top of page

Տոտիից, Դել Պիեռոյից ու Կակայից լավն եմ. Կասանոյի սկանդալային հայտարարությունը

  • May 29
  • 2 min read


Իտալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Viva el Futbol շոուի եթերում աղմկահարույց և ինքնավստահ հայտարարություններ է արել՝ համեմատելով իրեն ֆուտբոլային լեգենդների և ժամանակակից աստղերի հետ։

Կասանոն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնց մակարդակին, իր իսկ խոստովանությամբ, երբեք չի կարողացել հասնել.

«Ինիեստան գերազանցում է ինձ. նա ֆուտբոլի պատմության ամենաուժեղ կիսապաշտպանն է, որին երբևէ տեսել եմ։ Նույնը վերաբերում է Ռոնալդինյոյին, որը 5-6 տարի խաղաց այնպիսի մակարդակով, որին ես չէի ձգում։ Ռոմարիոն ինձանից ուժեղ էր, ինչպես և Ֆենոմեն Ռոնալդոն, Նեյմարը և, իհարկե, Մեսսին։ Ես նույնիսկ երեք կյանքի դեպքում չէի կարողանա մոտենալ Լիոնելին։ Նա միակ խաղացողն է, ում տեղը կցանկանայի ծնված լինել։ Միակ բանը, որ մեզ միավորում է, այն է, որ ես կարող էի նրա հետ խաղալ այն մեծագույն «Բարսելոնայում»»,- ասել է իտալացին։

Խոսելով բրազիլացի լեգենդների և ժամանակակից աստղերի մասին՝ նախկին հարձակվողը նշել է, որ որոշ ասպեկտներով գերազանցում է նրանց.

«Ռիվալդոյի հետ համեմատության մեջ ես ընտրում եմ ինձ. վարպետությամբ և հանճարեղությամբ ես ավելի լավն էի, թեև նա կախարդական ձախ ոտք ուներ։ Կակա՞ն. տեխնիկայի և հանճարեղության առումով երկու դեպքում էլ ես ավելի լավն եմ։ Նա պայթյունավտանգ արագացում ուներ, բայց իմ դրիբլինգն ու վերջին փոխանցումն ավելի որակյալ էին։ Նույնը վերաբերում է Բատիստուտային և Դեմբելեին։

Ինչ վերաբերում է Լամին Յամալին՝ նա շատ ուժեղ է, խաղում է այլ դիրքում, բայց ես ինձ չափազանց շատ էի սիրում. իմ բոլոր խենթություններով հանդերձ, առանց նորմալ մարզվելու և մշտապես ավելորդ քաշով, ես խաղացել եմ անհավանական ուժեղ թիմերում»։

Անդրադառնալով իտալական ֆուտբոլի խորհրդանիշներին՝ Ռոբերտո Բաջոյին, Ֆրանչեսկո Տոտիին և Ալեսանդրո Դել Պիեռոյին՝ Կասանոն կրկին նախապատվությունը տվել է իրեն.

«Ռոբերտո Բաջոն փայլուն անցկացրեց ԱԱ-1994-ը, բայց ի տարբերություն ինձ, մեծ ակումբներում քիչ բանի հասավ։ «Յուվենտուսում» սկզբում վատ չէր, բայց «Ինտերում» և «Միլանում» նրա մոտ չստացվեց, թեև հրաշալի էր խաղում «Բոլոնիայում» և «Բրեշիայում»։ Նա ավելի շատ գոլեր էր խփում, բայց վերջին փոխանցման և հանճարեղության տեսանկյունից ես նախընտրում եմ ինձ։

Տոտիի հետ համեմատած՝ ես ավելի հանճարեղ եմ, թեև նա ֆիզիկապես ավելի լավ էր պատրաստված։ Եթե կարողանայի նորից ծնվել, կընտրեի լինել Կասանոն, ոչ թե Տոտին։

Դել Պիեռոյի հետ ինձ համեմատել են ողջ կյանքիս ընթացքում։ Ես նրանից լավն էի շատ առումներով՝ դրիբլինգով, ֆիզիկական ուժով, երկրորդ հարկում խաղով և ավելի լավ էի կատարում վերջին փոխանցումը։ Նրա խաղի մեջ ավելի շատ կայունություն կար, բայց պակասում էր հանճարեղությունն ու սեփական դեմքը, թեև նա, անկասկած, թոփ-ֆուտբոլիստ է»,- եզրափակել է Կասանոն։

 
 
bottom of page