«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՄՆ ԵՒ ՀՀ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ ԴԵՍՊՈՏԻԶՄԻ ՎԵՐԱԾԵԼ
- Armen Sukiasyan
- Feb 20, 2025
- 4 min read

ԱՄՆ նորընտիր իշխանությունը նոր աշխարհակարգի ձեւավորման մեկնարկն է տվել: Դեռ չի լրացել Թրամփի կառավարման մեկ ամիսը, սակայն նա հասցրել է կտրուկ փոփոխությունների գնալ` տրանսգենդերներին եւ 3 սեռի գաղափարը մերժելուց մինչեւ USID-ի փակում եւ գրանտակերներին 90 օրով ֆինանսական աջակցությունից զրկելու որոշում: Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն է սկսել՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար, հրաժարվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունից: Թրամփի քայլերը բավականին ռադիկալ են, երբեմն՝ ոչ այնքան հասկանալի: Լուրեր կան, որ նա պատրաստվում է հետ կանչել բոլոր երկրներից ԱՄՆ դեսպաններին, կարգադրել է աշխատանքից ազատել Բայդենի ժամանակաշրջանի բոլոր դատախազներին:
Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Նման փոփոխությունները պարտադիր չեն, սակայն ես դրանք համարում եմ դրական, նոր իշխանությունները, եթե գտնում են նման փոփոխությունների անհրաժեշտություն, ապա շատ նորմալ են դրանք: Նոր արյունը, նոր դեմքերը, նոր մարդիկ ավելի դրական են ազդում պրոցեսների վրա, քան արդեն հնացած ուժերը: ԱՄՆ-ում գործում են ինստիտուտները, առաջնային կարեւոր ինստիտուտը նախագահի ինստիտուտն է: Ամերիկայի ժողովուրդը Թրամփին տվել է այդ փոփոխությունների մանդատը: Նրանք ցանկանում են պետական ինստիտուտներում եւս փոփոխություններ տեսնել, Թրամփը, ըստ էության, անում է այն, ինչ խոստացել է ներքին եւ արտաքին ասպեկտներում: ԱՄՆ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհի վրա, այն, որ այստեղ կա փոփոխության կարիք, փաստ է: Այժմ Թրամփը մեծ ավյունով անում է այդ անհրաժեշտ փոփոխությունները: Փոփոխությունների չգնալը տանում է ճահճացման»:
Զրուցեցինք նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ:
- ԱՄՆ-ն մի պետություն է, որտեղ կարեւոր գործոն են պետական ինստիտուտները: Ի տարբերություն այլ պետությունների, ԱՄՆ-ում որոշում կայացնողը ոչ միայն նախագահն է, այլեւ՝ պետական մյուս կառույցները, ինչը նախագահին թույլ չի տալիս միանձնյա որոշումներ կայացնել, բայց Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո մենք ականատես եղանք, թե ինչ արմատական փոփոխություններ է կատարում կայացած համակարգեր ունեցող ԱՄՆ ղեկավարը, եւ ոչ մի ընդվզում պետական ինստիտուտների կողմից չկա: Ի՞նչ պրոցեսներ են սրանք: Պարտադի՞ր նախապայման է նման փոփոխությունների գնալը:
- Բացարձակապես պարտադիր պայման չկա` նման փոփոխությունների գնալու, սակայն նախագահն ունի նման լիազորություններ եւ իրավունք: Նպատակահարմարությունը որոշում է հենց ինքը` ինչպես մեր երկրում:
- Բայց մեր երկրի ու ԱՄՆ տարբերությունն այն է, որ մեզ մոտ երկրի առաջին դեմքի ինստիտուտն է բացառապես որոշումներ ընդունում, իսկ ԱՄՆ-ում երբեք այդպես չի եղել:
- Այս հարցում տարբերություններ չկան: Երկրի ղեկավարն օրենսդրությամբ օժտված է նման փոփոխություններ կատարելու, եթե ես գալիս եմ ու ասում եմ, որ իքս գործիչը լավ է աշխատել եւ կարող է շարունակել իր աշխատանքը, վաղն իմ փոխարեն կարող է գալ մեկը, որը վստահաբար կարող է պնդել, որ նույն իքս անձը լավ չի աշխատել եւ պետք է հեռանա: Օրենսդրական տեսանկյունից դեսպանների հետ կապված եւս խնդիր չկա` դա նախագահի նախընտրության տիրույթում է: Մեզ նման երկրների եւ ԱՄՆ-ի տարբերությունը հետեւյալն է․ եթե Հայաստանում վարչապետը որոշի, որ պետք է իքս անձն աշխատանքից հեռանա, եւ նրան փոխարինի այլ մեկը, մեզանում դա խնդիր չի համարվում, ավելին` պրակտիկան այդպիսին է, բայց ԱՄՆ-ում եթե որոշում ես ինչ-որ մեկին հեռացնել աշխատանքից, օրինակ ` ինչ-որ դեսպանի հետ կանչել, դա շատ հեշտ է, սակայն հետո այլ մեկին նշանակելն է բարդ, քանի որ պետք է հաստատի նաեւ Սենատի հանձնաժողովը: Թրամփն այս հարցերում չի կարող միանձնյա որոշումների գնալ: Նա կարող է որոշել թեկնածուին: Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ Մեթյու Բրայզայի դեպքում: Նրան որոշեցին նշանակել Թուրքիայում դեսպան, սակայն հայկական համայնքը բողոքեց, ընդդիմացավ, Սենատի նախագահ Մենենդեսը, կներեք խոսքիս համար, բայց «փչացրեց» Մեթյուին` չհաստատելով վերջինիս թեկնածությունը դեսպանի համար: Բայց երբ ինչ-որ դեսպանի հետ կանչելու խնդիր է լինում, այդտեղ նախագահը ոչ մի խնդիր չունի: Տարբերությունը նշանակման մեխանիզմի մեջ է: Անկախ այն բանից, թե երկրի ղեկավարն ինչ է որոշում, պրոցեսին մասնակցություն ունի օրենսդիր մարմինը: Հայաստանում, ինչպես տեսնում ենք, նման խանգարող մեխանիզմներ չկան: Նիկոլն ինչ դեսպան ուզում է` նշանակում է, ում ուզում է` հետ է կանչում, չկա այստեղ խնդիր: Հիմա, ենթադրենք, Թրամփը Հայաստանի դեսպանին հետ է կանչում, դա միանշանակ կարող է, բայց նոր դեսպան նշանակելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ:
- Թրամփը դադարեցրեց ԱՄՆ անդամակցությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, եւ նորից նրա ձեռքը բռնող չեղավ:
- Ձեռքը բռնող չեղավ, որովհետեւ ե՛ւ Սենատում, ե՛ւ Կոնգրեսում Թրամփն ունի մեծամասնություն, ավելին` Գերագույն դատարանում էլ կոնսերվատոր, չեմ ուզում ասել` հանրապետական դատավորների թիվն ավելի մեծ է, քան լիբերալներինը, այդ պատճառով էլ հակակշռման մեխանիզմն այստեղ չի աշխատում: Երկու տարի անց Կոնգրեսում ընտրություններ կլինեն, կազմը կփոխվի, եւ իրավիճակը կփոխվի այնպես, ինչպես Բայդենի դեպքում եղավ, եւ նրա վիճակը վատացավ, երբ Կոնգրեսում կորցրեց մեծամասնությանը, իսկ Սենատում դարձավ 50-50: Այնուամենայնիվ, եկեք արձանագրենք, որ ԱՄՆ-ում դատական համակարգն անկախ է: Ենթադրենք, ես USAID-ի աշխատող եմ եղել, ինձ աշխատանքից դուրս են շպրտել, ես դիմում եմ դատարան, դատարանն ազատ կերպով գործ է հարուցում կառավարության դեմ: Ստացվում է, որ դատարանները կարողանում են այդ երեւույթների դեմ պայքարել: Բնական է, դատարանը չի կարող Թրամփի որոշումները ֆեդերալ մակարդակով չեղյալ համարել, սակայն դա պրոցես է, ինչը հատուկ է ԱՄՆ-ին: Նման դեպքերում կա՛մ մարդկանց աշխատանքը վերականգնվում է, կա՛մ փոխհատուցում է տեղի ունենում:
- Թրամփի կառավարման մոդելը մո՞տ է դեմոկրատական երկրի մոդելին:
- Մոտ է: Որպեսզի դեմոկրատիան չվերածվի դեսպոտիզմի, գործում է դատական համակարգը: Հայաստանում ո՞րն է խնդիրը` եթե ՔՊ-ները կամ կառավարությունը քաղաքացու հանդեպ վատ են վարվում, դատարաններ դիմելն անիմաստ է դառնում, քանի որ դրանք եւս իշխանություններն են վերահսկում: ԱՄՆ-ում դատարանները չեն կարող վերահսկվել կուսակցությունների կողմից: Ի դեպ, խոսքը ոչ միայն Գերագույն դատարանի մասին է, որտեղ նշանակումներ անում է ԱՄՆ նախագահը, այլ բոլոր ատյանների դատարանների: Ամերիկյան դատարանները թույլ չեն տալիս երկիրը դեսպոտիզմի վերածել, իսկ, օրինակ, Հայաստանը գնում է դեպի դեսպոտիզմ, որովհետեւ ամեն ինչ վերահսկվում ու կառավարվում է մի կենտրոնից, մի կուսակցությունից, իսկ եթե ավելի կոնկրետ` մի անձի կողմից: Միացյալ Նահանգներում սա բացառված բան է: Այնտեղի քաղաքացիական հասարակությունը եւս հակակշիռների մեխանիզմների մեջ է մտնում: Հայաստանի նման երկրներում, որտեղ անկախությունն ու ազատությունը բացառված են, երբ բոլորը ենթարկվում են գործադիր իշխանություններին, մեծ խնդիրներ են առաջանում:



















