top of page

Մեր ջուրը չենք կարողանում պահել մեր երկրում, հարևան երկրներ է գնում, կառավարման խնդիր է․ ջրաբան

  • 5 days ago
  • 2 min read

«70-ից ավելի ջրամբարներ ունենք, բայց քանի որ լեռնային երկիր ենք, մեզ մոտ շատ շուտ է գարնանային հոսքը կորչում, փախչում։ Բոլորը Խորհրդային միության  ժամանակ  կառուցված ջրամբարներ են, բացառությամբ մեկի՝ Վեդիի ջրամբարի, որը վերջին տարիներին կառուցվեց»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ջրամբարների կուտակված ջրի արդյունավետ օգտագործման հարցին։

Նրա խոսքով՝ Վեդիի ջրամբարը կառուցվել է, որպեսզի հարակից գյուղատնտեսական հողերը ոռոգում ունենան, սակայն թե որքանով է այդ խնդիրը լուծում՝ տեղյակ չէ։

«Այդ տարածքը շատ չորային է, կապար բույսն է աճում այնտեղ։ Դրա համար , ես գյուղատնտեսներին հումորով ասում եմ՝   սովորացրեք մեր  կուլտուրական բույսերին, կապարի նման քիչ ջուր օգտագործեն, մենք ջուր քիչ ունենք։ Երբ պոմիդոր ենք աճացնում, ամենաշատ ջուր խմողն է,  առնվազն 12 ջուր պիտի անես, որ պոմինդորը հասնի»,- ասաց Հովհաննիսյանը։

Թեև այս տարի ջրամբարների լցվածության խնդիր չենք ունեցել և հիմնականում ջրամբարներն ամբողջովին լվցած են եղել, այսուհանդերձ ոռոգման խնդրից գյուղատնտեսները չեն խուսանավել։ Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նմանօրինակ խնդիրները՝ կառավարման բացակայության հետևանք են։

 «Ջուրը բավարարում է, կառավարման պակաս ունենք։ Ցանցերը կարգին չեն, ոռոգման ցանցն անկատար է։ Ժամանակին կատարյալ էր, բայց հիմա վնասված տեղեր շատ կան, արդյունքում՝ արտահոսքեր, կորուստներ։ Մտահոգությունս այն է, որ ավելորդ  ջուրը, որը կուտակված էր  ջրամբարում, դրանք թափվում ու գնում են հարևան երկրներ։ Խնդիրն այն է, որ հոսող ջուրը  մեր տարածքում չենք կարողանում «բռնել»։ Օրինակ, Մարմարիկի ջրամբարում  կարելի է մի փոքր ափերը բարձրացնել ու ավելի շատ ջուր պահել։ Այսպես ամեն տեղ հիդրոտեխնիկական լուծումներ կան։, կգտնվեն։ Կամ էլ ջուրը մի ուրիշ տեղ պետք է կուտակել, ափսոս է ուղղակի։ Վարչապետն էլ է միշտ ասում, որ 15 ջրամբար ունենք, որ պիտի կառուցենք։ Այդ 15 ջրամբարի պրոյեկտները դեռ Սովետի ժամանակվանից պատրաստ են, կան, բայց գումար չի եղել, որ կառուցեն»,- նշեց Հովհաննիսյանը։

Ջրաբանի խոսքով ՝ մեծաքանակ ջուր հենց այնպես հոսում է հարևան երկրներ։ Խնդրի մասին պարբերաբար խոսվում է, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։ Տարիներ շարունակ այս խնդիրը լուծվում չի ստանում, որպեսզի ջուրը կուտակվի մեր երկրում։

  «Այս տարի բոլոր ջրամբարներն ամբողջությամբ լցված են եղել, մի բան էլ ավելին թափվել գնացել է այլ երկրներ՝ գետերով, ջրանցքներով։ Մենք կարողանանք դա պահել,  շատ ծախս չի պահանջվի, իսկապես, կառավարման խնդիր է ։ Ջրային ռեսուրսները սիրում են լինել կառավարվող։ Եթե դու իրենց չես կառավարում, ապա «փախչում» են։ Ասեմ՝ մեր ջրային ռեսուրսների վրա շատ աչք կա։ Տեսեք՝ հարևան Թուրքիան ինչ ջրամբարներ է կառուցել և կառուցում, ջուրը ամբարում։ Բոլոր հարևանները ջուրը ստանում են մեր մոտից, մեզանից է գնում ջուրը իրենց, բայց մենք այդպես չենք կարողանում մեր ջուրն ամբարել մեր երկրում»,- հավելեց զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ այս հարցի լուծումը կհայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։

 
 
1/2284
bottom of page