ցանկությունը, որը այստեղ հոբբի էր դարձել: Բավական գումար չկար ապրելու համար, երգելը պիտի մնար կողքից։ Պետք էր ապրել, տան վարձ տալ ողջ աշխատավարձի չափով, այլ վճարումներ անել՝ բավականին շատ: Ու սկսեցի ցանկացած տիպի աշխատանք փնտրել:
Չերգելուց փակվեց ձայնս, փակվեց երգելու ցանկությունս, քանի որ սիրտս ու հոգիս չէին երգում»,- պատմեց երգչուհին:
Նա նշեց, որ այժմ, երբ նոր մասնագիտություն ունի, պիտի շարունակի կրթվել: «Ուզում եմ սանդղակս բարձրանա այս մասնագիտության մեջ: Սիրում եմ սովորել ու հաճույքով եմ դա անում»:
Արփինե Բեկջանյանը նաև նշեց, որ «Տեսիլք» ռոք խմբի հիմնադիր Խաչատուր Մելիքյանն իր հեղինակային մի քանի երգերից է վստահել, որոնք մեծ սիրով ու պատասխանատվությամբ պիտի ձայնագրի:
Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ դուստրը սովորում է ճարտարագիտություն, շուտով քոլեջից կտեղափոխվի համալսարան: Տղան դեռ սովորում է ավագ դպրոցում:
«Ամուսինս՝ Արման Էլբերտն իր ստեղծագործական ուղղուն չդավաճանեց ու համագործակցում է իր վաղեմի ընկերների հետ:
Գրում է ֆիլմերի սաունդթրեքեր ու երաժշտություն, ինչպես նաև նոր մարդկանց հետ է համագործակցում:
Փորձում ենք միասին հաղթահարել ԱՄՆի դժվար ու անչափ ծանրաբեռնված կյանքը։ Իմ երկրպագուներին էլ փոխանցեմ, որ օվկիանոսից այն կողմ անգամ զգում ու վայելում եմ իրենց սերը, ջերմությունը, նվիրվածությունն ու տխրությունը, որ չկամ ասպարեզում։ Իմ կյանքում տարած բազում ու անավարտ պայքարներն ինձ շատ փոխեցին և ուժեղացրեցին»,- ամփոփեց երգչուհին:



















