Բառացիորեն ասում են, որ Սահմանադրության փոփոխությունը ձեր գործն է, բայց քանի դեռ այն չկա՝ խնդրում ենք մեզ մի ասեք, եկեք ստորագրենք. Միրզոյան

«Հայաստանի իշխանություններն ընդամենը 7 օրվա տարբերությամբ խաղաղության պայմանագրի համար նշում են տարբեր տարեթվեր։ Փաստացի խաղաղության պայմանագիրը հետաձգվում է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգ Հովսեփյանը։
Նա հարցրեց, թե այդ 7 օրվա ընթացքում ի՞նչ աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական վերադասավորումներ են տեղի ունեցել, որ տարբեր տարեթվեր է հնչել, թե «ուղղակի օդում խոսքեր են ասվում»։
Հիշեցնելով, որ առաջին անգամ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարեց, որ խաղաղության համար Ադրբեջանը Հայաստանի առաջ հստակ նախապայման է դնում, Հովսեփյանը հարցրեց, թե բանակցությւոնների ընթացքում ներկայացված նախապայմանների ցուցակում արդյոք այն վերջինն է։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Թրիփ նախագիծը ներկայացնելիս Միրզոյանը երկու անգամ խոսքը սկսել է խաղաղության պայմանագրի հիշատակումով և հարցրեց, թե ինչո՞ւ։
«Տիկին Հովսեփյան, պետք է հիասթափեցնեմ ձեզ, խաղաղությունը չի կարող հետաձգվել, որովհետև այն արդեն հաստատված է, եթե չեք նկատել՝ արդեն տևական ժամանակ»,-ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ պատգամավորը կարող է սահմանամերձ շրջաններից կարող է իմանալ, որ խաղաղությունը կա, նույնիսկ արդեն առևտուր կա։
Անդրադառնալով խաղաղության տեքստին՝ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստակամ է քննարկել այն ստորագրելու ժամկետը և վայրը։
«Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը պայմանավորում է որոշակի իրադարձության հետ, կարող է տեխնիկական նրբություն թվա, բայց Ադրբեջանը բանակցային գործընթացում մեր առջև այս պահանջը կամ պայմանը չի դնում, ուղակի երբ մենք ասում ենք՝ դե եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի, ոչ թե ասում են՝ պահանջում ենք գնացեք փոխեք ձեր Սահմանադրությունը, այլ ուղղակի ասում են որ չենք ստորագրում»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով որ իշխանություններն առաջարկում են համագործակցաբար այս ճանապարհ առնվազը սկսելու մասին։
Արեգա Հովսեփյանը Միրզոյանին բացատրեց, որ երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկն ասում է, թե չի ստորագրի մինչև Սահմանադրությունը չփոխվի, այն կոչվում է նախապայման և հիշեցրեց, որ Միրզոյանը նախորդ օրը արդեն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ կա նախապայման և կրկնեց, թե այդ նախապայմանը վերջի՞նն է։
«Բառացիորեն ասում են, որ դա ձեր գործն է, բայց քանի դեռ այն չկա՝ խնդրում ենք մեզ մի ասեք, եկեք ստորագրենք, մենք չենք կարող»,- պարզաբանեց Միրզոյանը և նշեց, որ ԹՐԻՓՓ-ն էլ չի կարող խաղաղության գործընթացից դուրս դիտարկվեն։



















