top of page

12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%. ՀՀ Կենտրոնական բանկ

  • Mar 17
  • 1 min read


2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3%: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։

Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:

2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։

ԱՄՆ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման, աշխատաշուկայի պայմանների թուլացման և նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա:

ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ, այն մնում է անորոշության հիմնական աղբյուրներից մեկը:

Միջնաժամկետում, կիրառվող մաքսատուրքերի հետագա հավաքագրման սահմանափակ հնարավորությունների հետ կապված, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունն ավելացել է:

Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Զուգահեռաբար, աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են:

Նավթի համաշխարհային գները, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պայմաններում, կտրուկ աճ են արձանագրում, իսկ դրանց հեռանկարի շուրջ անորոշությունը էապես աճել է: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը:

 
 
bottom of page