Վերջին զանգին ընդառաջ դրամահավաքության դեպք գրանցվե՞լ է
- 7 hours ago
- 1 min read

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես դպրոցներն արդեն իսկ սկսել են վերջին դասի նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին MediaHub-ին, այս տարի Հայաստանի մի շարք դպրոցներում այն կնշվի մայիսի 22-ին։
Սովորաբար ամեն տարի նախապատրաստական աշխատանքների փուլում ծնողներն իրենց բողոքներն են բարձրաձայնում՝ կապված դպրոցներում դրամահավաքության դեպքերի հետ, ինչն արգելվում է ՀՀ դպրոցներում։
MediaHub-ը դիմեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանին՝ հասկանալու՝ արդյո՞ք այս տարի արձանագրվել են դրամահավաքության դեպքեր, և եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։
Մեր հարցին ի պատասխան՝ Վահանյանը նշեց, որ տվյալ պահին դրամահավաքության վերաբերյալ հաստատված ահազանգեր չկան։
«Միաժամանակ նշենք, որ նախարարությունը նման դեպքերի նկատմամբ մշտապես զգոն է և ցանկացած տեղեկության դեպքում հետամուտ է լինում դրանց կանխմանն ու բացառմանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նելլի Վահանյանը նշեց, որ այս տարի ևս խրախուսվում է «Վերջին դասի» միջոցառումների մշակութային ձևաչափը։ Արդեն երկրորդ տարին անցկացվում է «Մշակութային վերջին դաս» մրցույթը, որը միտված է առավել բովանդակային և ստեղծարար միջոցառումների կազմակերպմանը։
«Կոչ ենք անում շրջանավարտների ծնողներին և ուսուցիչներին՝ «Վերջին դասի» միջոցառումը դիտարկել բացառապես որպես ուսումնական գործընթացի ամփոփում՝ հավատարիմ մնալով կրթության բովանդակությանը և զերծ մնալով անհարկի շքեղությունից»,- եզրափակեց խոսքը Նելլի Վահանյանը:
Էմմա Մարտիրոսյան



















