top of page

Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց

  • 15 hours ago
  • 1 min read


Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դառնում է 75 տարեկան։


Սակայն Հայոց Հայրապետի ծննդյան 75-ամյակը, ինչպես նախորդ տարիներին, առանձնապես չի նշվում։ Մեր տեղեկություններով՝ 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած՝ Արցախի կորստից հետո Վեհափառը որոշել է իր ծննդյան օրերին հրաժարվել որևէ տոնական շքեղությունից և օրը հնարավորինս աննկատ անցկացնել։


Դեռևս 2021 թվականին, երբ Գարեգին Բ-ն դարձավ 70 տարեկան, Մայր Աթոռը պաշտոնապես հայտնել էր, որ Հայրապետի մասնավոր ցանկությամբ հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու։


Մեզ փոխանցված տեղեկություններով՝ նույն մոտեցումը պահպանվում է նաև այս տարի․ Վեհափառը հոգևորականներին և Մայր Աթոռի ներկայացուցիչներին հանձնարարել է ծննդյան առիթով առանձնահատուկ միջոցառումներ չկազմակերպել և օրը չվերածել տոնակատարության։


Թեև ինքը փորձում է օրը անցկացնել առանց աղմուկի, համացանցում արդեն բազմաթիվ շնորհավորանքներ են տարածվում։ Շատերի համար դրանք պարզապես ծննդյան օրվա շնորհավորանքներ չեն․ իրենց վերաբերմունքն են արտահայտում Հայոց Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ՝ հատկապես վերջին շրջանում իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև սրված հարաբերությունների պայմաններում։


Ի դեպ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վարքագծում էլ նույն մոտեցումն է։


2020 թվականից հետո Սրբազանը հրաժարվել է իրեն բնորոշ զարդերից։ Սրբազանը, որ սիրում էր զարդեր կրել և մինչ պատերազմը նա կրում էր խոշոր մատանիներ, թևնոցներ, վզնոցներ, պատերազմից հետո այդ ամենը այլևս նրա կերպարի մաս չէ։ Այսօր նա միայն գավազանն է կրում։


Նշենք, որ մեր պատմության մեջ հոգևորականների շրջանում նման մոտեցումը, ընդունված է եղել` պայմանավորված երկրում և հասարակության մեջ ստեղծված ծանր իրավիճակով։


Իսկ վերջին տարիներին` պատերազմից, Արցախի կորստից և դրան հաջորդած հասարակական ու քաղաքական ցնցումներից հետո հոգևորականների մի մասը փորձում է խուսափել ցուցադրական շքեղությունից՝ իրենց վարքագծով ընդգծելով, որ ժողովրդի ծանր ապրումների պայմաններում տոնական ճոխությունը տեղին չէ։





 
 
1/2286
bottom of page